Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»          Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար    

25 օգոս 2021 16:21

Պատերազմին մեր ունեցած զոհերի թվի հետ կապված ճշտումներ արեք ու հրապարակեք. Նիկոլ Փաշինյանի կողմից այլ թիվ է հնչել, որտեղ մոտ 200-ի տարբերություն է եղել

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, անվտանգային հարցերով փորձագետ  Տիգրան Աբրահամյանը ԱԺ-ում ունեցած ելույթում խոսելով կառավարության ծրագրի մասին նախ ընդգծեց՝ ծրագրում չկա «Արցախի Հանրապետություն» եզրույթ:


«Դա ձեր քաղաքականությո՞ւնն է, որևէ այլ պայմաններո՞ւմ է դուրս մնացել կառավարության ծրագրից, մտածելակե՞րպ է, թե՞ ինչ է «Հանրապետություն» եզրույթի բացակայությունը և սա այն պայմաններում,  երբ կառավարության ծրագրի բոլոր կետերում նշված է Հայաստանի Հանրապետություն, բայց Արցախի Հանրապետություն նշված չէ»,- ասաց Աբրահամյանը:


Ըստ նրա, կարող են ենթադրել միգուցե սա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի հետ հարաբերություններ չսրելու հետ կապված խնդիր կա:


Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հատվածում, ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամի,  նշվում է, որ կառավարությունը կարգավորումը տեսնում է  ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահության ներքո, ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցմամբ, հայտնի սկզբունքների ու տարրերի, ինքնորոշման  իրավունքի հիման վրա:


«Կառավարության ծրագրում կարգավիճակի հետ կապված ամրագրում կա, բայց միջազգային օրակարգում, հարաբերություններում կարգավիճակի հետ կապված որևէ հարց առաջին պլան բերված չէ:


Կարգավիճակի հարցը արցախցիներին հուզող թիվ մեկ խնդիրն է, այս հարցի չկարգավորումը ցանկացած տիպի սոցիալական, ֆինանսական, տնտեսական ներդրումների պարագայում որևէ խնդիր չի լուծելու:


Եթե մեր, ձեր կառավարության համար առաջնահերթությունն արցախցիների՝ Արցախում ապրելն է և հետագայում  համապատասխան կարգավիճակ ունենալը, ասեմ, որ այս պահին դա ձեր կողմից  առաջնային օրակարգ բերելը որևէ ձևով չի ստացվում»- ասաց Տիգրան Աբրահամյանը:


Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն ունեցել է 3773 զոհ,  ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ մի քանի ֆորմատով նաև հանդիպումներ են ունեցել ՔՊ-ական պատգամավոր,
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, այլ թիվ է հնչեցվել, որն այս պահին չի կարող հրապարակել:


«Ճշտումներ արեք ու դուք հրապարակեք:  Նիկոլ Փաշինյանի կողմից այլ թիվ է հնչել, որտեղ մոտ 200-ի տարբերություն է եղել, այս պարագայում հստակ պարզաբանման կարիք կա»,- ասաց Տ. Աբրահամյանը:


Անդրադառնալով ծրագրի՝ անվտանգության ոլորտում ամրագրված դրույթներին,  նա նշեց, որ որևէ կետ չի տեսել սպաների հետ կապված: Մինչդեռ, ըստ նրա, բանակային անվտանգության ուղղությամբ ցանկացած ռեֆորմ, ցանկացած փոփոխություն հատկապես այս փուլում, երբ  շատ բաներ սկսում են զրոյից, այդ ամեն ինչի հիմքում սպան է:


«Եթե սպայի գործոնը երկրորդ, երրորդ պլան ենք մղում, ապա այդ ռեֆորմները հաջողություն ունենալու որևէ շանս չունեն»,- ընդգծեց անվտանգային հարցերով փորձագետ պատգամավորը:


Նա անդրադարձավ նաև ծրագրում առկա դրույթներից մեկին, որտեղ նշվում է, որ աստիճանաբար գնալու են պրոֆեսիոնալ բանակի կայացմանը, պայմանագրայինների թվի ավելացմանը: Տ. Աբրահամյանի խոսքով, վիճակագրությունն ուսումնասիրելով կտեսնեն, որ վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում պայմանագրայինների  աճ տեղի է ունեցել:


«Ծառայության ժամկետների կրճատման հետ կապված ասեմ, որ ինձ համար առաջին հերթին պետք է հասկանալ դրա  հետ կապված այլընտրանքային նախագծեր եղե՞լ են, թե՞ չեն եղել:
Այս իրավիճակում ռազմաքաղաքական բոլոր սպառնալիքները կարող ենք հաշվարկենք ու դրա հիման վրա գնանք պարտադիր ժամկետային ծառայության կրճատման: Ես դրա հնարավորությունները չեմ տեսնում»,- նշեց պատգամավորը:


Ելույթի վերջում Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ կառավարության ծրագրում  անվտանգության հետ կապված գլխավոր խնդիրը որևէ ձևով արտահայտված չէ. «Ի՞նչ խնդիր է դրված Զինված ուժերի առաջ: Առաջին հայացքից թվում է՝ բոլորի համար  պետք է պարզ լինի, թե ինչ խնդիր է դրված: Ոչ, պարզ չէ: Զինված ուժերը որևէ պայմաններում ապահովելո՞ւ են Արցախի անվտանգությունը, թե՞ ոչ, ԶՈւ-ն խնդիր ունեն արդյո՞ք ոչ էֆեկտիվ բանակցությունների  պայմաններում Արցախում մարտ վարել, խնդիր լուծել, թե՞ ոչ: 


Միայն Զինված ուժերի առջև դրած հստակ խնդիրներից է կախված, թե իրականում ձեր բերած ծրագիրը, գոնե անվտանգության բլոկում, իրենից որևէ արժեք ներկայացում է, թե ոչ:
Ցավում եմ, բայց այս ծրագրում սրա հետ կապված մեծ թվով խնդիրների որևէ պատասխան չեմ տեսնում»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր