Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

01 մայիս 2021 10:16

Իշխանությունները, հասկանալով, որ իրենք վերջնական խորտակման ճանապարհին են, փորձելու են օգտվել բոլոր զարտուղի ճանապարհներից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է


Անկախությունից ի վեր Հայաստանում անընդհատ տեղի են ունենում քաղաքական վերադասավորումներ, սակայն ներկայիս իրավիճակը լիովին յուրահատուկ է։ Սակայն երբեք չենք ունեցել այսքան վարկաբեկված, այսքան ստախոս և այսքան ցածր՝ համարյա գետնին հասնող վարկանիշով իշխանություն։ Ընդ որում, ընդամենը երկուսուկես տարվա արդյունքներով: Իսկ ինչո՞ւ այդպես ստացվեց, չէ՞ որ Փաշինյանն իշխանության եկավ էյֆորիայի ազդեցության տակ՝ շատ բարձրագոչ խոստումներով ու բարձր վարկանիշով, սակայն պոպուլիզմի ազդեցությունը երկար չտևեց, իսկ իր ու թիմի ներուժն ու պրոֆեսիոնալիզմի մակարդակը բավարար չեղավ, որպեսզի պետությունը տանի հզորացման ու զարգացման ճանապարհով։


Փաստացի ընդամենը երկուսուկես տարին բավական էր, որ Փաշինյանը ոչ միայն փոշիացնի մարդկանց հույսերը, այլև երկիրը հասցնի աղետի շեմին։ Եվ հիմա մարդկանց աչքի առաջ է, թե ինչպես իշխանությունները կարողացան շարունակաբար փափուկ բարձ դնել հանրության գլխի տակ, մարդկանց մտքերն զբաղեցնել շոուներով և նրանց ուշադրությունը շեղել իրական խնդիրներից։ Այս երեք տարվա ընթացքում այդպես էլ չձևավորվեց ապագայի հետ կապված հստակ տեսլական, որի շուրջ կհամախմբվեր ողջ հասարակությունը, իսկ դրա փոխարեն մենք ապրում էինք անցյալի իրողություններով, երբ քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ այն բանաձևն էր դրված, թե ամեն մի բացասական երևույթ գալիս է նախկիններից՝ սևերից, իսկ դրականը՝ ներկա իշխող ուժից՝ սպիտակներից։


Իսկ ժամանակն աշխատում էր մեր դեմ, հասարակությունն էլ գաղափար անգամ չուներ, թե ինչ վերահաս արհավիրք է սպասվում։ Եվ երբ արհավիրքն անգամ վրա էր հասել, իշխանությունները շարունակում էին հանրությանը մոլորեցնել ու թաքցնել իրականությունը՝ նախապատրաստելով հաղթության: Արդյունքում պարտության ուղտը չոքեց մեր դռանը։ Եվ պատահական չէ, որ իշխանությունների ծայրահեղ ապիկարությունն արդեն լցրել է հանրության համբերության բաժակը, սակայն Փաշինյանը չի ցանկանում ինքնակամ հեռանալ, ձգտում է վերարտադրվել, սակայն քաղաքացիների կողմից սկսել է ստանալ բացահայտ ատելություն։ Սյունիք կատարած այցը բավական էր, որ Փաշինյանը հասկանար հանրային տրամադրությունների իրական պատկերը։ Եվ, ըստ էության, ինչքան ընտրությունները մոտենալու են, հանրությունն իր վերաբերմունքում ավելի զգայուն է դառնալու երկիրը կապիտուլ յացիայի հասցրած իշխանությունների նկատմամբ, որոնց անողնաշարության արդյունքում է, որ հակառակորդի լպիրշությունն արդեն չափ ու սահման չունի, գրեթե ամեն օր սադրանքներ են տեղի ունենում Ադրբեջանի կողմից։




Այդ իսկ պատճառով էլ, բազմաթիվ փորձագետների կարծիքով, արդար ընտրությունների միջոցով իշխանությունների վերարտադրվելու շանսերը զրոյական են, դրա համար էլ, ըստ երևույթին, իշխանությունները հույսեր են կապում, որ ոչ միայն լայն թափով գործի կդնեն վարչական լծակները, այլև կհաջողացնեն կեղծել ընտրությունները։ Դրա համար էլ հարկ է, որ առանցքային օրակարգի հարց դառնա այն, որ իրական ընդդիմադիր քաղաքական միավորներն իրենց մեջ ուժ գտնեն ու, անկախ ունեցած հայացքներից ու գաղափարական տարբերություններից, ջանքերը միավորեն այնպիսի քայլերի հարցում, որոնց միջոցով հնարավոր կլինի կանխել և թույլ չտալ, որ իշխանությունների կողմից կեղծիքներ իրականացվեն։ Բայց այս հարցում մի կարևոր հանգամանք ակնառու է. այստեղ ևս պսևդո ընդդիմադիրները հաշիվ չեն։


Փորձը ցույց է տալիս, որ կեղծ ընդդիմադիր կուսակցություններին անգամ չի հաջողվելու 1 տոկոս հավաքել։ Ուստի նրանց իրական խնդիրն է լինելու քողարկված ձևով աջակցել իշխանություններին, հարվածել իրական ընդդիմադիր մի քանի բևեռներին ու լեգիտիմացնել Նիկոլ Փաշինյանի կեղծիքները։ Այնպես որ, ընտրական գործընթացների ժամանակ իրական ընդդիմությանը մեծ փորձություն է սպասվում, որովհետև իշխանությունները, հասկանալով, որ իրենք վերջնական խորտակման ճանապարհին են, փորձելու են օգտվել բոլոր զարտուղի ճանապարհներից։


Արտակ Գալստյան


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր