«Պատրոն Դավոյի» նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել. նա ձերբակալված է

«Ամբողջությամբ նոր գործ է, էն հին գործի հետ կապ չունեցող գործ է։ Այսքան նյութ կա, փորձենք հասկանալ, թե ինչ գործ է, փորձենք հետաձգել նիստը»,– ասաց փաստաբանը` ցույց տալով ձեռքի թղթապանակը։
Արմեն Հարությունյանը հայտնեց նաև, որ քրեական գործի նյութերն իրենց են տրամադրել երեկ երեկոյան։
«Ամեն ինչ կատարվվել է երեկ, մեկ օրվա մեջ»,– ասաց նա։
Փաստաբանը հայտնեց, որ Դավիթ Գալաստյանը նոր քրեական գործով ձերբակալված է։ Դատարանում այսօր քննվում է նրան արդեն նոր գործով կալանավորելու միջնորդությունը։
Քրեական գործից ու մեղադրանքից այլ մանրամասներ Արմեն Հարությունյանը խոստացավ ներկայացնել դատական նիստից հետո։
Հիշեցնենք` ԱԱԾ–ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն։
Վերջինը «Պատրոն Դավո» մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանն է, ով այս տարվա փետրվարի 1-ին կալանավորվել էր զենքերի մատակարարման քրգործի շրջանակներում, իսկ մայիսին ազատ արձակվել։ Ըստ նոր քրեական գործի` նա և նախկին նախարար Տոնոյանը ձերբակալվել են 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։