Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

21 հուլ 2020 10:37

Վարակը շարունակվում է տարածվել նախկինի պես.իրավիճակը մնում է ծայրահեղ, դրան էլ տնտեսական խնդիրներն են գումարվում.«Փաստ»

«Ներկայումս ամբողջ աշխարհում ճգնաժամային իրավիճակը շարունակվում է: Իհարկե, արդեն կան երկրներ, որոնք հետհամաճարակային վերականգնման փուլում են։ Սակայն Հայաստանը շարունակում է մնալ այն պետությունների ցանկում, որտեղ գնալով ավելի է բարդանում իրավիճակը։


Համաճարակի տեմպերի նվազում մեզանում չի նկատվում, վարակը շարունակվում է տարածվել նախկինի պես։ Ամեն օր մի քանի հարյուր մարդ վարակվում է, ավելի ստույգ՝ մի քանի հարյուր վարակակիր է հայտնաբերվում, ցավոք ավելանում է նաև մահերի քանակը։ Տեսանելի չէ, թե իշխանություններն ինչ լուծումներ են առաջարկում, որպեսզի հնարավոր լինի զսպել վարակի տարածման տեմպը։


Այն տպավորությունն է ստեղծվում, թե ամեն ինչ թողնված է ինքնահոսի՝ բավարար համարելով այն, որ քաղաքացիները պետք է պահպանեն հակահամաճարակային կանոնները։ Ճիշտ է՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ընդհարումները հանրության ողջ էներգիան կլանեցին իրենց վրա, բայց համաճարակային իրավիճակը Հայաստանի համար, ինչպես տեսնում ենք, մնում է ծայրահեղ։ 


Համավարակի ստեղծած տնտեսական դժվարություններին էլ գումարվում են նոր հարցեր, որոնցից առաջնահերթը գազի գնի թեման է։ Չնայած քաղաքացիների համար գազի գինը չի բարձրանում, սակայն կապույտ վառելիքը հուլիսի 19-ից թանկացավ խոշոր սպառողների, ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների համար։ 


Իսկ սա նշանակում է, որ գազի թանկացմանը զուգահեռ աճելու են խոշոր սպառողների, ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների արտադրած ապրանքների գները։ Բացառված չէ, որ արտադրողները, որպես իրավիճակի լուծում, ստիպված լինեն գնալ այնպիսի ցավոտ քայլերի, ինչպես, օրինակ՝ աշխատակիցների կրճատումն է կամ բիզնեսի օպտիմալացումը։


Գազի գնի բարձրացումը սպառնում է նոր գնաճային ֆոն ստեղծել, և հիմնական ծանրությունն այս անգամ ևս ընկնելու է սպառողների վրա, սակայն նրանց եկամուտները կտրուկ նվազել են, և նրանք այս իրավիճակում ի վիճակի չեն նույնիսկ փոքր-ինչ թանկ վճարել։ 


Թե կառավարությունն ինչպես է կարողանալու մեղմել գազի գնի թանկացման գնաճային ճնշումն ու մյուս բացասական հետևանքները, դեռևս դժվար է կանխատեսել։


 Բացի այդ, ընթացքում կարող են գյուղացիների և արտահանողների համար նոր խնդիրներ ի հայտ գալ, որոնք կարող են լինել չնախատեսված և անակնկալ։ 


Այդպիսի իրավիճակ առաջացավ, երբ Ռուսաստանի տարբեր քաղաքների, մասնավորապես՝ Մոսկվայի գյուղմթերքի շուկայում Ռուսաստանի ադրբեջանցիները ամեն կերպ խոչընդոտեցին, որպեսզի հայերը ՌԴ տեղափոխած գյուղմթերքը չկարողանային իրացնել ռուսաստանյան շուկաներում:


Իհարկե, հայ գործարարները փորձեցին հայկական գյուղմթերքի խնդրի համար այլընտրանքային լուծումներ գտնել, բայց անհրաժեշտ էր, որ Հայաստանի իշխանություններն ավելի արագ արձագանքեին և խնդրի համար լուծումներ առաջարկեին, որ այլընտրանքային տարբերակների կարիքը չլիներ։ 


Առանց ժամանակ կորցնելու ՀՀ իշխանությունները համապատասխան խողովակներով պետք է Ռուսաստանի իշխանություններին ներկայացնեին, որ հայաստանյան վաճառողների իրավունքները ոտնահարվում են, իսկ ԵԱՏՄ-ի կարգավիճակը նախատեսում է անդամ երկրների տարածքում ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժը։


Այնպես որ, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կոնկրետ խնդիրներով պետք է զբաղվի ու երկիրը դուրս հանի ստեղծված դժվարին իրավիճակից, թե չէ ամեն առիթով նախկիններին կամ ընդդիմությանը մեղադրելով՝ ոչնչի հնարավոր չէ հասնել։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր