Կարո՞ղ է արդյոք գրիպի դեմ պատվաստումն օգնել COVID-19-ի դեմ          Անընդունելի է երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը ռազմաքաղաքական նպատակներով. Փաշինյան       «Հայկական ժամանակ» օրաթերթն այլևս չի տպագրվում. «Հրապարակ»    

14 սեպ 2021 15:44

Ադրբեջանցիները Սյունիքում ստուգում են նաև իրանական ավտոբուսները. նկատվում է ադրբեջանցի սահմանապահների կուտակում. Գորիսի փոխքաղաքապետ

Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանցի ոստիկաններն ու սահմանապահներն այսօրվանից սկսել են ստուգել ոչ միայն իրանական բեռնատարները, այլ նաև՝ ավտոբուսները, «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Քոչարյանը։


«Այս պահի դրությամբ նույն վիճակն է։ Ադրբեջանցիները պարսկական մեքենաների հետ կապված նույն ստուգումներն են իրականացնում, ստուգում են նաև ավտոբուսները»։


Ստուգումների հետեւանքով ավտոմայրուղում խցանումներ են առաջանում, իսկ հայկական պետհամարանիշով վարորդներին կոպտելով ստիպում են արագ քշել։ Այլ մանրամասների Քոչարյանը դեռ չի տիրապետում, քանի որ չի թույլատրվում կանգնել ճանապարհի այդ հատվածում, կամ տեսանկարահանել։


Գորիսի փոխքաղաքապետը նաև հավելեց՝ ադրբեջանական ոստիկանական կետի շրջակայքում հակառակորդը զգալի թվով կուտակումներ ունի։


«Կուտակումները շատ են իրենց տեղակայման վայրում, իրենց սահմանապահ զորքերն են։ Ադրբեջանցիները հայկական պետհամարանիշներով մեքենաները չեն կանգնեցնում, կոպտում են, ասում են անցեք, իսկ պարսկական համարանիշներով մեքենաները սկսում ստուգել»,-ասաց Կարո Քոչարյանը։


Փոխքաղաքապետը ավելի վաղ հատնել էր, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում են կանխիկ վճարումներ կատարել՝ ճանապարհի այդ հատվածով անցնելու համար։ Վճարներն էլ փոխվում են՝ պայմանավորված մեքենայի տեսակով։


Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։


Ավելի ուշ արձագանքեց նաև Ադրբեջանի մաքսային ծառայությունը, նշելով, որ «ադրբեջանական տարածքում» են, ուստի օրինական է վճար գանձել օտարերկրյա վարորդներից։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր