Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա տուժած          Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մայիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են    

05 հուլ 2021 11:49

Եթե այս «իշխանությունը» պահանջեր, որ ադրբեջանցիները կատարեին նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, ապա մեր քաղաքացիները տանը կլինեին առնվազն մինչև դեկտեմբերի 10-ը

Հայ գերիների վերադարձը Հայաստան հիմնականում արվել է ռուսական կողմի մի քանի միջնորդությունների շնորհիվ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:


Նրա խոսքով՝ մեկ խմբի վերադարձն էլ կազմակերպվել է ամերիկյան և վրացական կողմերի միջնորդությամբ։



«Իսկ եթե մեր երկիրն ունենար սրտացավ իշխանություն, այլ ոչ թե թշնամու առաջ կուչ եկած, ստորաքարշ կապիտուլյանտներ, մենք վաղուց վերադարձրած կլինեինք գերի ընկած մեր քաղաքացիներին: Իսկ 2020 թ. դեկտեմբերին՝ պատերազմի ավարտից հետո, կապիտուլյանտների անփութության պատճառով գերեվարվածներ ընդհանրապես չէին լինի։ Պատերազմի ավարտից գրեթե մեկ ամիս հետո գերեվարվածներ ունենալն ուղղակի մեր իշխանությունների խայտառակ անփութության հետևանք է»,- ասաց Զաքարյանը:



Նրա խոսքով՝ Ադրբեջանն էլ, օգտվելով առիթից, մեր տղաներից ոմանց դատում է որպես ռազմական հանցագործություն կատարած անձանց։


«Պատկերացնում եմ, թե ինչպիսի անասելի ծանր ապրումներ են ունեցել մեր գերեվարված տղաների հարազատները, մինչև նրանց վերադարձը։ Պատկերացնում եմ, թե ինչպիսի ապրումներ ունեն այն ընտանիքները, ում զավակները դեռ շարունակում են մնալ գերության մեջ։ Հավասարապես կիսում եմ այդ ընտանիքների սպասումներն ու դժվարին հոգեվիճակը։ Միևնույն ժամանակ շատ ուրախ եմ այն ընտանիքների համար, ում զավակներին հաջողվել է պատերազմից հետո վերադարձնել տուն»,- ասաց նախկին փոխնախարարը:


Նրա ձևակերպմամբ՝ եթե այս «իշխանություն» կոչվածները պահանջեին, որ ազերները, անհապաղ կատարեին նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջները, ապա մեր քաղաքացիները վաղուց կլինեին իրենց տանը՝ առնվազն մինչև 2020թ. դեկտեմբերի 10-ը։



«Սակայն մեզ մոտ, նույնիսկ պատերազմի ավարտից չորս ամիս հետո Հայաստանի սահմանամերձ տարածքից գերեվարվում են մեր զինծառայողները։ Սա բացարձակ խայտառակություն է»,-ընդգծեց Զաքարյանը:


Դիտարկմանը, թե ինչի դիմաց են վերադարձվել մեր գերիները, թեպետ խոսվում է, որ Ադրբեջանը պատասխանել է հայկական կողմի այն քայլին, որ մենք տրամադրել ենք ականապատ դաշտերի քարտեզները, Զաքարյանը պատասխանեց.


«Ինչպես ասացի, եթե մեր կապիտուլյանտները պահանջեին, որպեսզի Ադրբեջանը կատարի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը, այսինքն՝ բոլոր ռազմագերիների և այլ գերեվարված անձանց փոխանակումը, ապա խնդիրը վաղուց լուծված կլիներ։ Հայաստանը չպետք է դուրս բերեր իր զինուժը Քարվաճառի շրջանից, մինչև որ Ադրբեջանի կողմից գերեվարված, ազգությամբ հայ բոլոր քաղաքացիները չվերադարձվեին Հայաստան»,- ասաց Զաքարյանը:




Նրա խոսքով՝ ադրբեջանցիներն այդ պայմանը կանեին անհապաղ, հատկապես, որ ռուսական խաղաղապահներն արդեն գտնվում էին կապիտուլյանտի ճանկերից փրկված Արցախում։


«Իսկ այսօր սրանք ստիպված են խնդրել միջնորդներին՝ այլ պայմանների դիմաց կատարել փոխանակումներ՝ ըստ Ադրբեջանի պահանջների»,- ասաց նախկին փոխնախարարը:


Արտակ Զաքարյանը վստահ է, որ եթե չլիներ այս իշխանությունը, ապա մեր բոլոր գերիները 7 ամիս առաջ կվերադառնային՝ Ժնևյան կոնվենցիայի ուժով:


«Եթե այս «իշխանություն» կոչվածները չլինեին, պատերազմ ընդհանրապես չէր լինի։ Իսկ եթե գոնե անմիջապես պատերազմից հետո հրաժարական տային, ապա շատ հարցեր բոլորովին այլ կերպ կլուծվեին։ Բոլոր գերիները վաղուց վերադարձված կլինեին, ադրբեջանական զորքերը չէին լինի ՀՀ ինքնիշխան տարածքներում, սահմաններն անհրաժեշտ նվազագույն կահավորում կունենային, Սյունիքի ճանապարհներին թուրքեր չէին լինի, Արցախի կարգավիճակի հարցն արդեն միջազգային օրակարգում կլիներ, ոչ մի ականի քարտեզ չէր փոխանցվի Ադրբեջանին, JPS-ով ՀՀ սահմանները չէին հոշոտվի, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը չէին խոսի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին»,- նշեց Արտակ Զաքարյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր