Տեսանյութ.Լարված վիճակ ԱԺ-ում՝ զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ. Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանին դահլիճից դուրս հրավիրելուց հետո ընդդիմության ներկայացուցիչները սկսեցին դժգոհել այդ որոշումից։ Այսօր խոսնակ Ալեն Սիմոնյանը նրան դուրս էր հրավիրել ԱԺ նիստերի դահլիճից «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունն անելու համար։
Փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ, որում նշեց, որ Ալեն Սիմոնյանը չարաշահել է իր լիազորությունները՝ Աննա Մկրտչյանին դուրս հանելով։
Դրանից հետո Սիմոնյանը նախազգուշացում տվեց «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արմեն Ռուստամյանին ու Ագնես Խամոյանին՝ տեղից խոսելու համար։
«Չես կարա», արձագանքեց Ռուստամյանը, Սիմոնյանն էլ ասաց՝ կարամ։ Դրանից հետո դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը վեր կացավ ու դուրս եկավ դահլիճից, նրան փորձեցին հետևել մի քանի ընդդիմադիրներ ևս, զուգահեռաբար ՔՊ որոշ ներկայացուցիչներ սկսեցին բուռն արձագանքել ամեն ինչին։
«Նարեկին հանգստացրեք հլը, Նարեկ, տեղից չհելնես», - ասաց Սիմոնյանը՝ դիմելով ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանին։
Դրանից հետո տեսնելով որ իրավիճակը պայթյունավտանգ է ու Նարեկը «չի հանգստանում»` Սիմոնյանը ներս հրավիրեց ԱԺ անվտանգության աշխատակիցներին ու կարգադրեց անջատել եթերը։