Գերիների թեմայով գնում են տարբեր խոսակցություններ, բանակցություններ, տարբեր նյուանսներ են քննարկվում

«Այն ունի բազմաթիվ շերտեր, բայց ես այս ընթացքում համոզվել եմ մի բանում, որ մենք ինչքան մանրամասն ենք խոսում այս թեմայի մասին, այնքան խնդրի լուծումն ուշանում է: Ես անձամբ ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ ճանապարհներին այդ թեմայով աշխատում եմ: Այս ընթացքում գնում են տարբեր խոսակցություններ, բանակցություններ, տարբեր նյուանսներ են քննարկվում: Ես որևէ կասկած չունեմ, որ մենք այդ խնդիրը լուծելու ենք: Չեմ թաքցնում, որ փորձ է արվում այդ խնդիրը մեր ներքին հարցերի վրա ազդեցություն ունենալու համար օգտագործել: Պետք չի դա ժխտել: Բայց մի բանում պետք է համոզված լինեք, որ արվում է առավելագույնը, և կլինեն կոնկրետ արդյունքներ: Դա ժամանակի հարց է»,- նշեց նա՝ կրկնելով, որ համապատասխան մարմիններին հանձնարարել է՝ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն իր առաջարկը, որ իր որդին՝ Աշոտ Փաշինյանը, պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի դիմաց:
«Իմիջիայլոց, նման քննարկում եղել է հարազատների հետ հանդիպման ժամանակ, մի անգամ նման նախադասություն հնչել է, ասել եմ՝ հավատացած եղեք, եթե ես իմանամ, որ այդ ճանապարհով հարցը կլուծվի, մի րոպե չկասկածեք՝ մենք կգնանք նաև դրան»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, թե սա չպետք է ընկալել հուսահատ քայլ: