Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը. Աբրահամյան          Արթուր Վանեցյանի սկանդալային բացահայտումները.Փաշինյանը հանձնարարել է գաղտնալսել իր թիմակիցներին, կոտրել ֆեյսբուքյան էջերը       «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտները հավաքին չեն մասնակցել    

12 մայիս 2021 11:00

Փաշինյանը պետք է բացատրի, թե ինչպես է անգործություն ցուցաբերել՝ ունենալով հետախուզության հստակ տվյալները մոտալուտ պատերազմի մասին

Երեկ ԱԽ Քարտուղարի պաշտոնը թյուրիմացաբար զբաղեցնող Արմեն Գրիգորյանը, որը հայտնի իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից արված բազմաթիվ անհեթեթ հայտարարություններով, հանդես եկավ հերթական "սենսացիոն" հայտնությամբ, պնդելով, որ անցած տարվա հունիս ամսից ի վեր ՀՀ իշխանությունները հետախուզական տվյալներ են ունեցել սպասվող պատերազմի մասին։
Անկեղծ ասած, հատուկ հետախուզություն պետք չէր ունենալ, որպեսզի անցած տարվա հունիսի տավուշյան դեպքերից հետո հասկանալ, որ թշնամին պատրաստվում է պատերազմի՝ դա արվում էր այնքան ակնհայտ, որ միայն մանկամիտները կարող էին չնկատել ծանր սպառազինությունների տեղափոխումը Թուրքիայից, լայնամասշտաբ համատեղ զորավարժությունները, կտրուկ աճած հայատյաց հռետորաբանությունը, և բանակցային գործընթացի վերջնական ձախողումը։ Նաև, իմաստ չէր լինի անդրադառնալ այս անձի հերթական անհեթեթ խոսքերին, եթե նրա, ու իր վերադասի անգործությունը այդպիսի ծանր հետևանքներ չունենային մեր երկրի և ժողովրդի համար։
Սակայն քանի որ Արմեն Գրիգորյանը հպարտորեն պնդում է, որ իրենց իշխանությունը հունիսից տեղյակ էր սպասվող պատերազմի մասին, և ցանկանում եմ ավելի շատ նրա վերադասին հարցս ուղել՝ եթե իսկապես տեղյակ էիք և չորս ամիս ունեիք, ի՞նչ եք արել այդ ընթացքում պատերազմին առավելագույնս կազմակերպված պատրաստվելու համար։ Մասնավորապես՝

ա) ի՞նչ եք արել պահեստազորը մոբիլիզացնելու և ապագա ռազմական գործողություններին պատրաստելու համար (հիշեցնեմ, որ պահեստազորի մոբիլիզացիան զգալի չափով պատերազմի ընթացքում տապալվել է, և դա արդեն հնարավոր չի թաքցնել)

բ) ի՞նչ եք արել զինամթերքի և հանդերձանքի պաշարները համալրելու նպատակով (հիշեցնեմ, որ կամավորների և պահեստազորայիննների համար հանդերձանքը քրոնիկ չէր բավարարում, իսկ զինամթերքը պատերազմի ժամանակ տեղափոխում էին մի կերպ Հայաստան հասնող, եռապատիկ թանկ արժեցող ինքնաթիռներով)

գ) ի՞նչ եք արել մեր առանցքային սպառազինությունը թշնամուց քողարկելու նպատակով (հիշեցնեմ, որ պատերազմի առաջին իսկ օրը թշնամին շարքից հանեց մեր ՀՕՊ միջոցների 25%-ը, մասնավորապես, խոցելով թանկարժեք С-300 դիվիզիոններից մեկը)

դ) ի՞նչ եք արել լրացուցիչ ամրաշինական կառույցներ և բնագծեր ստեղծելու ուղղությամբ (հիշեցնեմ, որ Ջաբրայիլը գրավելուց հետո թշնամին համարյա անարգել հասավ մինչև ՀՀ սահման, քանի որ ճանապարհին այլևս ոչ մի ամրաշինական բնագիծ և պաշտպանական ենթակառուցվածք չկար)

ե) ի՞նչ եք արել դաշնակից երկրներից լրացուցիչ սպառազինություն ձեռք բերելու համար (հիշեցնեմ, որ ՌԴ-ից մենք սկսեցինք նոր սպառազինություն ստանալ միայն պատերազմի վերջին օրերին, թեև կարող էինք ստանալ նաև պատերազմից առաջ)

զ) ի՞նչ եք արել մեր զինված ուժերի անձնակազմը սպասվող պատերազմի բնույթին լավագույնս պատրաստելու համար (հիշեցնեմ, որ մեր կորուստների գերակշիռ մասը հետևանք է ԱԹՍ-երի և այլ ճշգրիտ խոցող միջոցների հարվածների, որից զորքերը անթույլատրելիորեն վատ էին պատսպարված)

է) և վերջապես, եթե չորս ամիս գիտեիք, որ պատերազմ է գալիս, ի՞նչ եք արել դիվանագիտական միջոցներով այն կանխելու համար (օրինակ, փորձե՞լ եք դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին, կամ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարությանը՝ հրատապ վեհաժողով հրավիրելու նպատակով)

Կարող եմ հարցերս շարունակել, բայց կսահմանափակվեմ այսքանով։ Քանի որ պատերազմը այսպես ապաշնորհ տապալած ուժը հավակնում է ապագա ընտրություններով նորից վերարտադրվել, և համոզել միամիտներին, որ իր հետ դեռ "Ապագա կա", կուզեի, որ այս հարցերը նրանց տրվեն ընտրողների հետ յուրաքանչյուր հանդիպմանը, և այս ուժի պարագլուխը փորձի բացատրել, թե ինչպես կարելի է մեր ապագան նորից վստահել իրեն, եթե դեռ մոտ անցյալում, ունենալով հետախուզության հստակ տվյալները մոտալուտ պատերազմի մասին, նա այսպիսի ակնհայտ անգործություն է ցուցաբերել՝ այն կանխելու կամ գոնե առավելագույնս նրան պատրաստվելու նպատակով, և կանգնեցրել է մեզ բոլորիս այսպիսի ծանր (և որոշ դեպքերում անդառնալի) կորուստների առաջ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր