Մինչ օրվա իշխողը «ասֆալտփռիչ», «վզբռնիչ», «թաթիկակտրիչ» գործունեության արանքներում կսկսի գրել «նյու-ջինգըլզը», աշխարհաքաղաքական խաղը փոխվում է.«Իրատես»
«Մինչ օրվա իշխողը` ասֆալտփռիչ, պատծեփիչ, վզբռնիչ, թաթիկակտրիչ գործունեության արանքներում կսկսի գրել իր և «ժողովրդի» «նյու-ջինգըլզը», որի ներքո էլ (կանխատեսենք չերչիլաբար) կարծում ենք` ընտանյոք կպարեն 700-հազարանոց տոնածառի տակ` Ամանորի գիշերը, մենք շատ արագ անդրադառնանք աշխարհաքաղաքական թրենդներին, ամրագրելու` խաղը մասամբ փոխվում է կամ, եթե կուզեք, հասկանալի դառնում ու «զուլալվում»:
Նկատի ունենք Լավրովի ամերիկյան այցը: Ընդ որում, գոնե մեզ համար բավականին դիտարժան փուլում, երբ ավարտվել էր բրատիսլավյան հանդիպումը հակամարտող երկրների նախագահների միջև և ընդունվել նույն Լավրովի արձանագրած` հնգակողմ հայտարարությունը: Բայց` հերթով:
Երկու տարվա ընդհատումով ԱՄՆ մեկնած Լավրովի այցը համարենք եթե ոչ պատմական, ապա` հաստատապես նշանային: Պոմպեոյի հետ նրա ասուլիսը տվեց շատ հարցերի պատասխաններ, ընդ որում ասուլիսի լրջությունը, թիրախավորումները եկան ասելու, որ Մերձավոր Արևելքում Բժեզինսկու մարշալ-պլանի կենսագործումից հետո քիսինջերյան փոխլրացման քաղաքականության ժամն է կարծես գալիս: Հիշեցնենք` Պուտինի «մտերիմ ընկեր» Քիսինջերի աշխարհի միասնականության մոդելը` առավել մասնակցության գաղափարի, այսպես ասած` «երկխոսելու» նյու-գլոբալիստական մոտեցումների վրա է հիմնված:
Այլ կերպ ասած, նրա տեսլականում է ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան եռյակի «կառուցումը», ինչի շուրջ էլ բանակցել են ոչ միայն Լավրովն ու Պոմպեոն, այլև, կարծում ենք, իմպիչմենտի տակ հայտնված Թրամփն ու Լավրովը: Հասկանալի է` Թրամփի համար ձեռքբերում կլինի, եթե կարողանա, այսպես ասած, «միջուկային» նոր պայմանագրի «հայրը» դառնալ այդ երեք երկրների միջև, ինչն էլ նրան կփրկի իմպիչմենտի ճիրաններից (չնայած ասում են` առանձնապես վտանգ էլ չկա), և նա կմտնի պատմության դասագրքերի մեջ: Եթե...
Իհարկե, այս ամենը կարելի էր և դիտարկել գլոբալիստներ-պահպանողականներ համաշխարհային թրենդի «ակունքներում», սակայն բոլորը հավաքենք մեկ ծրարում և արձանագրենք` արտիստիզմի, համաշխարհային վերաբաշխումների այս խաղում Հայաստանը, մեծ հաշվով, ոչ մի դեր, անգամ բեք-վոկալում, չունի:
Ինչ վերաբերում է այս մեծ «աղմուկի» մեջ ղարաբաղյան խնդրին, այն կախված է Իրանի նկատմամբ նույն գլոբալ խաղացողների մոտեցումներից: Ընդ որում, մեծ աշխարհը կարծես դեռ չի կողմնորոշվել կամ չի բացում իր խաղաքարտերը Իրանի հաշվով:
Բոլոր դեպքերում, ինչ է կատարվում այս պահին Հայաստանի և Արցախի շուրջ, Ղարաբաղյան բանակցային «գետնին» վրա: Կարելի էր շատ դաժան լինել և մեկ արձանագրմամբ ավարտել հարցադրումը. երկիրը, որի իշխողը զբաղված է «երգ գրելով»` համաշխարհային այս ամեհի շարժերի մեջ, որևէ հավակնություն, որևէ «փայ» աշխարհի «ճոխ սեղանից» չի կարող ունենալ, բացի ինֆանտիլ, չտեսային` ընտանեկան բարձրաձայնումներից, երկրի ու Ղարաբաղի շուրջ կեղծ օրակարգեր ձևավորելուց:
Հիմա իմաստ ունի՞ անդրադառնալ այս մեծ խաղում հակառակորդ Ադրբեջանի (իսկ Թուրքիայի ու նրա` Հայաստանը, ինչպես Սիրիան, օդային հարվածների ենթարկելու 2016 թ. պլանին անդրադառնալու անհրաժեշտություն ընդհանրապես չկա) այն մորատորիումին, որով վերջինս գծեց իր տեսլականը` հանդեպ երգող, պարող, մուղամի հրավերներ անող Հայաստանի, որը բացառապես բարձրաձայնում է «խաղաղասիրության», ազերի բլոգերին հայոց եկեղեցում «տեղ տալու», բանակը թուլացնելու, Ղարաբաղը ցայս կանգուն պահած նախկին նախագահներին բանտելու, գեներալիտետը իզգոյացնելու, կայացած կուսակցությունները հողանցելու մասին:
Ինչ է վերջապես հայոց իշխողի ուզածը, և ինչի է պատրաստում նա երկու հայկական պետությունները: Դժվար է ասել: Շատ դժվար, որովհետև այդ ամենից բխող առաջին եզրակացությունն անչափ դաժան կարող է լինել:
Եվ այնուհանդերձ, քթի տակ է արտգործնախարարների նոր հանդիպումը` գալիք տարվա սկզբին: Նկատենք` այդ հանդիպումը տեղի կունենա վերը շարադրված` Թրամփ-Լավրով նոր «ասքից» հետո, և շեշտադրումներն այս անգամ բոլորովին այլ և շատ ավելի կոնկրետ կարող են լինել: Պարտադրանքը` նույնպես:
Կենթարկվի՞ այդ պարտադրանքին հայկական կողմը (ադրբեջանական կողմը չի ենթարկվի, դրա համար էլ չենք հարցնում` ելնելով իր ահավոր կոշտացրած դիրքորոշումից):
Ոչ, Հայաստանը նույնպես չի գնա դրան:
Ե՞վ: Եթե պայմանավորվածությունները մեծ աշխարհում պինդ ու կայացած են: Տես` Աբխազիան և Օսիան: Տես` Ղրիմը՝ այդ երկրներում կայացած գունավոր հեղափոխություններից հետո»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: