Երբեք չենք մոռանա հայկական վայրենությունը և չենք ների, մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը, ուզի Հայաստանը, թե ոչ, եթե չի ցանկանում, մենք դա կլուծենք ուժով

«Երբ Հայաստանում որոշ ռևանշիստական ուժեր բարձրանան այսօր, նրանք պետք է իմանան, որ անհրաժեշտության դեպքում ջախջախիչ հարված կստանան: Մենք չենք կարող թույլ տալ հայկական ֆաշիզմի վերածնունդ: Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանն իր բանակը հասցնի մի վիճակի, որում մեզ համար որևէ սպառնալիք կա: Եթե մենք բացահայտենք հնարավոր սպառնալիքը, մենք անմիջապես կվերացնենք այն: Դա բոլորը պետք է իմանան՝ և՛ Հայաստանը, և՛ նրա կողմնակիցները», - երեքշաբթի ասել է Ալիևը՝ պետական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Ինտերֆաքսը։
Հայաստանին սպառնալուց հետո Ալիևն ասել է, թե այս հարցը Ադրբեջանի պաշտպանության ու ազգային անվտանգության խնդիրն է, բայց միևնույն ժամանակ, պաշտոնական Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ:
«Չնայած Հայաստանը պետական մակարդակով ցեղասպանություն է իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ, և մեր բոլոր պատմական և կրոնական հուշարձանները ոչնչացվել են, մենք պետք է նայենք դեպի ապագան: Մենք, իհարկե, երբեք չենք մոռանա հայկական վայրենությունը: Մենք դա երբեք չենք ների: Միևնույն ժամանակ, մենք պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք մեր շահերը պաշտպանելու համար: Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագա շահերին: Մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը, ուզի Հայաստանը, թե ոչ։ Եթե նա ցանկանա, մենք ավելի հեշտ կլուծենք այս հարցը, եթե չի ցանկանում, մենք դա կլուծենք ուժով», - ասել է Ալիևը:
Նշենք, որ Ալիևի սպառնալիքներին պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ն, ասելով, որ ՀՀ-ն կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։