Իրանը բալիստիկ հրթիռ է արձակել զորավարժությունների ժամանակ. ներգրավվել է նաև «Նուր» արբանյակը
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունների ժամանակ արձակվել է բալիստիկ հրթիռ։ Դրա արձակումը տեղի է ունեցել ստորգետնյա թաքստոցից, որտեղ էլ հիմնականում պահվում են ԻՀՊԿ հրթիռները։ Այս մասին հայտնում է «Գազետան»։
Զորավարժություններն անցկացվում են Հորմուզի նեղուցի շրջանում, որով էլ Արևմուտք է տեղափոխվում արաբական նավթի զգալի մասը։ «Մեծ մարգարե» անունով զորավարժություններին մասնակցում են ԻՀՊԿ ռազմածովային ու օդատիեզերական ուժերը, ինչպես նաև հրթիռային ստորաբաժանումներն ու անօդաչու թռչող սարքեր։
Իրանական կողմը հայտնել է, որ զորավարժություններին ներգրավվել է նաև «Նուր» արբանյակը, որը Իրանի առաջին ու միակ ռազմական արբանյակն է տիեզերքում։ Այն բաց է թողնվել այս տարվա ապրիլին։