ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

11 դեկ 2020 13:14

Տեսանյութ.Տեսախցիկին ձեռքով արա, դու ադրբեջանցիների տեսադաշտում ես, չզարմանաք, եթե նման կադրեր տարածվեն զորամասերից

Դեկտեմբերի 5-ին հայաստանյան մի քաղաքում՝ օրինակ Կապանում, քաղաքացին գնում է խանութ հաց առնելու։ Հետաքրքրվում է՝ հացը թա՞րմ է։ Վաճառողուհին պատասխանում է՝ առավոտյան են ստացել։

Խանութում ու դրան կից տան բակում տեղադրված տեսախցիկների ֆիքսածը հայտնվում է ադրբեջանցի հաքերների ձեռքում, ապա տարածվում սոցիալական ցանցերում։

Ի դեպ, ադրբեջանցին, որ տարածել է այս տեսանյութը մտահոգություն է հայտնում, որ Հայաստանում ամենուր՝ թե փողոցում, թե խանութում շրջում են առանց դիմակի։
  
Հայաստանում մարդն իր տան խոհանոցում հաց է ուտում, նրան հետևում են Ադրբեջանում, մեկ ուրիշը գնում է օդանավակայան, հետևում են թշնամի երկրում։ Արդյունքում թշնամին շատ հանգիստ կարողանում է տեղորոշել Հայաստանի քաղաքացիներին, հետևել կուտակումներին, ստանալ հասարակական նշանակության օբյեկտների տեղակայման ու այլնի մասին շատ կարևոր ինֆորմացիա, որը ռեալ սպառնալիքներ կարող է պարունակել քաղաքացիների ու ազգային անվտանգության համար։

«Հետախուզության համար ֆանտաստիկ աղբյուր է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասրձագանքելով երևույթին՝ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Օրինակ, պատերազմի ժամանակ թշնամին կարողացել է այդ տեսախցիկների միջոցով հետևել փողոցներում ինչքան մարդ կա, խանութներում հերթեր կա՞ն, թե՞ ոչ, ի՞նչ ապրանքների պակաս կա։

«Եղել են դեպքեր, երբ տների տեսախցիկները կոտրել են ու միացրել են Ադրբեջանի հիմնը՝ վախեցնելով մարդկանց»,-նշեց փորձագետը։

Ադրբեջանցիների թիրախում չհայտնվելու համար տանը, բակում, խանութում, սրճարանում, բանկում, օդանավակայանում տեսախցիկ տեղադրող քաղաքացիները պետք է ուշադիր ու զգոն լինեն։

«Այնպես չէ, որ ադրբեջանցիները շատ ուժեղ հաքերներ են, խնդիրը մեր անուշադրությունն է։ Երբ մարդիկ գնում են տեսախցիկ, խոսքը ինտերնետին կպնող տեսախցիկների մասին է, դրանք ունեն գործարանային մուտքային տվյալներ՝ լոգին և գաղտնաբառ։ Գործարանը սովորաբար գրում է admin, admin կամ նման ստանդարտ մի բան, դա արվում է, որպեսզի հեշտ մուտքի հնարավարություն լինի, կարգավորումները տաս ու դնես քո գաղտնաբառը։ Ցավոք սրտի, մեծամասնությունը գաղտնաբառը չեն փոխում, մնում է admin, admin: Ադրբեջանցիներն էլ օգտվում են տեսախցիկների համար նախատեսված որոնողական համակարգերից, օրինակ փնտրում են կոնկրետ ընկերության արտադրած տեսախցիկներ, որոնք  տեղադրված են Հայաստանում, ցանկը բերում է, ընտրում են, որի գաղտանաբառը փոխված չէ, մուտք են անում, իրենք  դառնում տեսախցիկի տերը»,-մանրամասնեց փորձագետը։

Նման իրավիճակում չհայտնվելու, թշնամուն կարևոր տեղեկություններ չտրամադրելու համար Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ստուգել կարգավորումները, եթե չեն հասկանում, ապա հիշել տեսախցիկը տեղադրողին կամ էլ դիմել Google-ի օգնությանը։

Փորձագետը չի զարմանա, եթե նման կադրեր տարածվեն զորամասերից։

«Անփութությունը մեր բնավորության գծերից է։ Առավել զգոն, ուշադիր, լուրջ լինելու դեպքում կարելի է հասնել նման դեպքերի 95 տոկոսով կրճատման։ Հնարավոր են շատ քիչ դեպքեր, երբ հին տեսախցիկների ծրագրերը հնացած են ու կա խոցելիության հնարավորություն։ Պետք է ստուգել ծրագրային ափդեյթներն ու թարմացրել դրանք»,-ասաց Մարտիրոսյանը։

Բացի տեսանյութերից ադրբեջանցիների օգտատերերը հրապարակում են ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթեր, վարորդական իրավունքի վկայականներ, բժշկական հետազոտությունների պատասխաններ, բանակային քարտեր։

Այս օրերին Երևանում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Wifi-ի կապը եղել է «Ղարաբաղը Ադրբեջանն է» անունով։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, սա մասմաբ պայմանավորված է մոդեմի կարգավորումների բացակայությամբ։

«Բայց այստեղ խնդիրն ավելի բարդ է։ մոդեմների ծրագրային ապահովումը շատ դեպքերում հին է լինում, պետք է մարդը մտնի ինքնուրույն թարմացնի, բայց շատերը չգիտեն, թե ինչպես պետք է անել։ Պատերազմի օրերին դա անում էր պրովայդերը, բայց այս հարցը բարդ է, օրինակ, ի՞նչ պետք է անի միայնակ տնային տնտեսուհին, երբ խլուք չի հանում սարքավորումներից։ Լուծման համար համալիր քայլեր են պետք, քանի որ այլ վտանգներ էլ են հնարավոր։ Օրինակ, մոդեմի մեջ կարող են այնպիսի կարգավորումներ անել, որ մարդիկ հայտնվեն լրիվ ուրիշ կայքում»,-ներկայացրեց նա։

Մարտիրոսյանի խոսքով, խնդրի լուծման գործում պետք է մեծ դերակատորւմ ունենա պետությունը, պետք է պատրաստվեն ու հեռուստաընկերություններով հեռարձակվեն սոցիալական գովազդներ, որոնք մարդկանց կբացատրեն, թե ինչ պետք է անել։

«Խնդիրը կա, պետք է ակտիվորեն աշխատանքներ տարվեն այն կանխելու ու լուծելու համար»,-ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը։

ԱԱԾ-ն, եթե հետաքրքրություն ցուցաբերի այս նյութերը տարածող ադրբեջանցի օգտատիրոջ վերաբերյալ, Panorama.am-ը կարող է տրամադրել նրա էջի հղումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր