Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

07 հուն 2021 16:16

ՀՀ-ն պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, բայց...․ վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությունը:


- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է «Նախիջեւանի միջանցքի» մասին, ասելով, որ այն առաջիկայում անպայման կբացվի՝ հղում անելով նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության վրա: Արդյո՞ք նման միջանցքի բացման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ կան:


- ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա: Հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է եւ այս համատեքստում՝ նաեւ Ադրբեջանի Արեւելյան մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային կապ հաստատելու:


Հայաստանը, իհարկե, հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների Ռուսաստանի Դաշնություն եւ Իրանի Իսլամական Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ: Հետաքրքրված ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական բեռների ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխման հնարավորությամբ, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումներով: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արեւելյան մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ:


Այնուամենայնիվ, այս հարցերի ամբողջական քննարկումը դժվար կլինի առանց նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման, որով նախատեսվում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում: Հայկական կողմը չափազանց կարեւոր է համարում նաեւ ռազմական գործողությունների գոտում որոնողափրկարարական աշխատանքների ծավալների ընդլայնումը: Այս թեմայով Ադրբեջանից հնչող վերջին շրջանի հայտարարությունները տարակուսանքի տեղիք են տալիս եւ կասկածի տակ դնում նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանավորվածությունները կյանքի կոչելու Բաքվի հանձնառությունը: Մինչեւ հիմա Բաքվում պահվող հայ գերիներ կան, բազմաթիվ են վկայությունները նրանց նկատմամբ դաժան եւ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մասին: Կան վկայություններ գերիներին մահապատժի ենթարկելու փաստերի վերաբերյալ եւ այս բոլոր վկայությունները պետք է մանրամասն քննության արժանանան՝ այդ թվում միջազգային ատյաններում:


Միաժամանակ Ադրբեջանում շարունակվում է վերջին տասնամյակում ծավալվող հայատյաց քարոզչությունը: Տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է վերջ դնել սադրիչ գործողություններին եւ հայտարարություններին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր