Այս պահից սկսած Հայաստանն ու Լիտվան ռшզմավարական գործընկերներ են
Մենք հաճախ, տարբեր հարթակներում առիթներ ունենում ենք շփվելու, բայց, իհարկե, երկկողմ այցերը և միմյանց հանդիպելը, հանգամանալից քննարկումներ ունենալը մեր մայրաքաղաքներում առանձնահատուկ հնարավորություն է առաջ մղելու մեր քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը։ Այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրոզոյանը՝ Լիտվայի Արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսում:«Պետք է ասել, որ այս առիթը բավականին սիմվոլիկ ժամկետում է տեղի ունենում, մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակին և հենց այս ժամկետում էլ, ունենալով բոլոր նախկին զարգացումները, համագործակցությունը, կարողացանք ստորագրել մի փաստաթուղթ, որով բարձրացրեցինք մեր հարաբերությունների մակարդակը:
Հայաստանը և Լիտվան այս պահից սկսած ռազմավարական գործընկերներ են: Սա մի ձևաչափ է, որը մեզ հնարավորություն կտա ավելի լրջացնելու մեր քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը, բայց նաև ավելի համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցությանը: Մենք այսօր հնարավորություն ունեցանք քննարկել մեր տնտեսական համագործակցության հեռանկարները, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կիբերանվտանգության, որտեղ Լիտվան հարուստ փորձ ունի, որտեղ մենք որոշակի փորձ և գիտելիքներ ունենք և կկարողանանք օգտակար լինել միմյանց։
Իհարկե, մեր բարեկամությունը, որը վերջին տարիներին ընդգծված կերպով դրսևորվել է երկկողմ հարթություններում, իր դրսևորումն է գտնվում նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններում և նաև միջազգային հարթակներում: Մենք երախտապարտ ենք նաև մեր լիտվացի գործընկերներին՝ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների խորացման հարցում ստացած մեծ աջակցության համար»,-նշել է նա:
Միրզոյանն ասել է, որ Լիտվայի հետ համագործակցության լավագույն և թարմ դրսևորումներից մեկը Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովն էր Երևանում, որին զուգահեռ տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն առաջին գագաթանաժողովը:
«Պետք է անպայման ընդգծենք, որ մեր հարաբերությունները հիմնված են նախ և առաջ ընդհանուր արժեքների վրա, ինքնիշխանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, և սա, իհարկե, ուրախալի նորություն է, բայց կա զուգահեռ նորությունը, որ այս նույն արժեքները թիրախավորվում են տարբեր կենտրոնների կողմից մեր օրերում և հիբրիդային սպառնալիքների ներքո են գտնվում: Ուզում եմ ասել, որ սա ևս մի ոլորտ է, որտեղ մենք և Լիտվանք սերտորեն համագործակցում ենք՝ հասցեագրելու այս մարտահրավերները։
Հարգելի գործընկերներ, իհարկե մենք խոսել ենք նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, առհասարակ աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Ես գործընկերոջս ներկայացրել եմ մեր և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ներկայացրել եմ TRIPP նախագիծը, դրա շրջանակներում ձեռնարկվող քայլերը և այստեղ էլ մինչ այսօր և վստահ եմ՝ ապագայում ևս, հանդիպել ենք և կշարունակենք հանդիպել միայն Լիտվայի ողջունելը և աջակցության պատրաստակամությունը»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը։
