Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

09 փետ 2021 10:00

Փաշինյանը զարմացրել է թիմակիցներին. հերթական անգամ խմբակցության անունից հայտարարություն է տարածվել, որից ոչ բոլորն են տեղյակ եղել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Իմ քայլը» խմբակցության հավաքից, որին ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ հանդիպումը եղել է Աղվերանում՝ «Բեսթ ռեզորթ Աղվերան» հյուրանոցում: Խմբակցության շատ անդամներ այնտեղ են եղել շաբաթ օրվանից։ Նիկոլ Փաշինյանը Աղվերան է ժամանել կիրակի՝ առավոտյան 10-ին, եւ մնացել մինչեւ երեկո: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա են եղել խմբակցության պատգամավորները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ բացառությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի եւ Մխիթար Հայրապետյանի:

Ուշագրավ է, որ Աղվերանում երկօրյա հանգստի եւ հավաքի համար ֆինանսավորել է Եվրոպայի խորհուրդը՝ պատգամավորներից մեկի նախաձեռնությամբ. հենց նա է հասել ֆինանսավորման։ Եվրոպական ֆինանսավորմամբ «գրանտային ծրագրի» շրջանակներում իշխող խմբակցության շատ անդամներ, որոնք շաբաթ օրը անցկացրել են Աղվերանում, քննարկել են ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երբ հաջորդ օրը՝ կիրակի, վարչապետը միացել է պատգամավորներին, նրան ուղղվել են ամենատարբեր հարցերը՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների մասին:

Հետաքրքիր է, որ երբ բարձրաձայնել են, թե պետք է խորացնել հայ-ռուսական հարաբերությունները, վարչապետը փակագծեր է բացել եւ ասել, թե այդ դեպքում կարող են առաջ քաշվել հարցեր, եւ իրենց առջեւ այնպիսի պայմաններ կարող են դրվել, որոնք չեն կարողանա իրականացնել: «Հարցեր են, որոնք պետք է քննարկենք»,- ասել է Փաշինյանը։

Քննարկման ժամանակ առանձնահատուկ տեղ է տրվել բանակաշինության, Սյունիքի սահմանների վերաբերյալ հարցերին, եւ ներկաները հետաքրքրվել են, թե ինչպես է պաշտպանվելու հայրենիքը կոտրված բանակով։ Եվ, ահա, այս բազմապիսի հարցերից հետո Նիկոլ Փաշինյանն է հարց տվել ներկաներին եւ հետաքրքրվել, թե արդյոք իրենց իշխանությունն այժմ հարգանք վայելում է, թե ոչ:

Եվ այդ հարցից հետո, օրինակ, պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սուրեն Գրիգորյանը եւ այլք հայտարարել են, թե իշխանությունները որեւէ խնդիր չունեն, եւ ավելին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ չկա, եւ կարելի է չգնալ դրան: Ներկաներից միայն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է ասել, թե իրենց ռեստարտ է պետք, եւ արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են: Սակայն այս ամենը եղել է միայն քննարկումների մակարդակով, եւ վերջնական որոշում չի կայացվել:

Եվ, ահա, ուշագրավ է, որ միայն վարչապետի՝ Երեւան վերադառնալուց հետո է հայտնի գրառումը արվել, որ «Իմ քայլը» դեմ է արտահերթ ընտրություններին։ Աղվերանում քննարկմանը ներկաներից շատերը վերջնական որոշման մասին չեն իմացել. հերթական անգամ խմբակցության անունից հայտարարություն է տարածվել, որից ոչ բոլորն են տեղյակ եղել։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ անգամ առաջիկայում էլի պատգամավորական մանդատից հրաժարվողներ լինեն. նրանց անունները առաջիկայում կհրապարակենք՝ նշելով, թե խմբակցությունից ում են լիազորել համոզել պատգամավորներին, որ խմբակցությունից դուրս չգան կամ մանդատը վայր չդնեն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ շատ թեժ իրավիճակ էր խմբակցության պատգամավորների աշխատասենյակներում, եւ շատերը «կուլիսներում» բարձրաձայնում էին, թե արտահերթ ընտրություններն իրոք անհրաժեշտ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր