Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

26 հոկ 2021 15:30

Ո՞ւմ է վերաբերելու 2 տարով անձնագիր ստանալու դրույթը. փոխոստիկանապետը մանրամասներ հայտնեց

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը վստահեցնում է` անձնագրերն այսուհետ 2 տարի ժամկետով տրամադրվելու դրույթը վերաբերում է միայն ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերին։ Ֆիդանյանն այս մասին հայտնեց ԱԺ–ում` ներկայացնելով «ՀՀ քաղաքացիության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նշենք, որ այս նոր դրույթը, ըստ որի` հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետն այսուհետ 2 տարի պետք է լինի, բուռն քննարկումների թեմա է դարձել։ Սա հատկապես մեծ խնդիր է դրսում ապրողների համար։
«Առաջարկվում է հին նմուշի անձնագրերը հետայսու տրամադրել 2 տարի ժամկետով, սակայն հետայսուն բավականին հարաբերական է, քանի որ նախատեսվում է 2022-ի վերջից կամ 2023-ի սկզբից ներդնել նոր կենսաչափական անձնագրերի համակարգ, որով էլ 821 որոշմամբ սահմանված անձնագրերի գործունեությունը լիովին դուրս է գալու։ Այսինքն` 2 տարին ընդամենը մեկանգամյա բնույթ է կրում` մինչև 2023-ի սկիզբը, դրանից հետո դրանք տրվելու են նորից 10 տարվա ժամկետով»,–ասաց Ֆիդանյանը։


Նա հավելեց, որ կենսաչափական անձնագրերի մասով 10 տարի ժամկետը պահպանվում է։
Ֆիդանյանի խոսքով` 3 մլն 199 000–ից ավել հին նմուշի անձնագիր է տրվել, իսկ այժմ ժամկետի մեջ են 2 մլն 386 000 անձնագրեր։
Նա հերքեց լուրերը, թե անձնագրերի ժամկետի փոփոխման հարցը կապված է այն հանգամանքով, որ անձնագիր հրատարակող նոր ընկերություն է մտնում շուկա։ Փոխոստիկանապետի խոսքով` նոր անձնագրերի ներդրման ուղղությամբ դեռևս հայտարարվել է միայն դիզայնի մրցույթ, իսկ ամբողջական համակարգի ներդրման մրցույթ չի էլ հայտարարվել, պատկերացում չունեն, թե որ ընկերությունը կզբաղվի դրանցով։
Փոխոստիկանապետը վստահեցրեց` այն անձնագրերը, որոնք ժամկետի մեջ են, շարունակելու են մնալ ուժի մեջ։
Ֆիդանյանն այսօր ԱԺ-ում հայտնել էր, որ նախագծով առաջարկվում է նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել։ Առաջարկվում է նաև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն նախատեսել օտարերկրյա բոլոր պետություններում գործող ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր