Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

19 օգոս 2020 13:33

Եթե քառօրյա պատերազմը երկար տևեր, Հայաստանը կճանաչեր ԼՂՀ անկախությունը. Այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է

Եթե քառօրյա պատերազմը երկար տևեր, Հայաստանը կճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այսօր հրավիրված ասուլիսում, անդրադառնալով, 2016թ-ի ապրիլյան պատերազմից առաջ` 2015 թվականին արված այն հայտարարությանը, որ ՀՀ կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե լինի ռազմական դրություն, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:


«Ես շատ լավ հիշում եմ իմ բոլոր խոստումները և ես չեմ ասել, որ պատերազմի հենց առաջին օրը ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը։Փառք Աստծո, այդ ռազմական գործողությունները տևեցին 4 օր, եթե երկարաձգվեին, ապա մենք անպայման ճանաչելու էինք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև ակնհայտ էր դառնալու, որ մենք հաստատակամ ենք իրագործել մեր այն խոստումը, որ տվել էինք ժողովրդին` այն է, որ ՀՀ ԶՈՒ–ը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր և Հայաստանը ամեն ինչ օգտագործելու է, որպեսզի պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով`հիմա էլ համոզված է, եթե իսկապես լինի լայնածավալ պատերազմ, ապա ՀՀ–ն պարտավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

«Դա չպետք է լինի հարմար առիթ, այլ իրադրությունից բխող արդարացված որոշում։ Քառօրյա պատերազմի հենց առաջին օրը մենք մեր հրամանատարների, զինվորների հաստատակամությամբ արդեն կասեցրել էինք ադրբեջանցիների հարձակումը և ավելորդ շտապողականությունն այդ հարցում կարող էր խոչընդոտել մեր դիվանագիտական հետագա հաջողություններին»,–ասաց ՀՀ երրորդ նախագահը։


Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Սարգսյանը չպահեց խոստումն ու չեղավ Երևան–Ստեփանակերտ առաջին թռիչքի ուղևոր, Սարգսյանը պարզաբանեց,որ առաջին չվերթը չիրականացվեց։


Իսկ թե ինչու չիրականացվեց, Սարգսյանը խոստացավ պատասխանել հաջորդ ասուլիսի շրջանակներում, որի ժամանակ թեման կլինի Ղարաբաղի խնդիրը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ Ապրիլյան պատերազմը սերտ շաղկապված է ԼՂ բանակցային գործընթացի հետ, որը, ցավոք, կա՛մ փակուղի է մտել, կա՛մ էլ ընթանում է ոչ այնպես, ինչպես ինքն է պատկերացնում` դրանով ավելացնելով պատերազմի վտանգը։
«Ապրիլյան քառօրյան շաղկապված է նաև մեր արտաքին քաղաքականության հետ, ուստի իրադարձությունները, որ տեղի են ունենում մեր երկրի շուրջ, չափազանց վտանգավոր են։ Այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է»,–ասաց Սարգսյանը։


Նրա խոսքով` յուրաքանչյուր մարտական գործողություն` լինի երկար, թե կարճ, ճիշտ ուսումնասիրելու կարիք ունի։ Սարգսյանը նշեց` նույնիսկ զորավարժություններից հետո կազմվում է թերությունների և անելիքների ցանկ, որպեսզի հաջորդին ավելի պատրաստ լինեն։


Սարգսյանն ասաց` սա է այսօրվա իր ասուլիսի պատճառը, բացի այդ, նա այնքան էլ վստահ չէ, որ մոտ ապագայում արտակարգ դրությունն ավարտվելու է։











Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր