Համակարգը դեմքը փրկելու վերջին շանսն է ստացել
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը կնշի անկախության 25-ամյակը: Սա իսկապես մեծ տոն կարող էր լինել, եթե Հայաստանում վիճակը մի փոքր այլ լիներ: Բոլոր դեպքերում հայ մարդու համար այդ կարեւոր տարեդարձին լրիվ դատարկ ձեռքով չենք մոտենում, գոնե երեւութապես մի փոքրիկ, շատ փոքրիկ հույս է արթնացել, որ տարիներով կուտակված պրոբլեմների լուծման առնվազն նախաքայլերը սկիզբ կառնեն, ու, իսկապես, Հայաստանում կյանքը, ինչպես հիմա նորաձեւ է ասել, կվերաբեռնվի:
Խորհրդարանում պատգամավորի հարցին պատասխանելով` նորընծա վարչապետ Կարեն Կարապետյանը չթաքցրեց` ծանր է վիճակը: Բայց նաեւ խոսեց համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունից եւ վարչական լծակներով կեղծ մենաշնորհների անթույլատրելիությունից (բնական մենաշնորհներն առանձնացնելն այդ է նշանակում): Թե ոնց պետք է մեկ մարդը համակարգ փոխի, որքան էլ նրան տրված լինի Վահրամ Բաղդասարյանի ասած ազատությունը, եթե դրան դիմադրեն, անհայտ է, քանի որ տասնամյակներով ստեղծված քվոտաները շղթա շղթայի պինդ ագուցված` քամել եւ քամում են երկիրը, որքան էլ Ազգային ժողովի նախագահն ասում է, թե իր կուսակցությունը մտածում է երկիրը բարենպաստ տարբերակներով զարգացնելու մասին: Կարապետյանը իր իսկ խոսքով դեռ նոր պիտի խնդիրներին ծանոթանա, որ դրանց մասին խոսի. հանկարծ ու այդ ծանոթանալը յոթ ամիս չտեւի, մինչեւ նոր խորհրդարանական ընտրությունները սկիզբ առնեն: Տնտեսական առումով ինչն ու ինչպեսը չենք մանրամասնի, բայց որ Կարեն Կարապետյանի հետ է կապվում նաեւ քաղաքական նոր մշակույթի ձեւավորումը, այ սա հետաքրքրական է դառնում:
Որ քաղաքական դաշտը կտրուկ փոփոխությունների է ենթարկվելու` ենթադրելի է անգամ նոր վարչապեի հետեւյալ խոսքից, թե պրոֆեսիոնալն է լավը (նախարար նշանակելուց): Այսինքն` համամասնական ընտրակարգ որդեգրած երկրի կուսակցությունները եւս պիտի վերանայեն իրենց կադրային բանկը, ու ափեղ-ցփեղ խոսողներին ու կուսակցության համար սոսկ բերանացի կուրծք ծեծողներին, ինչու չէ` նաեւ կուսակցական ֆունկցիոներներին իրենց ցուցակներում փոխարինեն իսկապես պրոֆեսիոնալ մարդկանցով, նորմալ վարչապետի թեկնածու ունենան խորհրդարանական ընտրություններին: Ու այստեղ այնքան էլ խնդիրը Կարեն Կարապետյանին չի առնչվում, ով չգիտենք թե ինչպես է հաջողելու, մենաշնորհի դեմ ինչպես է պայքարելու կամ համակարգային փոփոխություններ ինչպե՞ս է անելու, քանի որ, այնուամենայնիվ, ինքը նույնպես այդ համակարգի մի մասն է: Եւ մանավանդ` կախարդական փայտիկ չունի, ինչպես ի դեպ` բոլոր վարչապետները: Ու խորհրդարանի` արդեն առաջին աշնանային նիստերի նյարդային եւ նախընտրական մթնոլորտը, միմյանց հասցեին արած խորհրդարանականների որակումները ցույց են տալիս, որ մեր քաղաքական ուժերն արդեն առել են վտանգի հոտը, անգամ իշխող ՀՀԿ-ում են զգում մեծ կորուստներով վերաբեռնվելու հեռանկարը: Բազմաթիվ նշաններ են վկայում այն մասին, որ պարզապես հին ձեւով չպիտի շարունակել այն պարզ պատճառով, որ համակարգն այլեւս ընդունակ չէ առանց զարգանալու ոչինչ չանող այդքան մարդկանց ու նրանց շրջապատը կերակրել: Մանավանդ վարչապետի ասած հավելյալ արժեքը Հայաստանում ուրախություն պատճառում է, բայց ոչ թե դա ստեղծողին, այլ գերշահույթներ ստացողների փոքրիկ խմբին միայն: Այնպես որ պետք չի խաղ անել «հավելյալ արժեք» տնտեսագիտական հասկացության հետ:
Խոսենք նշաններից:
Նախ պետք է ժամանակագրական առումով հիշեցնենք նախագահ Սարգսյանի տարբեր ելույթների նշանային այն հատվածները, որոնք ժամանակին ոչ քաղաքական ուժերը, ոչ էլ վերլուծական շրջանակները խորքային առումով չգնահատեցին, քանի որ էս երկրում խոսքը վաղուց է արժեզրկվել, նման ելույթներ էլ, տարբեր տոնայնությամբ, վերջին տասնամյակում շատ են հնչել: Սերժ Սարգսյանի շրջապատում էլ շարունակել են մնալ մարդիկ, ովքեր այս վիճակի պատասխանատուն են կամ ընկալվում են որպես օլիգարխներ: Մենք էլ միամիտ չենք այնքան, որ ողջ կյանքում անընդհատ լսած ելույթների պաթոսի աստիճանով դատենք կամ հավատանք նոր խոստումներին: Սակայն հուլիսյան դեպքերից, նոր վարչապետի նշանակումից ու մի քանի այլ նոր հովերից հետո նորից անդրադառնալով այդ ելույթներին` նկատում ենք մի շարք ենթատեքստեր, որ առաջ լավ չէին նկատվում այժմյան գործընթացները կանխորոշելու առումով:
Անցած տարվա փետրվարյան հայտնի ելույթում դեռ Ս.Սարգսյանը պետական համակարգը հավասարակշռելուց, իշխանություն-ընդդիմություն համագործակցությունը արդյունավետ դարձնելուց, իշխանության մարմինների եւ պաշտոնյաների լիազորությունների եւ պատասխանատվության շրջանակը հստակեցնելուց էր խոսում, ասում էր` կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Նշում էր, որ սահմանադրական բարեփոխումները պետք է ամրագրեն երկրում անցնցում փոփոխության իրավական նախադրյալները: Քաղաքական դաշտը ֆեոդալական տրամաբանությունից մաքրելո'ւ մասին էր ասում: Այն ժամանակ ամեն ինչ կապվեց Ծառուկյանի հետ, խոսքերն էլ հերթապահ ընկալվեցին: Կյանքը ցույց տվեց, որ երկրի մարտահրավերներն ավելին են, քան դրանք որեւէ խոսք կարող է չափել:
Հուլիսյան իրադարձություններից հետո Հայաստանի նախագահն իր համար եզրակացրել էր` անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունները երկրի հասարակական ու քաղաքական կյանքում, ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու նպատակի մասին խոսել, որն «իրեն չգտած ինչ- որ մեկի աթոռ սողոսկելուն» չէր վերաբերելու, այլ քաղաքական լայն պատասխանատվության տեղաբաշխման. «Ընդամենն ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այյդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն», ասել էր նա: Իսկ բոլորն ընկալել էին, թե խոսքը խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք նոր կառավարության մասին է, մանավանդ` խոստացել էր, որ նոր խորհրդարանում որեւէ կուսակցության կամ անհատի տեղն այսօր երաշխավորված չէ:
Իսկ որպես վարչապետ Կ. Կարապետյանի թեկնածությունը ներկայացնելիս Ս.Սարգսյանն ասում էր քաղաքական նոր մշակույթ ձեւավորելու անհրաժեշտության, անկախ քաղաքական դիրքորոշումից` երկրի կարող բոլոր ուժերի մտքերն ու գաղափարները մեկտեղելու հնարավորության մասին, խորհրդավոր կերպով ակնարկում, թե պարտավոր ենք գտնել այն մարդուն եւ մարդկանց, որոնք պատրաստ են ստանձնելու այս բոլորը, աշխարհի որ ծայրում էլ նրանք գտնվեն: Խոստանում էր փոփոխություններ բոլոր ոլորտներում` նախագահի աշխատակազմից մինչեւ դատաիրավական համակարգ: Ընկալվեց միայն վարչապետ հանել- դնելը, մինչդեռ քաղաքական նոր մշակույթ նշանակում է առանց օլիգարխների խորհրդարան ու ՀՀԿ, նոր քաղաքական ուրվագիծ եւ հեռանկար, այլապես ինչո՞ւ էր տնտեսությանը նոր թափ հաղորդելուն զուգահեռ` ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու առաքելություն վերագրվում վարչապետի թեկնածուին: Կարծում ենք` ավելի վաղ ասած աթոռ սողոսկողների մասին հայտնի խոսքը այլեւս գաղտնիք չէ, թե ո՞ւմ էր վերաբերում: Սակայն եթե այս բոլորը ընտրողների կորսված վստահությունը նոր ընտրություններից առաջ մի փոքր վերականգնելու բարդ ու մի քանի քայլանի գործողություն է միայն, ինչպես որ որոշ իշխանավորներ մխիթարում են իրենց, ապա չենք նախանձում ոչ նոր վարչապետին, եւ ոչ էլ մինչեւ 2018 թվականը նախագահող Սերժ Սարգսյանին, քանի որ մի քանի ամիս հետո, եթե պարզվի, որ այդպես է, ու ոչ թե մեր կյանքը իրապես փոխելու նախաձեռնություն է հանդես բերվել, ապա ոչ ոք էլ չի կարող հիմա կանխատեսել, թե ինչ տեղի կունենա այդ ժամանակ:
Քաղաքական դաշտի ամբողջական վերաձեւման մյուս նշանը այն համաձայնագրի ստորագրումն է, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին. իշխանական եւ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները համաձայնության եկան ընտրական գործընթացների վերահսկման մի քանի կետերի, այդ թվում` այնպիսի կարեւոր հարցի շուրջ, ինչպիսին քվեարկածների ցուցակների հրապարակումն է ընտրություններից հետո, Ընտրական օրենսգրքում այդպիսի փոփոխություն տեղի պիտի ունենա: Սա, իհարկե, հեղափոխական որոշում կլիներ, եթե ասենք տեղի ունենար նախորդ ընտրություններին, երբ դեռ ընդդիմադիրները վարկ ունեին, ու միգուցե էապես կփոխվեր խորհրդարանի դիմագիծը: Հիմա, երբ բոլոր կուսակցությունները, ընդդիմադիրները հատկապես, համարյա կորցրել են ընտրողի վստահությունը, ու հավանաբար այս պահին նրանց մեծ մասին ընտրողն էական քվե չի տա, այս փոփոխությունն ընդամենը կփակի բացակա քաղաքացիների ձայները գողանալու ճանապարհը եւ տարբեր հաշվարկներով կես միլիոն ձայները տնօրինելու հնարավորությունը վարչական լծակների տիրապետողների համար, մի փոքր հեշտացնելով ընդդիմադիրների` խորհրդարան մուտք գործելու հնարավորությունը: Սա ավելի շուտ պայմանավորվածություն է թվում ընդդիմադիրներին, ու նախ եւ առաջ` ՀԱԿ-ին ապագա խորհրդարան տանելու մասին, ինչը վկայում է երկրի ղեկավարության տրամադրվածության մասին` որոշ բան զիջելով պատասխանատվությունը կիսել ուրիշների հետ, այդպիսով լայնացնելով գործելու ազատության հնարավորությյունը: Շատ այլ նշաններ կան վերջին ենթադրության համար. ինչ արժե միայն Տիգրան Հակոբյանին ՀՌԱՀ անդամի պաշտոնում (միգուցե նաեւ ապագա ՀՌԱՀ նախագահի) առաջադրումը եւ ընտրությունը, սա եւս վկայում է, որ շուտով ՀԱԿ-ին մերձ, կամ, լավ, ընդդիմադիր տրամադրությոուններով այլ մարդիկ պաշտոններ կստանան: Դուք կասեք` Տիգրան Հակոբյանը ոլորտի լավ մասնագետներից է եւ հաղթել է մրցույթում: Այո, համաձայն ենք, բայց միթե առաջ հնարավոր էր առանց իշխանության բարի կամքի այդպիսի պաշտոնների մրցույթներում հաղթել:
Խորհրդարանում հատկապես նկատելի է նաեւ այն նյարդային մթնոլորտը, որ կա ընդդիմադիր խմբակցությունների մրցակցության առումով եւ արտացոլվեց նաեւ Վահրամ Բադասարյանի եւ Էդուարդ Շարմազանովի գնահատականներում: Առաջինն ընդդիմադիրների կոշտ որակումներ ուղղեց ու ասաց, թե ոչ մեկդ մեր հաճախորդը չեք` իրար մի պիտակավորեք, երկրորդն էլ ընդդիմադիր սուր ելույթները ընդդիմադիր դաշտը գրավելու սովորական, բայց չհաջողված մրցակցությունում դիտարկեց: Իսկ ընդդիմադիրների միջեւ, իրոք, շատ լուրջ «ռազբորկա» է` Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ին հավան չէ ու միտինգներում վարչապետ է առաջադրվում ստվերային կառավարությունում, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տալիս ԲՀԿ խմբակցության` ոչ կուսակցական թեւին, որոնք այս կուսակցական ցուցակով են եկել խորհրդաարան, վայր դնել մանդատները: Բացի այդ` խորհրդով բանը չի վերջանա, հարցը լուծելու համար ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխություն կառաջարկվի ու միգուցե ընտրություններից առաջ նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը, որը համալրել են ԲՀԿ այդ պատգամավորները, զրկվի խորհրդարանական ամբիոնից:
Այս օրերին, այո, քչերն էին ուշադրություն դարձնում ձեւակերպումներին, բոլորին հետաքրքրում է` ով վարչապետ, ով` նախարար, մամուլը զբաղված է անուններ շրջանառելով: Բայց բերանացի ասված է` քաղաքական եւ կառավարման մշակույթի փոփոխություն է բերում նոր մարդը: Իսկ ինչ է նշանակում քաղաքական մշակույթի փոփոխություն, ասել է, թե մինչեւ հիմա եղած իրերի դրությունն այլեւս հնացած է, ՀՀԿ-ի այս կերպը (նա' է եղել իշխողը) արդեն ընդունելի չէ: Իսկ դա նշանակում է` շատ ՀՀԿ-ականներ այլեւս չեն լինի նոր խորհրդարանում, չեն ստանա արհեստական մենաշնորհներ բիզնեսում, իրենց շրջապատին չեն լցնի ամենուրեք (միամիտ չլինենք, իհարկե) : Դե նախագահն էլ ասել էր, չէ՞, ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու մասին, նոր ոգին հին մարմնով չի լինում:
Իհարկե, շատերը չեն հավատում այս բոլորին, ու այդ անվստահության տրամադրությունը նաեւ գլխավոր դատախազի` Արթուր Դավթյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ էր երեւում: Ընդդիմախոսներն ասում էին, թե անձերով ոչինչ չի փոխվի, պետք է խաղի կանոնները փոխել (Ն. Զոհրաբյան), չէին հավատում, որ մի օր էլ նա բարձր ճնշում չի ունենա ու լքի պաշտոնն, ինչպես Գեւորգ Կոստանյանի դեպքում եղավ: Կապրենք- կտեսնենք, թե այս անգամ որտեղ եւ ինչ առիթով կբարձրանա նոր դատախազի ճնշումը, այն ժամանակ էլ կխոսենք: Այնուամենայնիվ` որպես սկիզբ քննիչներն իրենց սենյակներից հանել են Հայաստանի նախագահի նկարները, քանի որ սկզբունքով պիտի որ անկախ լինեին նախագահից ու նախագահականից, սա` պատգամավորի քննադատությունից հետո, այսինքն` դեռ համակարգի հաջորդ քայլերին սպասենք:
Ընդհանրապես` համակարգը դեմքը փրկելու վերջին շանսն է ստացել:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