Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

27 հոկ 2021 13:31

Մնում է իշխող քաղաքական ուժի վարչապետի նման ասել՝ կարտոֆիլ չկա, խառը կանաչի կերեք

«Բանջարեղենը՝ ավելի քան 64 տոկոսով, հացը, մսամթերքը թանկացել են։ Մարդիկ չեն տեսնում, որ այս ուղղությամբ կառավարությունը քայլեր է իրականացնում»,- ԱԺ-ում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։


Նա նշեց, որ սեպտեմբերին վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն, գնաճը կազմել է 8,9 տոկոս, հաջորդ տարվա համար էլ բյուջեի կանխատեսումը 5,5 տոկոս է։


Այնուհետև նա հարց ուղղեց ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Արտակ Մանուկյանին. «Ձեր գնահատմամբ, ի՞նչ գործողություն կարող է կատարել կառավարությունը գնաճի հետևանքները մեղմելու համար։ Իմ գնահատմամբ, կառավարությունը ոչինչ չի անում»։


Արտակ Մանուկյանը նախ նշեց, որ բանջարեղենի՝ 64 տոկոս բարձրացումը ուսումնասիրելու դեպքում կպարզեն, այն մեծապես պայմանավորված է կարտոֆիլի գների բարձրացմամբ։ 


Նա ասաց, որ այսօր ամբողջ աշխարհում քննարկում են սոցիալական աջակցության միջոցով գնաճի հետևանքները հնարավորինս մեղմելու ծրագրեր։ Ա. Մանուկյանի խոսքով, այստեղ էլ պետք է քննարկեն ծրագրեր սոցիալական խոցելի խմբերին, աշխատողներին ավելի առաջանցիկ աջակցություն ցույց տալու համար, քննարկեն՝ ինչպիսի ծրագրային մոտեցումներ կարող է լինել այս կարճաժամկետ շոկերը որոշակիորեն մեղմելու առումով։


Էլինար Վարդանյանն արձագանքեց. «Երբ խոսում եք 64 տոկոսի մասին ու նշում՝ կարտոֆիլն է թանկացել, մնում է իշխող քաղաքական ուժի վարչապետի նման ասել՝ կարտոֆիլ չկա, խառը կանաչի կերեք։


Հասկանո՞ւմ եք՝ սա պատասխան չէ։ Ի՞նչ, եթե կարտոֆիլը թանկացել է, խառը կանաչին չի թանկացել, խառը կանաչի կերե՞ք ժողովուրդ ջան»։


Նա ընդգծեց՝ ակնհայտորեն թանկացել է կենսական նշանակություն ունեցող ապրանքները՝ միսը, հացաբուլկեղենը, կարտոֆիլը, իսկ Հայաստանում շատ ընտանիքների առօրյան հենց կարտոֆիլն է։


«Գնաճը սարսափելի ազդեցություն է ունենում մարդկանց կյանքի վրա, մարդիկ այսօր ավելի վատ են ապրում, քան երեկ, վաղն ավելի վատ են ապրելու, քան այսօր, քանի որ իրական միջոցներ չեն ձեռնարկվում, թեկուզ կարճաժամկետ միջոցներ»,- ասաց Էլինար Վարդանյանը։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր