Զավեշտալի է, որ Փաշինյանը կուրորեն կրկնում է Սարգսյանի տապալված քաղաքականությունը,նույնիսկ օգտագործում է նրա խոսքերը

Նա, մասնավորապես, նշել է. «Սարգսյանը չէր տեսնում, որ Թուրքիան մտադրություն չուներ բացել սահմանը: Անկարան սահմանի հարցը օգտագործում էր որպես հնարք`Հայաստանից առավելագույն զիջումներ կորզելու համար, ինչպիսիք են՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, Թուրքիայի տարածքային ամբողջականության ընդունումը, ինչը նշանակում է, որ հայերը պետք է հրաժարվեն Արևմտյան Հայաստանի նկատմամբ իրենց պահանջներից և Արցախի վերադարձը Ադրբեջանին։ Սրանք թուրքական նախապայմաններն էին:
Ավելին, նույնիսկ եթե Հայաստանն ընդուներ այս անթույլատրելի պայմանները, Թուրքիան նորանոր պահանջներ առաջ կքաշեր:
Նախագահ Սարգսյանը չէր հասկանում, որ եթե Թուրքիան իսկապես ցանկանար բացել սահմանը, ապա դա կարող էր անել առանց արձանագրությունների ստորագրման և Հայաստանին որևէ պահանջ ներկայացնելու: Ի վերջո, Թուրքիան էր, որ միակողմանիորեն փակել էր սահմանը, ոչ թե Հայաստանը, այնպես որ նա կարող էր սահմանը բացել ցանկացած պահի, երբ ուզեր: Երբ նախագահ Սարգսյանը 2009-ին շրջեց սփյուռքի մի քանի համայնքներում, ենթադրաբար սահմանների հարցի վերաբերյալ նրանց տեսակետները պարզելու համար, նա բախվեց զանգվածային բողոքների և առճակատումների Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում:
Ի վերջո, Ադրբեջանին հաջողվեց խափանել հայ-թուրքական արձանագրությունները` ճնշում գործադրելով Թուրքիայի վրա, որպեսզի նա դրանք չվավերացնի՝ Արցախը վերադարձնելու համար Հայաստանի վրա առավելագույն ճնշում գործադրելու նպատակով: Որքան էլ զավեշտալի է, Ադրբեջանը, և ոչ թե Սերժ Սարգսյանը ի վերջո պաշտպանեց Հայաստանի շահերը:
Այժմ, 2021 թվականին, մենք տեսնում ենք 2009 թվականի բեմադրության կրկնությունը, միայն թե այս անգամ իրավիճակը շատ ավելի ծանր է, քանի որ Հայաստանը ղեկավարվում է պարտված ղեկավարի կողմից, որն այլընտրանք չունի, քան ընդունել Թուրքիայի և Ադրբեջանի զիջումների ուռճացող պահանջները: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Հայաստանն ու Թուրքիան չեն կարող հավերժ թշնամիներ մնալ և վատ բան չեն տեսնում «մեր հակառակորդների» հետ խոսելու մեջ, մոռանում են մեկ առանցքային կետ. ո՞վ է բանակցում։ Մի կողմից, մենք ունենք խորամանկ քաղաքական գործիչ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի անփորձ ու պարտված ղեկավարը: Դա նման է նրան, որ ոչխարին խնդրեք բանակցել գայլի հետ: Արդյունքն ակնհայտ է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս ասաց, որ «Թուրքիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վրա՝ ակնկալելով, որ հարևան երկիրը կհրաժարվի միակողմանի մեղադրանքներից և իրատեսական հայացքներ կորդեգրի»:
Զարմանալի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հայտարարությունը համարեց «դրական ազդակ» և խոստացավ նույն կերպ արձագանքել․․․ Թուրքիայի 2009 թ․ նախապայմանները դեռևս սեղանի վրա են, բացառությամբ այն, որ Ադրբեջանը ուժով վերադարձրել է Արցախի մեծ մասը: Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է պահանջել, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ձգտումներից և ընդունի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Անցյալ տարվա պատերազմից ի վեր Ադրբեջանն ու Թուրքիան նոր պայման են դրել. Հայաստանը պետք է «խաղաղության պայմանագիր» ստորագրի Ադրբեջանի հետ, ինչը կնշանակի ընդունել վերջինիս տարածքային ամբողջականությունը, այդպիսով ընդմիշտ հրաժարվելով Արցախից:
Ավելին, նույնիսկ եթե Փաշինյանը համաձայնի ընդունել նման անթույլատրելի պահանջներ, Թուրքիան և Ադրբեջանը, անշուշտ, նոր ավելի մտահոգիչ պայմաններ առաջ կքաշեն: Սա կարմիր գիծ է, որը ոչ մի հայ ղեկավար իրավունք չունի հատել․․․ Ինչպե՞ս կարելի է բանակցել մի երկրի հետ, որը 1915 թվականին գրեթե ոչնչացրեց հայոց ցեղը, իսկ բոլորովին վերջերս՝ անցյալ տարի, սպանեց հազարավոր հայ երիտասարդ զինվորների:
Հիմնականում կատարելով թուրքական առաջին նախապայմանը՝ Արցախի վերադարձը, Ադրբեջանն այժմ ցանկանում է ավարտին հասցնել գործը՝ բռնագրավելով մնացածը, այս անգամ ոչ թե պատերազմով, այլ ստիպելով Հայաստանին կամովին հրաժարվել դրանից՝ ստորագրելով խաբուսիկ «խաղաղության պայմանագիր»։
Ադրբեջանը շարունակում է դանակը խրել Հայաստանի արյունահոսող սիրտը՝ ոտնձգություն իրականացնելով երկրի սահմանների վրա և ապօրինի պահելով ու տանջելով հայ ռազմագերիներին, նույնիսկ այն բանից հետո, երբ Փաշինյանն անհարկի Ադրբեջանին հանձնեց ադրբեջանցիների կողմից բռնագրավված տարածքներում գտնվող 200 հազար ականների քարտեզները։
2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրով նման պահանջ չկար: Սակայն, այն իր մեջ ներառում էր հայ ռազմագերիներին վերադարձնելու պահանջը: Փաշինյանը պետք է պնդի, որ ոչինչ չի բանակցվի մինչև ռազմագերիների ազատ արձակումը և ադրբեջանական զորքերի դուրս բերումը Հայաստանի սահմաններից: Այս պայմաններում Հայաստանը պետք է հակադրվի Թուրքիայի նախապայմաններին՝ իր նախապայմաններով:
Կան նաև այնպիսինները, որոնց կարծիքով հայ-թուրքական սահմանի բացումը կխթանի առևտուրը և ֆինանսական օգուտներ կբերի Հայաստանին: Ընդհակառակը, թուրքական էժան ապրանքները կհեղեղեն հայկական շուկան՝ սնանկացնելով տեղական արտադրողներին: Հայ գործարարները չեն կարող մրցել թուրք արտադրողների հետ, որոնք օգուտ են քաղում մեծաքանակ տնտեսությունից` 85 միլիոնանոց բնակչության շուկայի հիման վրա:
Եկեք Հայաստանը էժան չվաճառենք՝ վարվելով այնպես, կարծես թե Թուրքիան մեծ լավություն է անում մեզ՝ առաջարկելով բացել սահմանը: Իրականում, Թուրքիան, բացելով սահմանը, շատ ավելին կշահի, քան Հայաստանը: Հայաստանից ընդամենը 48 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թուրքիայի Կարս քաղաքում տնտեսությունը «ծանր հարված» ստացավ սահմանի փակվելուց հետո՝ ըստ EurasiaNet.org-ի: Դրա հետևանքով, Կարսի նահանգի բնակչությունը «662 հազարից (1990 թ․) նվազեց մինչև 285 հազար (2020 թ.)»:
Զավեշտալի է, որ Փաշինյանը, որն իշխանության եկավ՝ ընդդիմանալով իր նախորդների բոլոր գործողություններին, կուրորեն կրկնում է Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ նախորդ նախագահի տապալված քաղաքականությունը: Նա նույնիսկ օգտագործում է Սարգսյանի խոսքերը. «Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց որևէ նախապայմանի»: Թվում է, թե Հայաստանի ղեկավարները ոչ միայն դասեր չեն քաղում անցյալի սխալներից, այլ կուրորեն կրկնում են դրանք: Ինչ-որ չափով հասկանալի կլիներ, եթե Փաշինյանը, որպես պարտված ազգի ղեկավար, խոստովաներ, որ այլ ելք չունի, քան ընդունել ադրբեջանա-թուրքական պարտադրված պայմանները: Սակայն նա այդպես չի ասում։
Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ այս պարտադրված պայմանները, ինչպես Նախիջևանը Արևելյան Ադրբեջանին կապող ուղին և Թուրքիայի հետ սահմանի բացումը լավագույնս բխում են Հայաստանի շահերից․․․ Նման միջոցառումները լիովին հակասում են Հայաստանի ազգային շահերին: Դրանք իրականում պանթուրքիստների դարավոր երազանքներն են՝ Հայաստանի միջոցով Թուրքիան կապել Հեռավոր Արևելքի թյուրքական հանրապետություններին:
Վիճակն ավելի բարդացնելով, Փաշինյանը վերջին օրերին ողջունեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի Թուրքիայի հետ սահմանը բացելու համար: Սա զարմանալի չէ, քանի որ նման գործողությունները ձեռնտու են Ռուսաստանին՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից և Արևմուտքից ավելի հեռացնելու համար: Ցավալի է, որ մինչ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ջանասիրաբար վարում են իրենց ազգային շահերից բխող քաղաքականություն, Հայաստանի ղեկավարը պատկերացում չունի իր երկրի ազգային շահերի մասին:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի