Եթե մենք Գորիս-Կապան գլխավոր ճանապարհը փոխում ենք, ապա կամավոր կերպով հանձնում ենք Շուռնուխը և Որոտանը. Մեղրիի քաղաքապետ

«Գորիս-Կապան ճանապարհով անցնելը, իհարկե, տհաճ է, ու բնակիչները ճանապարհին Ադրբեջանի դրոշի տակով են անցնում, և հետագայում շատ խնդիրներ կարող են լինել: Սյունիքի մարզում բացարձակապես անվտանգ չէ, և ամեն բան թողնված է թշնամու բարի կամքի վրա, հիմա ինչպես ցանկանա թշնամին, այդպես էլ կվարվի, միակ վստահություն ներշնչող գործոնը ռուս խաղաղապահներն են»,-ասաց նա:
Մխիթար Զաքարյանը նաև նշեց՝ Տաթևի ճանապարհով բեռնատար մեքենաները չեն կարող երթևեկել, և այդ ճանապարհը գլխավոր դարձնելու դեպքում մի շարք գյուղեր կամավոր կերպով հանձնվում են Ադրբեջանին: Քաղաքապետը նաև հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, որ նրան զգուշացրել են Գորիս-Կապան ճանապարհով չերթևեկելու մասին, քանի որ վտանգներ կան:
«Կա վտանգ, որ Գորիս-Կապան ճանապարհին կարող են մեքենան կանգնեցնել և գերի վերցնել մարդկանց, այս պարագայում Տաթևի ճանապարհով մարդատար մեքենաները կարող են երթևեկել, բայց բեռնատար մեքենաները չեն կարող, քանի որ տեխնիկական հնարավորություններ չկան: Կա նաև այլ վտանգ, եթե Գորիս-Կապան գլխավոր ճանապարհը փոխվի, ապա Շուռնուխ և Որոտան գյուղերը մնում են լուսանցքում, և դուրս է գալիս՝ կամավոր արդեն իսկ հանձնում ենք այդ տարածքները»,-նշեց Մխիթար Զաքարյանը: