Տեսանյութ. Այժմ տարածաշրջանում այլ ռազմաքաղաքական իրավիճակ է, և դեռ պետք է ուսումնասիրել այդ իրավիճակի բոլոր պարամետրերը

«Ցանկանում եմ նշել, որ պատերազմի ընթացքում մենք մշտապես զգացել ենք Ռուսաստանի, ՌԴ նախագահի, վարչապետի աջակցությունը, ձեր անձնական աջակցությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ դրա համար: Հուսով ենք, որ այս ընթացքում կկարողանանք խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ, այդ թվում` անվտանգության ոլորտում, և ոչ միայն անվտանգության, այլև ռազմատեխնիկական համագործակցության»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` այժմ տարածաշրջանում այլ ռազմաքաղաքական իրավիճակ է. այն փոխվել է, և դեռ պետք է ուսումնասիրել այդ իրավիճակի բոլոր պարամետրերը: Փաշինյանը վստահ է` առաջիկայում Հայաստանի և Ռուսաստանի կապերը կշարունակեն խորանալ, փոխգործակցությունը կլինի ավելի սերտ և ավելի ռազմավարական:
Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նշենք, որ այսօր ՌԴ միջգերատեսչական պատվիրակություն է ժամանել Հայաստան։ Պատվիրակության կազմում են Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետներ Ալեքսանդր Նովակը, Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը։