«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

16 նոյ 2020 10:16

Խաղաղապահ ուժերի տեղակայումը կարող է Մոսկվայի կարճաժամկետ հաղթանակը լինել, հնարավոր է լարվածություն խաղաղապահների պատճառով

Ռուսական խաղաղապահների տեղակայումը խաղաղություն հաստատեց ԼՂ-ում, սակայն բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան։ Ռուսական խաղաղապահ ուժերը մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ՝ զորքեր տեղակայելով ԼՂ տարբեր հատվածներում և հակամարտող կողմերի միջև շփման գծում: Նոյեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ հայտարարության իրականացման գործընթացը քննարկվել է Ռուսաստանի նախագահ Պուտինի՝ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ ունեցած առանձին հեռախոսազրույցների ընթացքում: Կրեմլի հաղորդման համաձայն՝ գոհունակությամբ արձանագրվել է հրադադարի ռեժիմի պահպանումը և շփման գծում հաստատված անդորրը: Կրեմլը տեղեկացրել է նաև, որ նախագահ Ալիևի հետ զրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջինիս ուշադրություն է հրավիրել համաձայնագրով Ադրբեջանին հանձնվող տարածքներում քրիստոնեական եկեղեցիների ու վանքերի առկայության փաստի վրա՝ ընդգծելով այդ սրբատեղիների պահպանման և դրանց բնականոն կյանքի ապահովման կարևորությունը: Բաքուն, ըստ Կրեմլի, ցուցաբերել է խնդրի ընկալում՝ խոստանալով գործել այդ տրամաբանությամբ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։


Վերլուծաբան Ռիչարդ Վեյցը ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը որակում է Մոսկվայի կարճաժամկետ հաղթանակ, որը սակայն իր մեջ պարունակում է Բաքվի և Մոսկվայի միջև որոշակի լարվածության առաջացման վտանգ երկարաժամկետում:


«Այս քայլը խթանում է Ռուսաստանի ազդեցությունը կարճաժամկետ հեռանկարում, բայց երկարաժամկետում առկա են երկու զգուշավոր գործոններ: Առաջինը՝ ռուսական կողմի ուժերն այնտեղ են տեղակայվել առնվազն հինգ տարով, սակայն դուրս բերման դեպքում զինված ընդհարումները կարող են վերսկսվել: Բացի այդ, ռուսական ուժերի տեղակայումը շփման գոտու երկայնքով լարվածություն կարող է առաջացնել Ադրբեջանի հետ, քանի որ դրանց տեղեկայումը բխում է հիմնականում հայկական կողմի շահերից: Այսպիսով կարճաժամկետում դա Ռուսաստանի ձեռք բերումն է, որը ապահովում է խաղաղություն, սակայն երկարաժամկետում կարող են լինել բարդություններ, որոնք ամբողջությամբ դժվար է կանխատեսել»,- ասում է Վեյցը:


Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության իրականացման կարևորությունը Ռուսաստանի համար նաև արտացոլված է ԼՂ հարցի շուրջ Ռուսաստանում միջգերատեսչական կենտրոնի ստեղծման նախաձեռնությամբ, որի մասին տեղեկացրել է Պուտինը ուժային կառույցների, արտգործնախարարության և այլ գերատեսչությունների ղեկավարների հետ խորհրդակցության ընթացքում:


«Տարածաշրջանի բնակիչների առավել հրատապ խնդիրների լուծմանը օգնելու համար անհրաժեշտ է ստեղծել մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն: Դրա աշխատանքը կներառի Ռուսաստանի պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Անվանգության Դաշնային ծառայության և Դաշնության այլ գերատեսչությունների ռեսուրսները», - նշել է Ռուսաստանի նախագահը:


Վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով տեղի ունեցած վերջին զարգացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Մոսկվան ամենաազդեցիկ խաղացողն է այս տարածաշրջանում: Նա, սակայն, ընդգծում է, որ շատ հայերի մոտ առաջացել է հիասթափություն, թե ինչու Ռուսաստանն ավելի շուտ չի դադարեցրել ադրբեջանական հարձակումը:


«Այս ամենի ֆոնին ծագում են հարցեր, թե ինչու Ռուսաստանն այդպես վարվեց, ինչու թույլ տվեց Ադրբեջանին սկսել ռազմական այս գործողությունները, ինչու է Մոսկվան ցույց տալիս, որ, կարծես, համագործակցում է Թուրքիայի հետ: Կան շատ կասկածներ, եթե ոչ դավադրության տեսություններ, որոնք իրականում կարող են որոշակի հիմքեր ունենալ, ըստ որի՝ Ռուսաստանը և Թուրքիան առանձին համաձայնության են եկել, որով Ռուսաստանը և Բաշար ալ-Ասադը գերակայություն ստացան Սիրիայի Իդլիբում` փոխարենը Թուրքիային թույլ տալով ավելի խորը ներթափանցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Եվ մենք դա տեսանք հատուկ մատակարարման միջանցքի տեսքով, որը ստանում է Թուրքիան այս համաձայնագրով»,- ասում է Մայքլ Ռուբինը:


Հիշեցնենք, որ Վաշինգտոնը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող ևս ողջունել է կրակի դադարեցումն ու հրադադարի հաստատումը ԼՂ հակամարտության գոտում: ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչության հայտարարւոթյան մեջ ասված է. «Մենք միշտ ասել ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և մենք խորապես ցավում ենք գրանցված վերջին բռնությունների ու անհարկի մարդկային կորուստների համար, այդ թվում բազմաթիվ խաղաղ բնակիչների շրջանում: Մինչ իրավիճակը շարունակում է զարգանալ, և մենք ավելին ենք իմանում նոյեմբերի 10-ին հայտարարված պայմանավորվածության մասին, պետք է անդրադառնանք միջազգային հանրության և ԵԱՀԿ-ի դերին թափանցիկ խաղաղության պահպանման գործում»:


Մտահոգություն հայտնելով մարդասիրական ոլորտում ստեղծված իրավիճակի շուրջ՝ ԱՄՆ հորդորել է հակամարտող կողմերին անհապաղ ձեռնարկել հոկտեմբերի 29-ին Ժնևում համաձայնեցված քայլերի իրականացումը և պաշտպանել խաղաղ բնակիչներին ու քաղաքացիական օբյեկտները:


«Մենք կողմերին հորդորում ենք խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բռնության վերսկսմանը, զերծ մնալ բորբոքող հռետորաբանությունից և գործողություններից, օգտվել բռնության դադարեցումից՝ հաստատելով կայուն խաղաղություն»,- ասված է ամերիկյան կողմի հայտարարության մեջ, ուր նաև կոչ է արվում արտաքին ուժերին գործել պատասխանատու և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հրահրել բռնություն կամ ավելի սրել տարածաշրջանային լարվածությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր