Ադրբեջանի կողմից` Թուրքիան և Մեծ Բրիտանիան, իսկ հայկական կողմից` Ֆրանսիան և ԱՄՆ–ն կարող են խանգարել Երևանի և Բաքվի միջև փոխզիջման հասնելուն. փորձագետ          Տեսանյութ.6-ամյա տղան ու 13-ամյա աղջիկը հազվադեպ , անբուժելի հիվանդությունների պատճառով իրենց ծնողներից մեծ են երևում       Մենք հակազդման ծրագրեր կձեռնարկենք,Լուկաշենկոն ՆԱՏՕ-ին մեղադրել է Բելառուսի սահմանների մոտ «լկտիաբար» զորքեր տեղակայելու մեջ    

20 հոկ 2021 16:39

Քաղաքացին վստահ չէ՝ իրեն «ԱստրաԶենեկա»-ո՞վ են պատվաստել, թե՞ «Սպուտնիկ-V»-ով

Արարատի բնակիչ, 39-ամյա Արթուր Վարդանյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո երկմտանքի մեջ է՝ ի վերջո, իրեն ի՞նչ պատվաստանյութ են ներարկել:


Նա NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ցանկություն է հայտնել պատվաստվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, բայց պատվաստումից հետո նկատել է, որ փաստաթղթերում նշվել է, թե ինքը «Սպուտնիկ-V»-ով է պատվաստվել:


«Գնացել եմ պատվաստման՝ «Արարատ» ԲԿ-ում, առաջարկել են երկու տարբերակ՝ «ԱստրաԶենեկա» եւ «Սպուտնիկ-V», ընտրեցի առաջինը, ասացի՝ եվրոպականն են ուզում՝ ռուսականին չեմ վստահում: Ամեն ինչ արվեց, եւ ես չնկատեցի՝ ինչ էին անում: Ներարկեցին, վերջացրին, թղթերն էլ առանց նայելու վերցրի, բարձրացա համակարգչային բաժին, ասացին՝ բայց համաձայն չէիք «Սպուտնիկ»-ով պատվաստվելուն, ինչու՞ է թղթերում լրացված, որ հենց «Սպուտնիկ-Վ»-ով եք պատվաստվել:


Թղթերը վերցրի, իջա պատվաստման բաժին, հարցնում եմ՝ էս ի՞նչ եք արել, ասում են՝ վա՜յ, կներեք, թյուրիմացություն է եղել, թուղթը վերցնում ենք, ջնջում են գրվածն ու նշում, թե «ԱստրաԶենեկա»-ով են պատվաստել ինձ: Ասում եմ՝ ի՞նչ պատվաստանյութ եք ինձ կոնկրետ ներարկել՝ «ԱստրաԶենեկա՞», թե՞ «Սպունտիկ-V», ասում է՝ «ԱստրաԶենեկա», հարցնում եմ՝ բա որ այդպես է, ինչու՞ եք թղթի վրա գրել, որ «Սպուտնիկ-V» եք ներարկել, էլի ասում են, թե թյուրիմացություն է եղել, եւ որ հաստատ ինձ «ԱստրաԶենեկա» են ներարկել: Ի՞նչ թյուրիմացության մասին է խոսքը, ես ի՞նչ իմանամ՝ որ մեկից եք ինձ ներարկել, եթե հիմա ասում են, որ «ԱստրաԶենեկա» են ինձ ներարկել, երկրորդ ներարկմանն ի՞նչ են անելու, ո՞ր մեկից են ներարկելու, ու չեն կարողանում ինձ հստակ պատասխանել, ես էլ առաջարկում եմ, որ պատրաստ եմ անալիզ հանձնել հարցը պարզելու համար: Այդպես, բարկացած թողնում, դուրս եմ գալիս հիվանդանոցից, զանգում Առողջապահության նախարարություն, ներկայացնում՝ ինչ է կատարվել, առաջարկում են զանգել «Արտաշատ» ԲԿ: Զանգում եմ այդտեղ, պատմում կատարվածը, ասում են՝ դե, գիտեք՝ ինչ կա, ինչ որ գրանցվել է համակարգում, ուրեմն դա էլ ներարկել են, ասում եմ՝ բայց չէ՞ որ նախքան համակարգում գրանցելը ձեռքով են թղթի վրա լրացնում, թե ինչ են ներարկել, ինչ էլ ուզեն՝ կարող են այդ դեպքում գրել, ի՞նչ է նշանակում՝ ջնջումով փաստաթուղթ են տալիս ձեռքս, դա ի՞նչ կարգ է»,- նշեց Վարդանյանը:


Քաղաքացին, ինչպես ինքն է ասում, այդպես էլ հստակ չգիտի՝ ինչ պատվաստանյութ են իրեն ներարկել, չի էլ պատկերացնում՝ որտեղ դիմել եւ ումից խնդրի լուծում պահանջել՝ ուր զանգում է, ասում է, մեկը մյուսի վրա են «գցում»:


«Եթե, իրականում, ինձ «Սպուտնիկ-V» են ներարկել, ես ի՞նչ անեմ, գնամ՝ «ԱստրաԶենեկա» ներարկե՞ն, որ ջնջել ու հետո գրել են, թե «ԱստրաԶենեկա» են ներարկել, ես ինչպե՞ս, ինչի՞ հիման վրա վստահ լինեմ, որ իրոք դա են ներարկել: Ի՞նչ է ստացվում՝ «Սպուտնիկ-V»-ի ավելցուկ ունեն, ուզում են դա՞ ներարկեն մարդուն, հա՞, պլան ե՞ն կատարում, մեզ փորձադաշտ ե՞ն սարքել, չեմ հասկանում: Մարդիկ մեկ-մեկ են մտնում պատվաստվելու, այնպես չէ՝ մի քանի մարդ կար, պատվաստողն էլ դրա պատճառով խառնել, սխալ է լրացրել»,- նկատեց Վարդանյանը:


Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ չի կարող ստեղծված իրավիճակում միտում լինել՝ ամենայն հավանականությամբ, ասում է, շփոթմունք է եղել տվյալների գրանցման պահին:


«Այնքան ծանրաբեռնված են այժմ բժիշկներն աշխատում՝ պատվաստվողների թիվը գնալով աճում է, եւ, ամենայն հավանականությամբ, շփոթմունք է եղել տվյալները լրացնելու ժամանակ, չեմ կարծում՝ քաղաքացին չվստահելու եւ չհավատալու պատճառներ ունի»,- նշեց Խաչատրյանը:


Արարատի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ քաղաքացին նաեւ մարզպետարան է դիմել նշված հարցով, խնդիրն էլ քննարկվել ու պարզաբանվել է:


«Ինքն իրոք «ԱստրաԶենեկա»-ով է պատվաստվել, ուղղակի քանի որ պատվաստման հերթեր են գոյանում, ծանրաբեռնված են աշխատել մասնագետները, հիշեցման թերթիկն ուրիշն է լրացրել, պատվաստումն արել ու մատյանում արձանագրել է այլ անձ՝ բուժքույրը, պարզապես խնդիրն այն է, որ հիշեցման թերթիկի վրա է մեխանիկական սխալ արվել: Մեր մատյանում, որտեղ պատվաստումները գրանցվում են, նշված է, որ «ԱստրաԶենեկա»-ով են նրան պատվաստել: Երկրորդ ներարկումը, բնականաբար, «ԱստրաԶենեկա»-ով է արվելու, կասկածելու որեւէ հիմք չկա»,- վստահեցրին բուժկենտրոնից:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր