Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան       Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է    

07 հուլ 2020 13:34

«Այդ ժամանակ հայերը կդառնան թիվ 1 ազգը»․հայերն իրոք ուրախանում են, երազելով «ազգի փեսային» տեսնել ԱՄՆ նախագահի պաշտոնում

Քանյե Ուեսթի աջակցողների թվում առնվազն երեք միլիարդատեր կա, սակայն ամբողջ աշխարհն այդպես էլ չի հասկացել՝ արդյո՞ք ռեփ-երգիչը լուրջ է տրամադրված․․․


«Եթե որոշեմ նախագահի թեկնածություն դնել, ապա չկասկածեք՝ հարյուր տոկոս կդառնամ նախագահ»,-ասում էր Քանյե Ուեսթը 2018թ-ին՝ Power 2 ռադիոյին տված հարցազրույցում։ Հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրը, մոլորակի ամենահարուստ հայուհու՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը իսկական ռումբ պայթեցրեց՝ Twitter-ում հայտնելով, որ որոշել է պայքարել նախագահի պաշտոնի համար՝ 2020թ․-ի ընտրություններում։

«Եկել է ժամանակը, երբ մենք պետք է իրականացնենք Ամերիկայի երազանքները, վստահելով Աստծուն, միավորելով մեր տեսլականները և կառուցելով մեր ապագան։ Ես առաջադրվում եմ որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու»,- գրել է Ուեսթը՝ ավելացնելով #2020VISION հեշթեգը։
Թվիթն ավելի քան մեկ միլիոն հավանում հավաքեց և բուռն քննարկումների ու վեճերի առիթ դարձավ համացանցում։ Ցանցի թրենդերում հայտնվեցին ոչ միայն «Քանյե», «Յիզզի»(արտիստի մականուններից մեկը), այլ նաև «Քարդաշյաններ», «Քիմ՝ առաջին տիկին» և «Իլոն Մասկ» բառերը։


Իսկ լրագրողներն իսկույն ևեթ գործի անցան․ սկսեցի ստուգել թեկնածուների անունները դաշնային ցուցակներում. պարզվեց՝ այնտեղ իրոք գրանցված է «Քանյե Դիզ Նաթս Ուեսթը», որը ներկայացնում է Կանաչների կուսակցությունը և որի հաշվին 0 դոլար է։ Գրանցումը թվագրված է 2015-ով։


Դրան հաջորդեցին խոսակցությունները, որ Քանյեն ընտրություններում իր մասնակցության մասին կատակել է՝ այդ կերպ ուշադրություն հրավիրելով իր նոր ալբոմի և GAP բրենդի հետ ֆեյշըն-համագործակցության վրա։ Սակայն բոլորովին վերջերս՝ հունիսին, Ուեսթը 2 միլիոն դոլար նվիրաբերեց ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհված երեք սևամորթների՝ Ջորջ Ֆլոյդի, Ահմադ Հարբըրիի և Բրիաննա Թեյլորի ընտանիքներին։ Ուեսթը Black Lives Matter շարժման առաջնորդներից է և հասցրել է գրավել երիտասարդների սրտերը։ Եվ ուրեմն՝ ո՞վ է «հայերի փեսայի» կողմից, ո՞վ է դեմ և ո՞վ է ծաղրում նրան։

Ո՞վ է կողմ (սփոյլեր՝ մի խումբ միլիարդատերեր)

Հրապարակումից մի քանի րոպե անց Քանյեի կինը՝ Քիմ Քարդաշյանը, տարածեց ամուսնու թվիթը՝ կցելով Ամերիկայի դրոշը։


​Նա ամուսնու գրառումը տարածեց նաև Instagram-ում։ 2015թ․-ին հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսին տված հարցազրույցում Քարդաշյանը կես կատակ կես լուրջ հայտարարել էր, որ հավատում է, որ Քանյեն կարող է ԱՄՆ նախագահ դառնալ։
«Նա ցանկացած գործի մեջ ցնցող էներգիա է դնում։ Ես գիտեմ, որ եթե նա որոշի որևէ բանով զբաղվել, կհասնի կատարելության։ Ես ցանկացած հարցում աջակցում եմ նրան»,-ասել էր Քարդաշյանը։


