Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

07 օգոս 2021 12:01

Ինչո՞ւ սահմանապահներ, այլ ոչ թե խաղաղապահներ հայ-ադրբեջանական սահմանին. ի՞նչ անհանգստություններ ունի ռուսական կողմը

svpressa.ru-ն «Երևան-Բաքու. Մոսկվան կհամաձայնի՞ իրականացնել «եղբայրական» հանրապետությունների սահմանների պաշտպանությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանն իր դերն է ունեցել Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործում, որը դժվար է ավարտված համարել, իսկ այժմ նրան առաջարկում են կանգնել երկու նախկին «եղբայրական» հանրապետությունների միջև ընկած սահմանի ողջ երկայնքով: Այդ առաջարկն արել է Նիկոլ Փաշինյանը, և, կարծես թե, Ռուսաստանը «կուլ է տվել խայծը»:


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը արդեն հայտարարել է, որ գործնական աշխատանքներ են տարվում հայ-ադրբեջանական սահմանին ռուս կամ միջազգային դիտորդներ տեղակայելու Փաշինյանի առաջարկի շուրջ: Հարց է ծագում՝ ինչո՞ւ սահմանապահներ, այլ ոչ թե խաղաղապահներ: Այստեղ կան որոշ հանգամանքներ: Սկզբից սկսած՝ 1991 թվականից, ռուս սահմանապահները երբեք էլ դուրս չեն բերվել Հայաստանից: Երևանը, որպես Մոսկվայի ռազմավարական գործընկեր, թուրքական և իրանական հատվածներում իր սահմանների պաշտպանությունը փոխանցել է ռուս սահմանապահներին: Հայաստանն ունի չորս պետական սահման` Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ:


Առաջինը, որը նախկինում վարչական էր, համարվում է համեմատաբար հանգիստ և հիմնականում պաշտպանվում է ճանապարհների ելքերին տեղակայված սահմանային և մաքսային կետերով: Բայց 330 կիլոմետրանոց թուրքական և 45 կիլոմետրանոց իրանական սահմանները գտնվում են ռուս սահմանապահների պաշտպանության ներքո (նրանց շարքերում պայմանագրային զինծառայողների մոտ 40 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են): Ռուսական «կանաչ գլխարկների» ընդհանուր թիվը Հայաստանում մոտ 4,5 հազար մարդ է: Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, որ ավելի քան 900 կիլոմետր երկարության է, ունի հատուկ կարգավիճակ: Նախկինում այնտեղ տեղակայված են եղել Ղարաբաղյան բանակի մարտական ստորաբաժանումներ, որոնք Հայաստանի ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի հետ միասին պահպանել են չճանաչված հանրապետության սահմանները:


Ռուսաստանի սահմանապահների օգտագործումը Լեռնային Ղարաբաղի հայկական մասի արդեն նոր սահմանին ի սկզբանե նախատեսված չի եղել, և հիմա այդ գործառույթը, որպես դիտորդներ, կատարում են ռուս խաղաղապահները: Իսկ Ադրբեջանի և Նախիջևանի հետ հայկական սահմանները պահպանում են իրենք՝ հայերը: Այժմ հավանաբար Ռուսաստանը պատրաստ է ստանձնել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի պահպանման գործառույթը: Ինչպես ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «հարցը քննարկվում է ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ»: Նա միաժամանակ ընդգծել է, որ այդ հարցը պահանջում է քննարկման եռակողմ ձևաչափ, այսինքն, անհրաժեշտ է նաև Բաքվի մասնակցությունը: Երկրներից յուրաքանչյուրն ունի իր պահանջները. Ադրբեջանը պահանջում է ստեղծել, այսպես կոչված, Նախիջևանի միջանցք, որը անցնելու է Հայաստանի տարածքով և կապ է ստեղծելու երկրի «ցամաքային» հատվածի ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Հնարավոր է, որ դա մի տեսակ սակարկության առարկա դառնա ընթացող գործընթացում:


Եվ հենց ռուս սահմանապահներն են ապահովելու ոչ միայն Հայաստանի, այլ նաև այդ միջանցքի անվտանգությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի թաքցնում իր երկրի պահանջները «Արևմտյան Զանգեզուրի» նկատմամբ, որը Հայաստանի ներկայիս Սյունիքի մարզն է: Այս մասին նա խոսել է Մոսկվայում Պուտինի հետ ունեցած վերջին հանդիպման ժամանակ: Նա միաժամանակ ակնարկել է նաև Լեռնային Ղարաբաղի օրինակով տարածքային այդ պահանջի հնարավոր ուժային լուծման մասին:


Նման իրավիճակում էլ Փաշինյանը որպես անվտանգության երաշխիք իր երկրի սահմանների պաշտպանությունը ցանկանում է փոխանցել ռուս սահմանապահներին: Հասկանալի է, որ սահմանային գոտում ռուս սահմանապահների ներկայությունը մեծապես կորոշի երկու պատերազմող կողմերի հաստատված դիրքերը և կամրապնդի ներկայիս ստատուս քվոն: Պատկերավոր ասած, այդ «կարմիր գիծը» թույլ չի տա ապագայում զենքի կիրառմամբ բախումների նախադրյալներ ստեղծել ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմից: Հավանականության մեծ աստիճանով կարելի է պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների ներկայության փաստը կհաստատվի օրենքով:


Այստեղ տեղին է հիշել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի այցը, որն անցյալ տարվա դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանի հրավերով սահմանագծման և սահմանազատման գործընթացին Ռուսաստանի մասնակցության հարցով ժամանել էր Երևան: Միևնույն ժամանակ, նա Երևանում ընդամենը մի քանի ժամ մնալուց հետո անմիջապես թռել էր Բաքու, որտեղ երկար զրույց էր ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ըստ քաղաքագետ Կոնստանտին Սիվկովի, «Բորտնիկովի և Ալիևի բանակցությունների թեմաներից մեկը, ամենայն հավանականությամբ, եղել է Նախիջևանի միջանցքի քննարկումը, հավանական է, որ հենց նույնի մասին է խոսվել Պուտինի հետ Ալիևի վերջին հանդիպման ժամանակ, քանի որ այդ միջանցքը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի համար»: Այստեղ առաջին հերթին կարելի է տեսնել Ռուսաստանի անհանգստությունը Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմակայանի տեղակայման մասին արդեն իսկ փաստացի ընդունված որոշման կապակցությամբ:


Դրա հայտնվելու, ինչպես նաև դեպի ադրբեջանական տարածք, մասնավորապես Ղարաբաղ Սիրիայից մեծ թվով գրոհայինների տեղաշարժով արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական իրավիճակը ողջ Կովկասում: Այդ դեպքում Ադրբեջանը կդառնա տարածաշրջանում Թուրքիայի՝ դեպի ռուսական հյուսիսային Կովկաս հետագա ընդլայնման հարթակ դառնալու ուղղակի սպառնալիք: Փաշինյանը ռուս սահմանապահներին կանչում է Ադրբեջանի հետ սահման հենց իր անվտանգության համար: Եվ Հայաստանը պաշտպանելու է հենց Ռուսաստանը, որը բանակցում է Բաքվի հետ Երևանի անունից, որպեսզի, ինչպես ասվում է ասացվածքում, «և՛ ձերը, և՛ մերը նույն գնի դիմաց իրականացվի»:


«Փաստի» կողմից.- Նախօրեին ՌԴ ԱԳ նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներից Ալեքսանդր Բիկանտովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող տեղակայել իր սահմանապահներին հայ-ադրբեջանական սահմանին, քանի որ առկա է կողմերի միջև վստահության դեֆիցիտ, եւ բացակայում է միջազգային իրավական ձևակերպումը։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր