ՀՀ–ն Ադրբեջանին միջանցք տրամադրելու պարտավորություն չունի. ՀՀ ԱԳՆ–ի պատասխանն Ալիևին          Մի ստիպեք մտնել այդ դաշտ, այդ դաշտում դուք մշտապես, մոտակա 50 տարին պարտված եք լինելու. Ալեն Սիմոնյանն` ընդդիմությանը       Չավուշօղլուին անհամար վիճակի մեջ գցեցին՝ փող խնդրելո՞ւ եք եկել Կատար    

23 հոկ 2021 19:13

Ալիևի՝ կրկին թափ ստացած ագրեսիվությունն ու սադրիչ վերաբերմունքը Իրանի նկատմամբ կարող է խաթարել Ադրբեջանի անվտանգությունը

Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում առկա լարվածության ապաէսկալացման հույսը, որն առաջացել էր երկու երկրի ԱԳ նախարարների հեռախոսազրույցից հետո, կարճատև էր: Այս մասին Responsible Statecraft պարբերականում հրապարակված հոդվածում գրել է Վաշինգտոնում և Մադրիդում Լատվիայի դեսպանության նախկին աշխատակից Էլդար Մամեդովը:

Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ հեղինակը նշում է, որ նախարարների հեռախոսազրույցից օրեր անց Իլհամ Ալիևն Իրանին մեղադրել է Եվրոպա և Ռուսաստան թմրանյութեր տեղափոխելու համար Լեռնային Ղարաբաղի տարածքն օգտագործելու մեջ: Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի «ապշեցուցիչ հայտարարություններին»՝ դատապարտելով դրանք:

Որոշելով գնալ հակաիրանական արշավի սրման՝ Բաքվի ռեժիմը մի շարք ադրբեջանցի շիա հոգևորականների է ձերբակալել, որոնք «իրանամետ» են համարվում, այդ թվում՝ Բաքվի ուրբաթօրյա մզկիթի նախկին իմամ Իլգար Իբրահիմօղլուին և հոգևոր կայքերից մեկի գլխավոր խմբագիր Սարդար Բաբաևին: Վերջինիս մեղադրանք են առաջադրել պետական դավաճանության մեջ: Ինչպես հեղինակը նշում է, Բաքուն այս գործի միջոցով փորձում է ամրապնդել իր հեղինակությունն ԱՄՆ-ում և ԵՄ-ում:

«Այս վերջին իրադարձությունները վստահաբար վկայում են, որ առնվազն ներկա պահին Ալիևը ցանկություն չունի նվազեցնելու լարվածությունը Թեհրանի հետ հարաբերություններում: Հայաստանի դեմ Բաքվի ռազմական հաջողությունն ակնհայտորեն ոգեշնչել է նրան՝ բաց մարտահրավեր նետելու իր հարավային հարևանին: Երբ Իրանը լայնամասշտաբ  զորավարժություններ էր իրականացնում Ադրբեջանի սահմանի մոտ, ադրբեջանական կառավարամետ կայքերը գրում էին, որ իսլամական պետության զինանոցը չի համապատասխանում Ադրբեջանի բարձրտեխոնոլագիական սարքավորումներին, որոնք երկիրը ստացել է Իսրայելից և Թուրքիայից: Ալիևը հույս ունի, որ Անկարայի և Թել Ավիվի ռազմական և դիվանագիտական աջակցությունը բավարար զսպող գործոն կլինի Թեհրանի դեմ»,- գրում է հեղինակը՝ հավելելով, որ Իսրայելի աջակցությունը պետք է վերաճի Վաշինգոտնի աջակցության, հատկապես, որ Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման հեռանկարներն անորոշ են:  

Հոդվածագրի կարծիքով՝ Ալիևի վստահությունն անտեղի և հակաարդյունավետ է: Իրանի զորավարժություններն Ադրբեջանի սահմանների մոտ նպատակ են ունեցել ոչ թե ներխուժման նախապատրաստվելու, այլ ավելի շուտ՝ Բաքվի ուշադրությունը հրավիրելու  և ցույց տալու, որ Իրանում բարեկամական չեն համարում հարևանի քաղաքականությունը:

Աղբյուրի կարծիքով՝ Ադրբեջանի դեպքում իրավիճակն այլ է՝ ի տարբերություն այլ երկրների, որտեղ Թեհրանը հաջողությամբ գործողություններ է իրականացնում վստահված անձանց միջոցով, ինչպես օրինակ Իրաքի և Լիբանանի դեպքում: Թեև Ադրբեջանում մեծ թվով շիա դավանողներ են ապրում, սակայն նրանք տարիներ շարունակ ճնշված են եղել՝ սկզբում խորհրդային աթեիզմի տարիներին, հետագայում՝ թուրքամետ ազգայնականության ֆոնին անկախության տարիներին: Սակայն կառավարությունը վերջերս փոխել է վերաբերմունքը երկրում ապրող շիաների նկատմամբ. այժմ Բաքուն համագործակցում է հեղինակավոր կրոնական առաջնորդների հետ՝ ձգտելով «ազգային շիիզմ» ստեղծել, որը քաղաքականապես կլինի պետական կրոն և կախվածություն չի ունենա Իրանից:

Այնուամենայնիվ, երկրում կա մարդկանց ոչ փոքրաթիվ զանգված, որը դժգոհ է կոռուպցիայից և սոցիալ-տնտեսական անհավասարությունից, որը չափազանց ակնհայտ է դարձել Ալիևների իշխանության օրոք: Ալիևի կողմից աշխարհիկ ընդդիմությանը ճնշելուց հետո հավանական է, որ դժգոհությունը որոշ աստիճանով կրոնական-քաղաքական տեսք կստանա, ինչից էլ կարող է երկարատև հեռանկարում օգտվել Թեհրանը:

Բաքվի և Թեհրանի միջև հակամարտության վերջին բռնկումը գործնականում արթնացրել է Իրանում վաղուց քնած պատկերացումները Կովկասի մասին՝ որպես «փախուստի դիմած նահանգի, որը 19-րդ դարում առանձնացվել է Ռուսական կայսրության պատճառով»: Իրանական ազգայնականության աճը ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ ձևաչափերում ևս մեկ երկարաժամկետ հետևանք է, որը Ալիևը և նրա կողմնակիցները չեն կարողացել կանխատեսել:

Դրա հետևանքներից մեկը, ըստ հեղինակի, այն է, որ Թեհրանն արդեն սկսել է շրջվել Երևանի կողմը, ինչը, ճակատագրի հեգնանքով, Բաքվի հայտարարությունները Իրանի հայաստանամետ լինելու մասին իրականություն է դարձնում: Այս մասին գրելով՝ հեղինակը նշում է, որ Իրանը Հայաստանն է ընտրել որպես գործընկեր Հյուսիս-Հարավ նախագծի շրջանակում առևտրի ուղի բացելու համար:

Իրանը տիրապետում է հիմնական զսպող միջոցների՝ հրթիռների, որոնց հեռահարությունը բավական է Ադրբեջանի ողջ տարածքը խոցելու համար: Իրանն արդեն ցուցադրել է Սաուդյան Արաբիայի նավթահանքերի ուղղությամբ ճշգրիտ հարվածներ հասցնելու իր ունակությունը:

«Անկասկած, նման հարվածը կնշանակեր զանգվածային էսկալացիա և կհանգեցներ պատասխան միջոցների ներգրավման՝ հավանաբար, Թուրքիայի մասնակցությամբ, այդ իսկ պատճառով հարված հասցնելու շեմը բավականին բարձր է: Սակայն իրանցի առաջնորդները նախկինում վստահաբար ցույց են տվել, որ եթե իրենց նեղը գցեն, իրենք առանց երկմտելու կհարձակվեն ենթադրյալ թշնամիների վրա: Այդպիսով, Ալիևի՝ կրկին թափ ստացած ագրեսիվությունն ու սադրիչ վերաբերմունքը Իրանի նկատմամբ կարող է խաթարել Ադրբեջանի անվտանգությունը եկարաժամկետ հեռանկարում»,- եզրափակում է հոդվածագիրը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր