Հայկական իրավական կենտրոնը հայ գերիների անհետացումների վերաբերյալ նոր գործեր է ներկայացրել ՄԻԵԴ          Տեսանյութ.Շատ անհանգստություն կա, բայց դա իմ ոլորտում չէ. նախագահը`սահմանային իրավիճակի մասին       ԱԳՆ խոսնակը՝Փաշինյանի և Աիևի հանդիպման մասին    

28 մայիս 2021 13:51

Պարզ չէ, թե ինչու այսօր էլ Փաշինյանը չի ճանաչում Ղարաբաղը.նա ՀՀ-ի գլխին այնպիսի մակարդակի պատմական խնդիրներ է բերել, որ նույնիսկ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն միասին վերցրած դրանք չեն կարող մաքրել․ Տրոֆիմչուկ

ՀԱՊԿ-ին ուղղված կոչերն այլևս չեն գործում, և այստեղ խնդիրը Մոսկվան չէ, ինչպես դա թվում է Երևանում ինչ-որ մեկին, խնդիրն այն է, որ ինչպես Ղազախստանը, այնպես էլ Բելառուսը չեն կարող ներքաշվել Ադրբեջանի հետ պատերազմի կամ անգամ առճակատման մեջ: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց տարածաշրջանային և անվտանգային հարցերով ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ադրբեջանական զորքի ՀՀ տարածքում տեղակայումից և այսօր արդեն նրանց կողմից հայ զինծառայողների գերեվարումից հետո եղած ՀՀ իշխանությունների բարձրացրած դժգոհություններին ՀԱՊԿ-ի ոչ արագ արձագանքման հետ կապված։


«Բացի այդ, Մինսկն այժմ ունի այլ կարգի խնդիրներ: Նաև բոլորը լսեցին Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովային, որն ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանի թեման, որպես այդպիսին, չի վերաբերում ղարաբաղյան խնդրին»,– ասաց նա:


Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով, որպես փորձագետ, ինքը չի հասկանում, թե ինչու է ՀԱՊԿ-ն այդքան զոհաբերում իր հեղինակությունը: «Ռազմաքաղաքական կազմակերպությունում չի կարող կողմնակի ֆիզիկական անձ լինել, հակառակ դեպքում նրանք կդադարեն հաշվի առնել և  լուրջ վերաբերվել: Եվ սա այլևս Հայաստանի խորհրդարանում քննարկումների հարց չէ, դա մեր համատեղ պաշտպանության հարցն է, որն ապագայում, և դրանում կասկած չկա, ավելի լուրջ մարտահրավերների ու հարվածների կենթարկվի»,- ասաց նա։


Ըստ նրա՝ չհայտարարված ղարաբաղյան պատերազմը, որը դեռևս պաշտոնական «երրորդ ղարաբաղյան» պատերազմ չէ, շարունակվում է այն պատճառով, որ հետպատերազմյան կարգավորման կարևորագույն մանրամասները նշված չեն նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրում:


«Բացի դրանից, հայ-ադրբեջանական սահմանին հստակություն չկա, և Մոսկվան չի կարող այս հարցը վերցնել իր վրա, քանի որ նման սահմանները որոշվում են հենց այն պետությունների կողմից, որոնք ուղղակիորեն շահագրգռված են դրանում: ԵԱՀԿ Մինսկի խումբը, ասես, ինքն իրեն կտրեց բոլոր գործընթացներից: Հետևաբար, գործընթացը զարգանում է քաոսային ռեժիմով, ուստի զինվորները, ցավոք սրտի, կմահանան ու կվերանան»,- ասաց նա։


Բացի դրանից, ըստ նրա՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ պարզվեց՝ Հայաստանը իրականում չունի իր բանակը, բացառությամբ առանձին զինծառայողների և ստորաբաժանումների: «Եվ սա շատ մեծ «անակնկալ» է ամբողջ հայ հասարակության համար, որն իրականում բախվում է ժողովրդական աշխարհազոր ստեղծելու անհրաժեշտության խնդրին»,- ասաց նա։


Անդրադառնալով նրան, թե ինչ դիրքորոշում Ռուսաստանը կարող է ունենալ վերջին զարգացումների ֆոնին, ռուսաստանցի վերլուծաբանը նշեց՝ իրենց երկիրը, ինչպես միշտ, հավատարիմ է իր դիրքորոշմանը, ավանդույթին և կողմերին կոչ է անելու բոլոր խնդիրները, այդ թվում՝ դեմարկացիայի և դելիմիտացայի, լուծել խաղաղ ճանապարհով՝ դիվանագիտության և բանակցությունների միջոցով:


«Հիմնական խնդիրն այն է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև որ սահմանները պետք է հիմք ընդունվեն: Յուրաքանչյուր կողմն առավելագույնն է ուզում: Եվ սա բնական է: Իրոք, բոլոր նման հակամարտություններում դա տեղի է ունենում, ներառյալ, օրինակ, տաջիկ-ղրղզականի դեպքում: Ռուսաստանը չի կարող սահման գցել որոշակի գյուղերի, բակերի և ծառերի միջև: Նա նաև ի վիճակի չէ ստեղծել հայկական նոր բանակ: Ռուսաստանը Հայաստանին նվիրեց ժամանակակից զենք և անվճար՝ որպես ռազմաքաղաքական դաշնակից, որը չգիտես ինչու չօգտագործվեց, երբ պետք էր: Դեռ ամբողջությամբ պարզ չէ, թե ինչու այսօր էլ Նիկոլ Փաշինյանը չի ճանաչում Ղարաբաղը: Լռության մատնված շատ փաստեր կան, որոնք թույլ չեն տալիս համարժեք գնահատել կատարվածը: Այս հավասարման մեջ չափազանց շատ անհայտներ կան ինձ համար: Բայց այս բոլոր անհայտությունները չեն կարող կապվել Ռուսաստանի հետ»,- ասաց նա։


Ինչ վերաբերում է ռազմագերիներին, կալանավորվածներին և այլն, ապա, ըստ Տրոֆիմչուկի, այս պարագայում էլ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը միանշանակ է. փոխանակման կամ վերադարձի մասին բանակցություններ: «Ոչ ոք չի կարող և չի էլ ուզում պատերազմ թույլ տալ գերեվարված զինվորների պատճառով»,- ասաց նա։


Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է ՀԱՊԿ-ի աշխտանքից և հայտարարել, որ ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հարցով դիմելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Տրոֆիմչուկը նշեց, թե դա վարչապետի պաշտոնակատարի կողմից թեստ էր, որով ցանկանում է ակտիվացնել Ռուսաստանին և նույնիսկ ինչ-որ տեղ վախեցնել նրան:


«Բայց Հայաստանը դեռ ինքնիշխան պետություն է, և իրավունք ունի դիմել ցանկացած մարմնի, կառույցի և միջազգային ինստիտուտի: Եթե Երևանը ցանկանում է դիմել ՄԱԿ-ին, ապա թող դիմի `ինչո՞ւ այդ մասին մեծ տեղեկատվական աղմուկ բարձրացնել: Այնուամենայնիվ, ՄԱԿ-ին ուղղված դիմումը կարող է քիչ բան փոխել, քանի որ Ղարաբաղում քաղաքական դասավորությունն արդեն էապես փոխվել է, այնտեղ ի հայտ են եկել ռուս խաղաղապահներ և շատ այլ նորամուծություններ, որոնք պետք է հաշվի առնեն նույնիսկ ՄԱԿ-ում»,- ասաց նա։


Եթե Փաշինյանը, ըստ նրա, գաղտնի ապավինում է նրան, որ ՄԱԿ-ի հովանու ներքո Ղարաբաղում ռազմական բաղադրիչ կլինի, ապա նա պետք է ուղղակիորեն հայտարարի, որ այլևս չի ցանկանում կապ ունենալ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի խաղաղապահների հետ: «Այսինքն՝ նա այդ ժամանակ ստիպված կլինի շիտակ ասել՝ ես այլևս չեմ ուզում ՀԱՊԿ-ը, ուզում եմ ՆԱՏՕ-ն: Դե, ՄԱԿ-ը նույնպես։ Ի՞նչ անել դրա հետ»,-ասաց նա։


Եթե խոսում ենք, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասին, ապա ըստ Տրոֆիմչուկի, Ռուսաստանը նույնպես այնտեղ է, և Փաշինյանը պետք է իմանա այդ մասին: «Այսպիսով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և պարզապես ՄԱԿ-ը որոշակիորեն տարբերվում են որպես Փաշինյանի կոչի հասցեատերեր: Բայց ամեն դեպքում ՄԱԿ-ին դիմելը Փաշինյանի համար (այս դեպքում ոչ Հայաստանի համար) կնշանակի, որ նա անցել է որոշակի գիծ, որից հետո դժվար թե դիրքերը բարելավվեն: Ես արդեն նշեցի վերը նշված պատճառներով, և ոչ բոլորովին այն պատճառով, որ դա դուր չի գա Մոսկվային: Պարզապես իրերի ընթացքի պատճառով»,- ասաց նա։


Դիտարկմանը, ինչպես իրականում կարող են ընկալվել Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ում, Գրիգորի Տրոֆիմչուկը պատասխանեց՝ ՀԱՊԿ-ը ոչ մի կապ չունի ՄԱԿ-ի հետ, ուստի տեղի ունեցածի վերաբերյալ դիրքորոշումը կձևավորվի կազմակերպության ներսում։


«Սակայն արդեն հիմա ՀԱՊԿ-ը կարող է հասկանալ, որ Փաշինյանի դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ իրականում գործի մեջ քիչ բան է փոխում: Բայց եթե Փաշինյանն անմիջապես դիմեր ՆԱՏՕ-ին, ապա, թերևս, ՀԱՊԿ-ը այլ եզրակացություններ կաներ: Իսկ այսպես, անգամ եթե ՄԱԿ դիմի, ինչպես «Սպորտլոտո»–ի երգում է ասվում, դա ոչ ոք չի արգելում: Փաշինյանը Հայաստանի գլխին այնպիսի մակարդակի պատմական խնդիրներ է բերել, որ նույնիսկ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն միասին վերցրած դրանք չեն կարող մաքրել: Փնտրեք «տղային»: Մի բան հաստատ է. ՀԱՊԿ-ի ներսում, ըստ երեւույթին, նույնիսկ 2018-ի ընթացքում հասկացել են, որ Փաշինյանի գործոնը անվտանգության սպառնալիք է ինչպես բուն Հայաստանի, այնպես էլ ՀԱՊԿ-ի համար»,- ասաց նա:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր