Բաքվին լուծում ենք առաջարկել, որը ընդունելի կլինի և' հայ, և' ադրբեջանցի ժողովուրդների համար          Վիտամինային խառնուրդ հատկապես ձմռանն իմունիտետը ամրացնելու համար       Պայքարելու ենք օր առաջ այս ապօրինի իշխանությանը վռնդելու համար    

12 հոկ 2021 10:31

Ամեն ինչ կուտակվում է չոր վառոդի նման, ու եթե մի օր կայծ ընկավ այդ վառոդի մեջ, ամեն ինչ կպայթի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է
ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ այս իշխանությունները երկիրը ոչ միայն փակուղի են մտցրել, այլև այդ փակուղուց ուղիղ մղում են դեպի անդունդը, կործանում:


«Նման շարունակության դեպքում հայ ժողովուրդը՝ իբր Հայաստանի տեր և բնակիչ, կդադարի այդպիսին լինել: Սա շատ մռայլ կանխագուշակություն չէ: Շատերը, անգամ նրանք, ովքեր այս կառավարությանը «կրծքով էին պաշտպանում», այսօր մտածում են մի մտքի մասին՝ թողնել Հայաստանը և հեռանալ ավելի ապահով վայրեր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը:


Նրա խոսքով՝ նման իրավիճակից միշտ ելք կա, նայած ինչպիսի ելք: «Եթե այս խունտայի ելքով նայենք, ուրեմն հայկական պետականությունը վերածվելու է թուրքական վիլայեթի, իսկ լավագույն դեպքում՝ եթե դառնա ռուսական գուբերնիա, իրավիճակը կարող է աննշան ավելի տանելի թվալ: Ո՞րն է ելքը: Խաղողագործներից մեկը ներկայացնում է իր ցամաքած խաղողը, գործարանների առաջ գոյացած հերթերը: Նախկին իշխանությունները, որոնց ցավով սրանք այսքան տառապում են, կարողանում էին պարտադրել գործատուներին իրենց պարտավորությունները կատարել՝ մթերել խաղողը: Հիմա՝ իրենց իսկ խոսքով, գնացել ու ձայն են տվել ՔՊ-ին, այդ հապավումն ինչպես ուզում եք բացեք, եթե անգամ դա հայհոյանք համարվի, այսօր բողոքում են և հայտարարում, որ իրենց խաղողը չեն ընդունում: Չար մարդ չեմ, բայց լավ են անում: Հույսներդ դրել էիք թուրքերի վրա, էժանով կբերեք, կվայելեք»,-նշում է մեր զրուցակիցը:
Ընդգծում է՝ մեր սերունդը հայտնվել է լինել-չլինելիության շեքսպիրյան հայտնի հարցի առաջ: «Մարդը մինչև այսօր ցինիկաբար հայտարարում է՝ Շուշիում ի՞նչ է կառուցվել, ինքը Շուշիում չի եղել, չի տեսել Շուշին: Մենք տեսել ենք Շուշիի աստիճանական ծաղկումը, ինքը քարը քարի վրա չի դրել: Նա խոսում է առանց հասկանալու, որ լինելով երկրի թիվ մեկ դեմքը՝ դե յուրե, օտարների համար իր խոսքն ընկալվում է որպես պետական քաղաքականություն, մտածողություն, իրենք չեն հասկանում, որ պետական այրեր են»,-ասում է գրականագետը:
Կրկին վերադարձ հարցին՝ ո՞րն է ելքը:«Ես տարիքի և նաև ականատես լինելու բերումով շատ լավ գիտեմ նախորդ երեք իշխանությունների թերությունները, հաճախ դրանք անտանելի թերություններ են եղել: Իմ խորին համոզմամբ, միակ մարդը, որ կարող է այս երկիրը «սեղանի վրայի դիվանագիտությունից սեղանի կողքի դիվանագիտության» հասցնել, Ռոբերտ Քոչարյանն է, ում հանդեպ, ի դեպ, մեծ սեր ու գորովանք չեմ ունեցել, բայց հավատ ունեցել եմ: Խոսվում է Ալիևի հետ հանդիպման մասին: Այս մարդը (նկատի ունի Փաշինյանին-խմբ.) երկու անգամ հանդիպել է Ալիևին: Մեկ անգամ վերելակում, որի արդյունքները կամաց-կամաց էինք զգում, երկրորդ՝ «բանակցում եմ, ինչի մասին ուզում եմ» տարբերակն էր, որի արդյունքը տեսանք՝ զոհեր, վիրավորներ, տարածքների կորուստ և այլն: Հիմա ասում են՝ նորից պիտի հանդիպեն: Առանց վախենալու ժողովրդի ցասումից՝ ասում է, թե պատրաստ է տալ ականապատված տարածքների քարտեզները, այսինքն՝ մի անգամ տվել ես, չես բավարարվել, հիմա ուզում ես նորից տալ»,-հավելում է Սրապիոնյանը:
Քաղաքական ու հասարակական շրջանակները փաստում են՝ պետք չէ փախչել այն փաստից, որ ամեն դեպքում ներկա իշխանություններն ունեն համակիրներ, որոնք խորհրդարանական վերջին ընտրություններին ձայն են տվել նրանց, ուստի ինչ-որ բան փոխելու համար պետք է նաև ծավալուն աշխատանք տանել մարդկանց հետ՝ պարզ լեզվով բացատրելով, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում: «Հասարակությունն իր մտածողությամբ շատ բազմաշերտ մի զանգված է: Մարդիկ կան, որոնք հակված են խաբվելու, նրանք այդ կերպ իրենց հանգիստ են զգում: Սրանք մասնագիտացված են նման դյուրահավատ մարդկանց հավատի հետ խաղալու գործում: Մի մասսա կա, որը հոգնել է ամեն ինչից և պատրաստ է, օրինակ՝ անգամ ստրուկի կարգավիճակում լինել, միայն թե խաղաղություն լինի: Հասարակության այն հատվածին, որը սնվել է իր ավանդական ազգային արժեքներով, չես կարող խաբել: Հասարակության այդ հատվածը գնաց և ձայն տվեց իր փրկությանը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքներին»,-նշում է մեր զրուցակիցը:
Ասում է՝ այսօր բազմաթիվ հարցեր ունենք, բայց որևէ հարցի սպառիչ պատասխան չի տրվում, պատասխաններ, որոնք գոնե մի քիչ կփարատեն մարդկանց կասկածները:
«Հույսները ժողովրդի համբերության վրա է, բայց պատմությունը ցույց է տվել, որ այն հանկարծակի է հատնում, ամենաանսպասելի տեղում, ինչպես Ղարաբաղյան շարժման սկզբներին: Հենց որ համբերության բաժակում վերջին կաթիլը լցվեց, ժողովուրդը կսրբի և բոլորին կլցնի աղբահորերը, երբեմն՝ նաև անմեղներին: Նոր մանիպուլյացիա են սկսել տարածել՝ 2022 թ.-ի հունվարից թոշակները բարձրանում են: Մարդիկ ամեն օր բյուջեն դատարկում են պարգևավճարների տեսքով, իսկ այս մարդիկ ուրախանում են նման թանկացումների պարագայում թոշակների խղճուկ՝ հազար դրամների ավելացմամբ: Իրենք գիտեն այս հոգեբանությունը, այս մասսան կշարունակի պաշտպանել իր կործանման ճարտարապետներին: Բայց երկար չի պաշտպանի: Եթե այս առնետացման գործընթացը շարունակեն, կխժռվեն հենց իրենց յուրայինների կողմից: Ամեն ինչ կուտակվում է չոր վառոդի նման, ու եթե մի օր կայծ ընկավ այդ վառոդի մեջ, ամեն ինչ կպայթի: Եթե ժողովուրդը տարերայնորեն, ուղղակի քաոսային ձևով չլցվի փողոցները, չփակի բոլոր շնչառական օրգանները, ու սրանք մնան, շատ չեմ ասում՝ մինչև 2022 թ.-ի սկզբները կկորցնենք պետականությունը: Դե ֆակտո՝ պետություն չունենք, դե յուրե՝ դեռ շնչառություն կա»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր