Կրեմլը ակնկալում է, որ Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների մանրամասները          Շղթայական ավտովթար Սյունիքի մարզում, բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota» մակնիշի ավտոմեքենաները       Աննա Վարդապետյանը պահանջում է քրեական հետապնդում հարուցել Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ    

20 հուն 2021 12:04

Չի բացառվում՝ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն «խաչաձև կրակի» տակ

Հունվարի 20-ից հետո ԱՄՆ նախագահ կդառնա Ջո Բայդենը և նրա թիմում կներառվեն նախկին ԽՍՀՄ երկրների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն կկարողանա՞, կամ կցանկանա՞ արդյոք Վաշինգտոնը զգալի ուշադրություն դարձնել Կովկասին և Կենտրոնական Ասիայի երկրներին՝ առայժմ բաց հարց է:

Ինքը՝ Բայդենը, դեռևս 1970-ականներից հանդիսանում է ԱՄՆ արտաքին քաղաքական կորիֆեյներից մեկը: Որպես փոխնախագահ, նախկինում նա առաջնային դեր է ունեցել, և անձամբ ծանոթ է արտաքին քաղաքական բոլոր հարցերին: Նրա անձնական ջանքերը հատկապես վրացական հարցերում՝ 2008թ-ից սկսած բավականին ցայտուն են եղել: Սակայն հետագայում, նրա կողմից համակարգվող «վերբեռնման» գործընթացը՝ որի նպատակն էր հարթել ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների կոշտ և սուր անկյունները, որևէ շոշափելի արդյունքներ չի գրանցել:


Ամբողջ աշխարհը և հատկապես մեր տարածաշրջանը շարունակում է արմատական փոփոխությունների ենթարկվել՝ բերելով ավելի շատ ու ավելի մեծ սպառնալիքներ: Ներկայումս միակ գերտերությունը, որն ամենօրյա ռեժիմով շահագրգռված է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կայունությամբ ու կանխատեսելիությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունն է: Այս իրավիճակում, դժվար է ասել, թե հատկապես ինչպիսի՞ դերակատարում կունենա ԱՄՆ-ը, որտեղ Բայդենի վարչակազմի հավանական ներկայացուցիչները հայտնի են ՌԴ նկատմամաբ իրենց՝ մեղմ ասած կոշտ դիրքորոշումներով:


Էնտոնի Բլինկենը, Վենդի Շերմանը, Ուիլյամ Բերնսը, Վիկտորիա Նուլանդը, Անդրեա Սլոատը, Նենսի Մըքէլդաուին անշուշտ մեծ փորձառությամբ գործիչներ են, բայց արագ փոփոխվող աշխարհում ԱՄՆ-ը դերակատարությունը և նրա նկատմամաբ վստահությունը ևս փոխվել է: Այսպես կոչված ժողովրդավարության անվան տակ առաջ մղվող ծրագրերը, տարբեր երկրներում ներքաղաքական վարիացիաները, դրանց արդյունքում ձևավորված քաոսային «կառավարումը»-ը հանգեցրել են տարածաշրջանային բարդ ու պայթյունավտանգ հարաբերությունների:


Կարելի է ենթադրել, որ նոր նախագահի պարագայում ԱՄՆ-ը առնվազն կփորձի ակտիվացնել հարաբերություները Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Հատկապես, որ Թրամփի վարչակազմը շեղվել էր այդ ուղղություններից՝ կենտրոնանալով հիմնականում Չինաստանի, Իրանի, Իսրայելի և Հյուսիսային Կորեայի վրա: Դա առավել ցայտուն երևաց հայ-ադրբեջանական վերջին պատերազմում, որտեղ ԱՄՆ-ը արձագանքը զուտ ձևական և սիմվոլիկ բնույթ ուներ:


Վերջին երեք տարիներին, Հարավային Կովկասում ԱՄՆ միակ ներկայությունը եղել է 2018թ. Բոլթոնի այցելության տեսքով, ով Նիկոլի կառավարությանը խորհուրդ տվեց հրաժարվել պատմական կարծրատիպերից և լուծել ղարաբաղյան հակամարտությունը (բնականաբար՝ ստացվեց ի վնաս Հայաստանի):


Արցախյան պատերազմը սկսվեց ԱՄՆ նախագահական ընտրարշավի ամենաթեժ փուլերում, հետևաբար ԱՄՆ դերակատարությունը զրոյական էր, չհաշված նախագահ Թրամփի և պետքարտուղար Պոմպեոյի մի շարք սպոնտան հայտարարությունները: Իսկ պատերազմի ընթացքում Բայդենի արած մի շարք հայտարարությունները Ադրբեջանի և Թուրքիայի վրա գործնական ազդեցություն ունենալ չէր կարող:


Ներկայումս Ռուսաստանի Դաշնությունը միակ գերտերությունն է, ով ապացուցեց իր անվերապահ ազդեցությունը և դոմինանտ դերը Հարավային Կովկասում: Կհաշտվի՞ արդյոք Բայդենի վարչակազմը այս իրողության հետ, առայժմ դժվար է ասել, սակայն ԵԱՀԿ ՄԽ-ը կրկին վերակենդանացնելու փորձեր ԱՄՆ կողմից կարծում եմ կարվի:


Ակնհայտ է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հասկանալի պատճառներով, իրենց անվտանգային և քաղաքական առաջնահերթություններն այսուհետ կապելու են միայն Ռուսաստանի հետ: ԱՄՆ-ը Հարավային Կովկաս վերադառնալու համար ունի իհարկե Թուրքիայի խաղաքարտը, որի միջոցով Ադրբեջանի վրա կարող է ավելացնել ադեցությունը: Իսկ, որքանո՞վ Էրդողանի Թուրքիան կցանկանա ուղիղ մասնակցություն ունենալ Ռուս-ամերիկյան հակադրություններին, ևս դժվար է ասել:


Հաջորդ հանգամանքը Իրանի հետ 2015-ից ընդհատված միջուկային հարցի շուրջ ԱՄՆ բանակցությունների վերսկսման քայլերը կարող է լինել, որի հեռանկարները նույնպես անկանխատեսելի զարգացումների կարող են բերել տարածաշրջանի համար: Հետևաբար, գոնե տեսանելի ապագայում ԱՄՆ-ի պասիվ քաղաքականությունը Հարավային Կովկասում ամենայն հավանականությամբ չի փոխվի, հատկապես, որ Հարավային Կովկասից ԱՄՆ հեռանալը սկսվել էր դեռևս Օբամայի նախագահության տարիներից:


Մի բան կարծում եմ հստակ է, որ ապագայում Հարավային Կովկասի և Կենտրանական Ասիայի երկրների համար որոշիչ է լինելու ԱՄՆ-ՌԴ և ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների զարգացման դինամիկան:


Դատելով հայտարարություներից՝ ԱՄՆ-ը շարունակում է դիտարկել Չինաստանի դերը որպես սպառնալիք իր տարածաշրջանային գերակայություններին, չնայած որ Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում Պեկինի հետ համագործակցությունը գլոբալ հարցերում: Միևնույն ժամանակ, Բայդենի կողմնակիցները Ռուսաստանը դիտարկում են որպես գլոբալ անվտանգության հարցերում հիմնական մրցակից ու հակառակորդ: Հաշվի առնելով այս հանգամանքը, որ Բայդենի նախագահության տարիներին ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները կարող են ավելի սրվել, չի բացառվում, որ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն «խաչաձև կրակի» տակ:


Միակ երկիրը, որտեղ դեռևս պոտենցիալ հնարավորություն կա ԱՄՆ-ՌԴ համագործակցության համար՝ Վրաստանն է: Իսկ արցախյան վերջին պատերազմը և հետևանքներն առայժմ ցույց են տալիս Հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ի, և ԵՄ-ի հատաքրքրությունների բացակայությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր