Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին       Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»    

05 հոկ 2020 12:45

Հնարավորինս լռեցվում են , սակայն պետք է հաշվի առնել այն, որ նրանց միջոցներն ու ուժերը բավականին մեծ են, մեզանից՝ երբեմն մի քանի անգամ շատ

Ստեփանակերտի վրա իրականացվում է հրթիռային հարձակում. կիրառվում է «Սմերչ», «Պոլոնեզ», թուրքական «Կասիրգա», նմանատիպ հեռահար միջոցներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:


Հարցին՝ հնարավոր չէ՞ արդյոք Գյանջայի օդանավակայանի օրինակով լռեցնել այդ կրակակետերը, Հովհաննիսյանը նշեց, որ հնարավորինս լռեցվում են, սակայն պետք է հաշվի առնել այն, որ հակառակորդի միջոցներն ու ուժերը բավականին մեծ են, մեզանից՝ երբեմն մի քանի անգամ շատ:


Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարծես ընդհատակ է անցել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Չեմ կարծում, թե Զաքիր Հասանովը մեծ գլուխ գովալու տեղ ունի, որ ընդհատակում չմնա»:


Ինչ վերաբերում է նրան, որ հաճախ զինվորների հարազատները հրապարակում են վերջիններիս լուսանկարներն ու փնտրում նրանց, ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ սաստիկ ու ինտենսիվ պատերազմ է ընթանում, բուժհիմնարկներն աշխատում են 24 ժամ, առանց հանգստի. «Կարող են լինել բազում նման դեպքեր, որ մարդիկ ուշ հայտնաբերվեն, կամ սխալ տեղեկություններ հաղորդվեն զոհվելու ու վիրավորվելու վերաբերյալ: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ: Մենք փորձում ենք մաքսիմալ սխալներ թույլ չտալ, իսկ թույլ տալու դեպքում էլ արագ շտկել դրանք»:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։


Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:


Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 14 մարդ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր