Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

28 հուլ 2020 15:15

Թույլ տվե՞ց դատավորը Խաչատուրովին՝ 2 օրով Հայաստանից բացակայելու

Երևանի Ընդհանուր իրավասության դատարանում՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց երկու օրով Խաչատուրովին ՀՀ–ից մեկնելու թույլտվություն տրամադրելու։


«Խաչատուրովը ծնվել է Վրաստանում, նրա ծնողները և եղբայրը հուղարկավորված են այնտեղ։ Նա 2018–ի նոյեմբերի 4-ից գտնվում է Հայաստանում և դրանից հետո չի եղել ծննդավայրում։ Ուստի, միջնորդում ենք, որ նրան երկու օրով ՀՀ պետական սահմանը հատելու թույլտվություն տրվի»,–ասաց Պողոսյանը։


Պաշտպանը նշեց, որ Խաչատուրովի` Հայաստանում չլինելու պատճառով ոչ մի դատական նիստ չի հետաձգվի։ Ավելին, եթե այդ երկու օրերի ընթացքում հրատապ անհրաժեշտություն լինի ՀՀ վերադառնալու, ապա կարող են մի քանի ժամվա ընթացքում ապահովել, որ նա դատարան ներկայանա։


Գործով դատախազներն առարկեցին միջնորդությունը` հայտնելով, որ այս պահին կորոնավիրուսային իրավիճակից ելնելով պարզ չէ` Վրաստանից ՀՀ վերադառնալու խոչընդոտի ռիսկերը։


Ի պատասխան Խաչատուրովի հայտնեց, որ օգոստոսի 1-ից արդեն իսկ Վրաստան մեկնողների համար 14-օրյա ինքնամեկուսացման կարիք չի լինելու։ Ավելին, եթե նման անհրաժեշտություն լինի, ապա այդ մասին կանխավ կճշտեն վրացական կողմից ու նման պահանջի դեպքում Խաչատուրովն ուղղակի չի մեկնի։


Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ հայտնեց, որ ՀՀ–ում պարետի որոշմամբ այս պահին գործում է Հայաստան մուտք գործելուց հետո 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման որոշումը։ «Եթե Խաչատուրովը մեկնի, ապա առկա են ռիսկեր, որ դատական նիստերը կարող են հետաձգվել` հաշվի առնելով Հայաստան վերադառնալուց հետո ինքնամեկուսացման պարտադիր պահանջը։ Ուստի, դատարանն այս պահին նպատակահարմար չի գտնում թույլատրել Խաչատուրովին մեկնել Հայաստանից»,–ասաց Դանիբեկյանը։


Նա հայտնեց նաև, որ պաշտպանը հետագայում կարող են կրկին ներկայացնել նույն միջնորդությունը, երբ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված ավելի որոշակի կլինի իրավիճակը։


Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է դատական նիստին։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր