Նոր վտանգներ են ստեղծում ՀՀ անվտանգության համար. Պակիստանի հայտնվելը չի կարող չմտահոգել ինչպես Հայաստանին, այնպես էլ նրա դաշնակից Ռուսաստանին
![](https://www.tert.am/cache_image/news_images/190/569131_1/f54753c4dc98f4_54753c4dc992f-770x510.jpg)
Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Նա նշեց, որ Հարավային Կովկասում` այստեղ տեղավորված Թուրքիայի շնորհիվ, կարող է նոր խաղացող հայտնվել ի դեմս Պակիստանի։ Հասկանալի է, որ արմատական իսլամիստական ուժի հայտնվելը չի կարող չմտահոգել ինչպես Հայաստանին, այնպես էլ նրա դաշնակից Ռուսաստանին։
Սարգսյանի խոսքով`Կրեմլում այժմ եկել են այն եզրակացության, որ ամեն կերպ պետք է պաշտպանել Հայաստանի տարածքը և ԼՂ այն հատվածը, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Թեպետ, միևնույն ժամանակ Հայաստանի իշխանության հայտարարություններում նույնիսկ ակնարկ չկա ԼՂ–ի անվտանգությունն ապահովելու պատրաստակամության մասին։
Տպավորություն է ստեղծվում, որ Երևանն ուզում է այդ գործառույթը լիովին պատվիրակել ռուսական կողմին։
Քաղաքական գործիչը նաև կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք այժմ փաստորեն անգործ նստած են, պետք է կանգնեցնեն թուրքական էքսպանսիան Հարավային Կովկասում։ Դրա համար նրանց նոր մանդատ է հարկավոր։ Դեմոկրատական կուսակցությունը մտադիր է դիմել ՄԽ համանախագահող երկրների դեսպանատներ` կոչ անելով ընդլայնել միջնորդների մանդատը թուրքական քաղաքական ներխուժումը կանխելու համար։
Սարգսյանը համոզված է, որ եթե այսօր Անկարային չկանգնեցնեն, հետագայում խնդիրներ և գլխացավանք կունենան մի շարք դերակատարներ։ Անհրաժեշտ է ցանկացած միջոցներով կանխել թուրքալեզու երկրների աշխարհաքաղաքական նոր բևեռի ձևավորումը։