Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

16 օգոս 2021 18:17

Արցախը երբեք 1918 թ. հիմնած Ադրբեջանի Մուսավաթական Դեմոկրատական Հանրապետության կազմում չի եղել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արհամարհելով պատմական ճշմարտությունները, իր հայտարարություններում պարբերաբար աղավաղում է իր և հարևան ժողովուրդների պատմությունը, դիտավորյալ կեղծիքներ տարածում, Բաքվի գիտական շրջանակներին ստիպում, որ ամեն ջանք գործադրելով հաստատեն իր սուտը:
 
Նախ՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) մասին:
 
Նա, ինչպես և որոշ երկրների ղեկավարներ, ինչպիսիք են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը, իմանալով ողջ ճշմարտությունը, սակայն ելնելով քաղաքական շահերից, արհամարհելով գիտական անհերքելի ճշմարտությունը, հայտարարում են, «Արցախը ադրբեջանական հող է»: Արցախը դարեր շարունակ Մեծ Հայքի մաս է կազմել: Այն իր երեքհազարամյա պատմության ընթացքում, երբ Մայր Հայաստանը ժամանակավորապես կորցնում էր իր պետականությունը, Արցախը, շուրջ 10 անգամ Հայոց հյուսիս-արևելյան նահանգների՝ Ուտիքի և Փայտակարանի հետ  կազմում էր անկախ կամ կիսանկախ կարգավիճակով պետություն, այդպես պահպանում իր ազգային ինքնությունը, լեզուն, մշակութային արժեքները, տարածքային ամբողջականությունը:

Դրա վառ արտահայտություններից է, երբ 287 թ. Հայոց Խոսրով բ Մեծ թագավորի եղեռական մահից հետո թուլանում է Հայոց երկիրը, Պարսից Սասանյանները հյուսիս-արևելյան երեք նահանգները կցում է իրենց ենթակա Աղվանից մարզին (Ալբանիա), մարզպանությանը զուգահեռ Արցախի Ջրաբերդի երևելի իշխանին՝ Քաջ Վաչականին, թագավոր կարգում: Վաչականյան թագավորությունը գոյություն է ունեցել մինչև 528 թ., պահպանելով ողջ Հայաստանին հատուկ սահմանադրական կանոնները, հայկական ազգային ավանդությունները, ազգային ինքնությունը, տարածքային ամբողջականությունը: 
Արաբական տիրապետության ժամանակ Հայոց Հյուսիս-արևելքում հիմնվում են մի քանի թագավորություններ, որոնք ենթակա էին Անիի թագավորությանը: Բաթու և Մանգու աշխարհակալ խաները ընդունում և ճանաչում էին Արցախի իշխանների իրավունքները:
 
18-րդ դարի սկզբին Արցախ-Ուտիքում հիմնվում է Հայոց Սղնախներ ռազմականացված պետությունը, որը ղեկավարում էին Եսայի Ջալալյան կաթողիկոսը և Ավան զորավարը: Արցախի զինված ուժերը հաջողությամբ ետ էին մղում Օսմանյան թուրքիայի նվաճողական հարձակումները: Ռուսաց Պետրոս Առաջին ցարը, ճանաչելով Հայոց Սղնախները, Իվան Կարապետին որպես հատուկ դեսպան է ուղարկում  Շուշի: Հայոց Սղնախների իրավունքները ճանաչում էին Վրաստանն ու Իրանը:
 
1725 թ.  օգոստոսին օսմանյան 40 հազարանոց բանակը Սարը Մուստաֆա փաշայի գլխավորությամբ շարժվում է դեպի Կասպից ծովի արևելյան ափերը՝ այն գրավելու ռուսներից: Սակայն ճանապարհին Հայոց Սղնախներն են՝ Արցախը: Շուշիի ճակատատամարտը տևում է ութ օր: Օսմանյան բանակը ջախջախիչ պարտություն է կրում և նահանջում Թիֆլիս:
 
1724  թ. Ռուսաց կայսր Պետրոս Առաջինը Արցախի հայերին առաջարկում է տեղափոխվել Կասպից ծովի արևելյան ափերը՝ Դերբենտից մինչև Ռեշտ, վերահիմնել իրենց թագավորությունը: Հայերը հրաժարվում են:
Ուշ միջնադարում Նադիր շահը, գնահատելով արցախցիների ուժը, հայոց մելիքներին ինքնավարություն է տալիս:
 
1752 թ. Պարսից իշխանությունը հիմնում է Շուշիի խանությունը, կառավարիչ նշանակում Խորասանից Փանահ Ալիին, որը հակադրվում է հայ մելիքներին:
 
1918 թ. Շուշիում հայերը հիմնում են Ղարաբաղի կառավարությունը, որի նպատակն էր կազմակերպել հայ բնակչության պաշտպանությունը թուրք-թաթարական հարձակումներից:
1918 թ. Թուրքական  բանակը Գյանջայում հիմնադրսւմ է նոր պետության հիմքերը, որը կոչվում է Ադրբեջան, չնայած այն ոչ մի կապ չունի Արաքսից հարավ իրանական  բուն Ադրբեջան երկրամասի հետ: Նման անվանումը  ռազմավարական  նպատակ ունի. Հարմար պայմաններում միավորել կեղծ և բուն Ադրբեջանները, որն էլ Թուրքիայի համար ճանապարհ կբացի Օսմանյան կայսրության վերականգնման համար՝ ընդգրկելով Միջին Ասիան, նախահայրենի Լեռնային Ալթայը, Սիբիրը, Պովոլժեն:
 
1923 թ. Բոլշևիկյան կուսակցությունը, անտեսելով  Արցախ-Ղարաբաղի 90% հայ բնակչության կարծիքը, Թուրքիայի ճնշման ներքո որոշեց այն ինքնավարության կարգավիճակով հանձնել Ադրբեջանական ԽՍՀ վարչակազմին՝ պատմական Արցախի տարածքի միայն 1/3-ին տալով ինքնավարության իրավունք: Ինքնավարությունից դուրս մնացին Հյուսիսային Արցախը, Քարվաճառը, Քաշաթաղը, Քաշունիքը, Կովսականը, Զանգելանը:
 
Խորհրդային ռեժիմի տարիներին Արցախի հայությունը անընդհատ պայքարել է շինծու վարչական միավորի՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու համար: Սակայն բոլշևիկները Ադրբեջնի միջոցով հեռուն գնացող ծրագիր ունեին. կեղծ և բուն Ադրբեջանների միավորումով Իրանից պոկել ախորժալի կտորը՝ կոմունիզմի գաղափարախոսությունը տարածելու ավելի հարավ:
 
1988 թ. Փետրվարին Արցախի հայությունը ապստամբեց և իրեն դուրս համարեց Խորհրդային Ադրբեջանից: Սակայն Մոսկվան դեմ էր նման փոփոխությանը: Քաղաքակիրթ աշխարհը ևս չընդառաջեց Արցախի հայությանը, քանի որ եվրոպական շատ պետություններ իրենց տարածքում ունեն իրենց տարածքներով բնիկ ժողովուրդներ, որոնք ևս պայքարում են սուվերեն կարգավիճակ ստանալու համար: Արցախի հայությունը ստիպված էր ինքնահռչակել իրենց պետությունը, Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանվելու համար ստեղծել ինքնապաշտպանության ուժեր: Բաքվի վարչակազմը բոլոր կողմերից պաշարման մեջ առավ Արցախի Հանրապետությունը, սակայն իր իսկ ձեռնարկած պատերազմում ջախջախիչ պարտություն կրեց:
 
Ռևանշի մի քանի անհաջող փորձերից հետո քաղաքակիրթ աշխարհի անտարբեր հայացքի առաջ Արցախի դեմ պայքարում Ադրբեջանին միացան նրա կնքահայր Թուրքիան, պատերազմում ընդգրկելով սիրիական ահաբեկիչների խմբերը: Տասնյակ անգամ գերազանցող ուժերով սպանեցին իրենց ապրելու իրավունքը պաշտպանելու ելած հայ մարտիկներին, գրավեցին Արցախի տարածքի 2/3-ը, հայրենի երկրից բռնագաղթի ենթարկեցին հազարավոր մարդկանց:
 
Արդյոք, իրավականորեն Հայոց Արցախը պատկանո՞ւմ է Ադրբեջանին:
 
Արցախը  երբեք 1918 թ. հիմնած Ադրբեջանի Մուսավաթական Դեմոկրատական Հանրապետության կազմում չի եղել: Դա փաստ է: 1990 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց անկախության մասին Հռչակագիրը, իսկ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունեց  որպես Ադրբեջանական Մուսավաթական Դեմոկրատական Հանրապետության (ԱՄԴՀ 1918-1920 թթ.) իրավահաջորդը հանդիսանալու Սահմանադրական ակտը, որտեղ հաշվի չի առնվել, որ Լեռնային Ղարաբաղը (Արցախ) իրավականորեն ու փաստացի ԱՄԴՀ մաս չի կազմել:
 
Ուրեմն՝ Հեյդարի որդի Իլհամը պարտավոր է զսպել իր հոխորտանքները Հայաստանի ու Արցախի հայության համդեպ:
Այժմ Բաքվի սուլթանը, իր թիկունքում կանգնած տեսնելով Թուրքիային՝ Արցախի հայությանը առաջարկում է մշակութային ինքնավարություն, լավ իմանալով, որ Արցախի հայությունը արյունով թաթախված նրա ձեռքից ոչինչ չի վերցնի, քանի որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու: Այո, միացյալ ուժերով տարածքներ են գրավել, սակայն դրանք ստիպված են լինելու ետ վերադարձնել իսկական տերերին:
 
Ադրբեջանում իրենց հայրենի տարածքներում ապրում են լեզգի, ավարցի, թալիշ, այլ բնիկ ժողովուրդներ, որոնք արդեն հարյուր տարի է, ինչ պայքարում են թուրք էթնոսի բռնաճնշումներից ազատվելու համար: 
Ինչ վերաբերում է Շուշի սարահարթին, ապա այդտեղ երեք հազար տարի շարունակ Կարկառն է հանդիսացել ամրացված քաղաքը, որի մասին վկայում են արաբ, պարսից և հայ աղբյուրները,  իսկ Շուշին , ինչպես գրում է Տեր-Մանուել քահանան, սովորական գյուղ էր: Շուշի ամրոցի հիմքը 1715 թ. դրել է Ավան զորավարը: Մելիք Շահնազարը, որը պարսիկ Փանահ Ալիին Շուշի էր հրավիրել, բերդը ամրացնելու համար օգտագործել է Կարկառ բերդաքաղաքի պարսպի քարերը:
Ադրբեջանական բանակը, ելնելով Իլհամի նվաճողական ամբիցիաներից, այսօր նպաստավոր դիրքեր է գրավել ՀՀ սահմանամերձ բարձունքներում, աստիճանաբար ավելացնում է բռնաճնշումները, օգտվելով քաղաքակիրթ աշխարհի  անտարբեր կեցվածքից, ձգտում է զիջումներ կորզել Հայաստանի իշխանություններից:
Թուրքիան օգտագործելով Ադրբեջանը, փորձում է ծավալվել՝ վերակենդանացնելով երբեմնի բռնապետությունը՝ Օսմանյան կայսրությունը: Նրա ճանապարհին Հայաստանի Հանրապետությունն է, Արցախը և Իրանի Ադրբեջան նահանգը:

Ելնելով վերաշարադրյալից, Միջազգային հանրությանը կոչ ենք անում.
· Անտարբեր չմնալ Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների նկատմամբ:
· Օգնել ետ վերադարձնելու 44-օրյա պատերազմում Արցախի Հանրապետությունից Ադրբեջանի բռնազավթած տարածքները, ներառյալ Շուշի բերդաքաղաքը:
· Հայաստանից զավթած սահմանամերձ բարձունքներից դադարեցնել Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ  և ագրեսիվ գործողությունները, զորքերը ետ քաշել ելման դիրքեր:
· Թուրքիային արգելել ռազմական օգնություն ցույց տալ Ադրբեջանին:
· Թուրքիային պատասխանատվության ենթարկել ՀՀ դեմ ահաբեկչական ուժերին օգտագործելու համար:
· Անհապաղ վերադարձնել բոլոր հայ գերիներին և պատանդներին:
· Իլհամ Ալիևին. Դադարեցնել Հայաստանի, Արցախի հանրապետությունների ու Սփյուռքի հայության դեմ ատելության ճոռոմաբանությունը:
 
«ՇՈՒՇԻ»  ՀԻՄՆԱԴԱՄԻ  ՆԱԽԱԳԱՀ
ԲԱԿՈՒՐ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր