Իրավիճակը չափազանց վտանգավոր․ Նիկոլ Փաշինյանի արյունոտ խոստովանությունը․ «168 ժամ»

Մեծ ընտրակեղծարարության պատրաստվելու Նիկոլ Փաշինյանի անթաքույց մղման մասին է խոսում մեկ այլ իրողություն: Նա ամեն ինչ անում է քաղաքացիների մեջ արթնացնելու վրեժի, ատելության, թշնամանքի զգացումները՝ ամենայն հավանականությամբ ու իրավացիորեն կանխատեսելով, որ ընտրությունների կեղծումը հենց այնպես չի անցնելու, ու լինելու են հետընտրական զարգացումներ: Ահա այդ զարգացումներում Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ են ատելությամբ լցված խմբեր, մարդիկ, ովքեր անհրաժեշտ պահին կհայտնվեն անհրաժեշտ վայրում նրա համար անհրաժեշտ գործողություններին մասնակցելու նպատակով: Հենց դրա համար է «սիրո ու հանդուրժողականության» կարգախոսներով իշխանության եկածը հիմա խոսում վրեժի, վենդետաների, ջարդերի ու գնդակահարության մասին:
Նիկոլ Փաշինյանի այսօրվա բոլոր կարգախոսների վերջնանպատակն արյունն է, նա ամեն ինչ անում է արյան լեգիտիմացման ու արյունն իր քաղաքական նպատակներին, իշխանության պահպանմանը ծառայեցնելու համար: ժամանակին, ի ղեպ, նա կեղծել է նաև արյունը հեղափոխության օրերին ներկայանալով ձեռքի արնաշաղախ և նկարված սրտիկով վիրակապով Մոնթեի հայտնի լուսանկարին նմանվելու նպատակով, որը, ինչպես հետագայում էր պարզվելու, էժան քարոզչական հնարք էր: Նա կեղծել էր Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկի փոխարեն հանրահավաքին ներկայացնելով բոլորովին այլ մարդու, որը հանրահավաքի հազարավոր մասնակիցներին կեղծ, հորինված երազ էր պատմում, թե ինչ էր ասել Ռոբերտ Աբաջյանը Փաշինյանի և նրա հեղափոխության մասին...
Ահա այդ արյան կեղծմամբ նաև իշխանության եկած մարդն այսօր անում է ամեն ինչ իրական արյուն հեղելու ու առանց այդ էլ պատերազմի զոհերով արյունոտված իր իշխանությունն ամբողջությամբ արյան մեջ խորտակելու համար:
Իրավիճակն իրականում վտանգավոր է, չափազանց վտանգավոր, և զարգացումները մեծապես կախված են ընտրություններում ֆավորիտ ուժերի վարքագծից, այն սցենարներից, որոնք մշակվել են հետընտրական այս կամ այն զարգացման համար: Նրանց պատասխանատվությունը չափազանց մեծ է, քանի որ իշխանությունը դիմելու է ցանկացած քայլի, սադրելու է ամենատարբեր բախումներ, որոնց մեջ չներքաշվելու համար միայն առաջին դեմքերի կամքը բավարար չէ: Իրավիճակի վտանգավորությունն այն է, որ երկրի կայունության ֆորմալ պատասխանատուն՝ իշխանությունը, հիմա հանդես է գալու որպես անկայունության հիմնական հրահրող: Այլ կերպ ասած՝ արյունահեղության կանխման ֆորմալ պարտականություն ունեցող սուբյեկտը կարող է դառնալ արյունահեղության հեղինակ դրանից բխող բոլոր անկանխատեսելի հետևանքներով: Նիկոլ Փաշինյանն այդ հարցում ևս առաջնորդվելու է կեղծելու մեթոդաբանությամբ հնարավոր արյունահեղությունը փորձելով բարդել ընդդիմախոսների վրա: Նրան երևի թվում է, թե դա նույնքան հեշտ է լինելու, որքան այս քարոզչության ընթացքում իր հանդիպումներին գազելներով, ավտոմեքենաներով և ավտոբուսներով տարվող շրջիկ խմբերի պաշտամունքի էժան ներկայացումների բեմադրումը:
Կեղծ քարոզչական հանդիպումներ կազմակերպելով ու քաղաքացիներին բախումների պատրաստելով՝ Նիկոլ Փաշինյանն իրականում հանդես է գալիս ինքնախոստովանությամբ, որը կախված ընտրությունների ելքից, կարող է կցվել որևէ համարի քրեական գործի «Արյունոտ ինքնախոստովանություն» վերտառությամբ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։