Դեկտեմբերի 12-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 12-ի համար       Հակոբ Ասլանյանին ստորացրել են ՔՊ նիստում, նոր հեռացրել. «Ժողովուրդ»    

26 փետ 2021 15:14

Նիկո՛լ, այնպես մի արա, որ այս ժողովուրդը գա քո հետևից, էլ քեզ որևէ բունկեր չի փրկելու,չփորձես սպառնալ

«Քաղաքական մեծամասնության պատգամավորները չեն եկել ու չեն մասնակցել ԱԺ խորհրդի նիստին, որից հետո պետք է ռազմական դրությունը հանելու հարցով արտահերթ նիստ գումարվեր։ Նրանք այդ քայլով ևս մեկ անգամ փաստեցին, որ թքած ունեն այս ամենի վրա, մեր երկրում ստեղծված իրավիճակի վրա»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում ասաց շարժման համակարգող խորհրդի անդամ Իշխան Սաղաթելյանը։


Նրա խոսքով, իշխանության այդ վարքագիծն իրենց համար նորություն չէ, ուղղակի մեկ անգամ ևս տեսան ու համոզվեցին։


«Ինչ է կատարվում։ Քաղաքական մեծամասնությունը երկրում հայտարարել է ռազմական դրություն, բայց արդեն 3 ամիս է՝ այդ ռազմական դրությունը գոյություն չունի։ Ժողովրդավարությունից ու ժողովրդի անունից խոսող վարչապետը թաքնվել է ոստիկանության ու ռազմական դրության թիկունքում ու խոսում է ժողովրդի անունից՝ շարունակելով ահաբեկել ժողովրդին»,- նշեց նա։


Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ երեկ Նիկոլ Փաշինյանն իր երթի ընթացքում իրեն «դավաճան» ասած քաղաքացուն ասել էր, թե ոչինչ, քո հետևից էլ կգան։


«Հիմա շատ հստակ ու ուղիղ ուզում եմ ասել՝ Նիկո՛լ, այնպես մի արա, որ այս ժողովուրդը գա քո հետևից, եթե գա, էլ քեզ որևէ բունկեր չի փրկելու։ Չփորձես ՀՀ որևէ քաղաքացու սպառնալ։


Եթե նկատեցիք, այդ սպառնալիքից հետո իր ընտանիքի անդամները և կառավարության որոշ անդամներ ծիծաղում էին։ Նորից եմ ասում՝ չփորձես սպառնալ քաղաքացիներին, և գնալ նրանց հետևից»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։


Նա նշեց, որ իրավիճակը շատ հստակ է. Նիկոլ Փաշինյանը շարունակում է ճնշումները ԳՇ պետի նկատմամբ, որպեսզի հասնի վերջինիս հրաժարականին.


«Բայց բանակն ու ԶՈւ-ն ժողովրդի կողքին են, ժողովուրդն էլ բանակի կողքին է։ Հայ ժողովուրդը մեր բանակի կողքին է»։


Իշխան Սաղաթելյանը նկատեց նաև, որ այս պարագայում շատ կարևոր է նաև ՀՀ նախագահի դիրքորոշումը։


«ԳՇ պետի ազատման դիմումն այս պահին գտնվում է նախագահի սեղանին։ Նա հայտարարել է, որ չի ստորագրելու, բայց դա բավարար չէ։ Չստորագրելուց հետո եռօրյա ժամկետում ԳՇ պետը կհամարվի աշխատանքից ազատված։ Անհրաժեշտ է, որ ՀՀ նախագահը ՍԴ դիմի։ Այս պահին մեր բոլորի գլխավոր պահանջը պետք է լինի դա»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։


Նրա ելույթից հետո հանրահավաքի մասնակիցները Բաղրամյան պողոտայից երթով շարժվեցին դեպի Պռոշյան փողոց՝ կառավարական առանձնատուն։ Նշենք, որ այնտեղ հսկողություն էին իրականացնում հարյուրավոր ոստիկաններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր