Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

19 հուլ 2021 16:17

Բռնություն է կիրառվել ոստիկանի նկատմամբ. հարվածներ են հասցրել, ինչի հետևանքով վայր է ընկել, իսկ ուսադիրը պոկվել է

2021թ. հուլիսի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը Արարատի մարզի Լանջազատ համայնքի տարածքում գտնվող հանգստյան գոտում ծառայություն իրականացնելիս՝ ժամը 20.40-ի սահմաններում, նկատել է, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ երկու անձինք թմրանյութ են օգտագործում, և ցանկացել է նրանց բերման ենթարկել, սակայն հարակից տաղավարում գտնվող անձինք խոչընդոտել են բերման ենթարկելու գործընթացը, չեն ենթարկվել օրինական պահանջներին, հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել, իսկ ուսադիրը պոկվել է:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:


Նախնական տվյալներով՝ Լանջազատ համայնքում մի խումբ անձինք մասնակցել են խնջույքի, որի ժամանակ նկատել են, որ ոստիկանները ցանկանում են բերման ենթարկել խնջույքի մասնակիցներից մեկի ընկերոջը: Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ ներկաները խոչընդոտել են ոստիկանների աշխատանքը, որի ընթացքում հայհոյել են ու հարվածներ հասցրել ոստիկաններից մեկին:


Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրած երկու անձանց ինքնությունը: Վերջիններս որպես կասկածյալ հարցաքննվել են՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:


Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը:


Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ, կատարվել են առերես հարցաքննություններ:


Նախաքննությունը շարունակվում է:


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր