Թալիբները դուրս են հանել մեքենայից, ծեծել, գնդակահարել, ապա գլխատել են ռազմական թարգմանչին, որն աշխատել էր ամերիկացի զինվորների համար

Ըստ տեղեկությունների` Պարդիսի վրա հարձակվել են մայրաքաղաք Քաբուլի մերձակայքում: Նրան դուրս են հանել մեքենայից, ծեծել, գնդակահարել, ապա գլխատել:
30-ամյա Պարդիսն ամերիկյան զորքի համար որպես թարգմանիչ է աշխատել տասնվեց ամիս, ապա, անվտանգության նկատառումներից ելնելով, դիմել է ԱՄՆ տեղափոխվելու հնարավորություն ստանալու համար, սակայն մերժվել է:
Իրավիճակն Աֆղանստանում սրվել է ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո: Հուլիսի 22-ին թալիբները հայտարարել են, որ իրենք վերահսկում են Աֆղանստանի սահմանների 90%-ը: Աֆղանստանի իշխանությունները հերքում են դա: Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին հարևան երկրները սկսել են պատրաստվել ռազմական և հումանիտար բնույթի հետևանքներին: Տաջիկստանն անցկացրել է իր պատմության մեջ ամենամեծ ռազմական զորավարժությունները, հաջորդ շաբաթ Ուզբեկստանի և Ռուսաստանի Դաշնության զինվորականները զորավարժություններ կանցկացնեն Աֆղանստանի հետ սահմանի մոտ:


