Ստեփան Գրիգորյանը զրպարտել է Յուրի Խաչատուրովին, թե ապրիլյանի ժամանակ իր կողմից տարածքներ էին վաճառվել
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը հաղթել է շուրջ երկուսուկես տարի տևած դատական պրոցեսում` ընդդեմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Խաչատուրովի պաշտպան Անահիտ Սարգսյանը։
«Ստեփան Գրիգորյանը 2018-ի հուլիսին Ա1+-ում տված հարցազրույցում զրպարտել էր Յուրի Խաչատուրովին` ասելով, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամին ոչ թե գրավել էր տարածքներ Արցախում, այլ դրանք վաճառվել էին մինչև պատերազմը գեներալիտետի` այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից։ Գրիգորյանը ասել էր նաև, որ իբր հայկական բանակը հնարավորություն է ունեցել վերադարձնել այդ կորցրած տարածքները, բայց Խաչատուրովը թույլ չի տվել, քանի որ այդ հողերը վաճառել էր», – ներկայացրեց գործի նախապատմությունը Սարգսյանը։
Դատարանը մասնակի բավարարել է քաղաքագետի դեմ Յուրի Խաչատուրովի հայցը` զրպարտության մեղադրանքով ` պարտավորեցնելով Գրիգորյանին մամուլի ասուլիս հրավիրել և ընդունել զրպարտության փաստը, սակայն մերժել է որպես փոխհատուցում երկու միլիոն դրամի բռնագանձման պահանջը։
«Դատարանը մերժեց գումարային պահանջը` համարելով, որ հրապարակավ զրպարտության ընդունումը բավարար է։ Իմ վստահորդը դեռ չի որոշել` գումարային պահանջով դիմի վերաքննիչ դատարան, թե ոչ։ Բնականաբար, հարցը գումարը չէ, Խաչատուրովը ասել էր, որ որքան էլ դատարանը բավարարի գումարային պահանջը, այն կուղղվի Զինծառայողների ապահովագրման հիմնադրամին (1000+)։ Ես կարծում եմ` որոշումը բողոքարկելը և նման նախադեպային որոշում ունենալը ճիշտ է», – ասաց Խաչատուրովի պաշտպանը։
Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ է լինելու, եթե քաղաքագետը հրաժարվի մամուլի ասուլիս հրավիրել և հրապարակավ ընդունել զրպարտության փաստը, պաշտպանը ասաց, որ ինչպես ցանկացած դատական ակտի չկատարման դեպքում, գործի է դրվելու ԴԱՀԿ–ն։
«Առաջին անգամ դատական ակտը չկատարելու դեպքում նա կտուգանվի, իսկ տուգանքից հետո էլ չկատարելու դեպքում արդեն կենթարկվի քրեական պատասխանատվության», – ասաց Սարգսյանը։
Նշենք, որ դատարանը բավարարել է Ստեփան Գրիգորյանից հօգուտ Յուրի Խաչատուրովի բռնագանձել 300 հազար դրամ՝ որպես փաստաբանի վարձատրություն։