Քանյեին աջակցող երկրորդ միլիարդատերը Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր և ԱՄՆ-ում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ Իլոն Մասկն է։ Twitter-ում Քանյեի գրառման տակ նա գրել է․ «Ես լիովին աջակցում եմ քեզ»։ Եվ, երբ օգտատերերից մեկը մեկնաբանել է․ «Ահ, ուրեմն ահա թե ինչու կարող էր այս ամենը սկսվել», Մասկը պատասխանել է․ «Հնարավոր է, որ ամեն ինչ արդեն իսկ սկսվել է»։


​Հետաքրքիր է, որ դրանից մի քանի օր առաջ՝ հուլիսի 1-ին, Քանյեն Մասկի հետ լուսանկար էր հրապարակել, մակագրելով․ «Երբ ընկերոջդ տուն ես գնում, ու երկուսդ էլ նարինջ եք գրում»։


Գուցե հենց այդ ժամանա՞կ են Մասկն ու Ուեսթը պայմանավորվել վերջինիս նախագահության մասին, թե՞ պարզապես չափից շատ են հարբել։


Ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր, «Դալլաս Մավերիքս» բասկետբոլային թիմի և HD Net ընկերության սեփականատեր Մարկ Կյուբանը, որի կարողությունը գնահատվում է 2,3 միլիարդ դոլար, նույնպես աջակցություն է հայտնել Ուեսթին։ «Եթե ես ստիպված եմ լինելու ընտրել Դոնալդ Թրամփի, Ջո Բայդենի և Քանյե Ուեսթի միջև, ես կընտրեմ Ուեսթին»,-գրել է նա Twitter-ում։


Ամերիկացի ֆուտբոլիստ Դեմոն Բրայանտը գրել է, որ թքած ունի, թե ով ինչ կմտածի, ինքը քվեարկելու է Քանյեի օգտին։


Ո՞վ է դեմ և ո՞վ է ծաղրում (սփոյլեր՝ այս շարքում Սպիտակ տունն է)

Դերասանուհիներ Փերիս Հիլթոնը, Թիֆանի Հեդդիշը և Օկտավիա Սփենսերը (վերջին երկուսը սևամորթներ են) ծաղրել էն ռեփերի որոշումը, յուրաքանչյուրն իր ձևով։ Փերիսը կարճ թիզեր է հրապարակել «Փերիս՝ նախագահ» վերնագրով, որտեղ Սպիտակ տունը վարդագույն է ներկված։

Հեդդիշը բառ առ բառ կրկնօրինակել է Քանյեի գրառումը, իսկ Սփենսերը խիստ սաստել է Ուեսթին։


Քանյեն Թրամփի նախագի՞ծն է

Համացանցի օգտատերերի մեծամասնությունը չի հավատում ռեփերի անկեղծությանը և համարում է, որ նա իր թեկնածությունը դնում է միայն աֆրոամերիկացիների և երիտասարդների ձայները Բայդենից գողանալու համար՝ այդպիսով օգնելով, որ Թրամփը հաղթի։


Նրանք հիշում են, թե ինչպես էր Քանյեն Թրամփի հետ հանդիպման գնացել կարմիր կեպիով, որի վրա Թրամփի նշանաբանն էր՝ «Ամերիկան նորից հզոր դարձնենք», թե ինչպես էր 2019-ին GQ ամսագրին տված հարցազրույցում ասել, որ 2020-ին քվեարկելու է Թրամփի օգտին, և իհարկե՝ հիշեցրել են նրան Քիմի և ԱՄՆ նախագահի ընկերության մասին։ Անցած տարի Քիմին անգամ հաջողվել է Ներկայացուցիչների Պալատին համոզել ընդունել Հայոց Ցեղասպանությունը։


Ամերիկացի պահպանողական քաղակտիվիստ և մեկնաբան Coreco Ja’Quan Pearson-ը գրում է․


«Եթե Քանյեն իրոք առաջադրվի 2020 թ․-ին (ինչին կասկածում եմ), նա պարզապես կգողանա Բայդենի ձայները։ Երիտասարդներն առանց այդ էլ Բայդենի համար չեն գժվում, բացի դա՝ Քանյեն կգողանա «սևամորթների ձայները»։


Լրագրող Մարկ Կապուտոն վստահ է, որ Քանյեն Թրամփի նախագիծն է։

«Սկզբում նա աջակցում էր Թրամփին, հիմա մրցելո՞ւ է նրա հետ։ Ոչ, նա պարզապես կտանի Բայդենի ձայները, որպեսզի Թրամփը հաղթի»,- գրում է նա։

Մեմերը


Համացանցում 43-ամյա ռեփերի առաջադրման շուրջ հիմնականում հումորային գրառումներ են։ Օգտատերերը գրում են, որ եթե Քանյեն ԱՄՆ նախագահ դառնա, Սպիտակ տունը կնմանվի Adidas սպորտային կոշիկների տուփի (Ուեսթը սպորտային կոշիկների երկրպագու է, նա ունի սեփական Yeezy ապրանքանիշը, որի շրջանակում անգամ «Արարատ» կոչվող կեդեր է թողարկել)։

Թվիթերցիները նաև պատկերացնում են, թե Քիմը ինչպիսի ռեալթի-շոու կարող է նկարել Սպիտակ տանը։ «Քիմը՝ տանը» 2020-ի ամենավառ շոուն կդառնա», գրում են նրանք։


Եվ իհարկե՝ բազմաթիվ կատակներ կան «Ահավոր 2020»-ի թեմայով։

«Սկզբում հրդեհները, հետո կորոնավիրուսը, իսկ հետո Քանյեն որոշեց դառնալ ԱՄՆ նախագահ։ Տարին չի կարող ավելի վատը լինել»,- կատակում են համացանցում։

Ֆեյսբուքի հայկական տիրույթի օգտատերերը ևս անմասն չեն մնացել։ Ի տարբերություն ամերիկացիների՝ հայերն իրոք ուրախանում են, երազելով «ազգի փեսային» տեսնել ԱՄՆ նախագահի պաշտոնում, իսկ սիրելի Քիմին՝ առաջին տիկնոջ դերում։ Ո՞վ գիտի, գուցե Ամերիկան վերջապես Ցեղասպանությունն էլ ճանաչի, իսկ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահը վերջապես իրերն իրենց անուններով կոչի, ոչ թե «ջարդեր», ինչպես դա անում էին Օբաման, Թրամփը, Քլինթոնը և Բուշը։

«Երբ Քիմը առաջին տիկին դառնա, հայերը կդառնան առաջին ազգը, գրազ եմ գալիս»,-գրում են հայ օգտատերերը։


Իսկ քաղաքագետ Հակոբ Բադալյանն առաջարկում է վաճառել Կարապի լճի ջուրը։

«Գովազդային արշավ է պետք սկսել՝ «թրջվիր Կարապի լճում և դարձիր քո երկրի նախագահը»: Կարապի լիճն էդ դեպքում պետք է դարձնել համաշխարհային քաղաքական ուխտատեղի»,-գրել է Բադալյանը՝ ակնարկելով Քանյեի իմպրովիզացիոն համերգը, որի ընթացքում ռեփերը ցատկեց ուղիղ ջրի մեջ՝ հիացնելով հանդիսատեսին։

Քանյե Ուեսթը աշխարհահռչակ հիփ-հոփ կատարող է, դիզայներ, կոմպոզիտոր, պրոդյուսեր։ 2014թ․-ին նա ամուսնացել է Քիմ Քարդաշյանի հետ, զույգը 4 երեխա է դաստիարակում։ 2015թ․-ի ապրիլին Քանյեն միացավ Քիմին՝ վերջինիս պատմական հայրենիք այցելության ժամանակ։ Ուեսթը այցելեց Գառնի, Գյումրի և անգամ անվճար համերգ տվեց հայ երիտասարդների համար Երևանի սրտում՝ Կարապի լճի մոտ։

armeniasputnik.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր