Հայաստանը հրաժարվեց ՀԱԷԿ-ի համար ռուսական վարկից. պաշտոնյայի պարզաբանումը

Փոխնախարարը, մասնավորապես, հիշեցրեց, որ Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացման համար Ռուսաստանի կառավարության վարկը կազմել է 270 մլն դոլար՝ գումարած 30 մլն դոլարի չափով դրամաշնորհ: «300 մլն դոլար ընդհանուր գումարից հայկական կողմը ծախսել է մոտ 190 մլն: 2019 թվականի դեկտեմբերին լրացել է վարկի օգտագործման ժամկետը, սակայն այն երկարաձգել չի հաջողվել: Նույն պայմաններով ռուսական կողմը վարկեր է տրամադրել նաեւ այլ երկրների, այդ պատճառով եթե մենք երկարաձգում պահանջեինք, ապա այլ երկրներ եւս կպահանջեին»,-վստահեցրեց Վարդանյանը:
Նա նաեւ հայտնեց, որ ռուսական կողմն առաջարկել է երկարաձգել վարկային միջոցների օգտագործման ժամկետը մինչեւ 2021 թվականի վերջ, սակայն պայմանով, որ բոլոր աշխատանքները մինչ այդ ավարտին կհասցվեն: Այնուամենայնիվ, մի շարք կետերով, ինչպես օրինակ՝ հովացման աշտարակի, ենթակայանների եւ դիզել-գեներատորային կայանների վերանորոգում, նշված ժամկետում տեղավորվելն անհնար էր: