ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը          Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»       Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան    

30 հոկ 2021 10:00

Ավելի շատ կենտրոնացած են ընդդիմության «պորտը տեղը դնելով», քան...Գոռգոռալով ու մեղքը այլոց «գրպանը գցելու» փորձերով իրականությունից շատ հեռու չես փախչի․ «Փաստ»

Այն, որ իշխանություններն այլևս ընդունակ չեն պաշտպանելու Հայաստանի ու Արցախի շահերը, երևում է ամեն օր ու ամեն ժամ։ Այս ընթացքում չի եղել մի դեպք, երբ իշխող ուժը նախաձեռնի կոշտ դրույթներ պարունակող հայտարարության տեքստ, որով կդատապարտվեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի ոտնահարումը և հանցագործությունները արցախահայության նկատմամբ։ Փոխարենը իշխանությունները և հատկապես խորհրդարանում ներկայացված իշխող խմբակցության ներկայացուցիչները ավելի շատ կենտրոնացած են ընդդիմության «պորտը տեղը դնելու», քան թշնամուն հակադարձելու և Հայաստանի շահերն առաջ տանելու հարցում։ Իսկ ավելի ճիշտ՝ իշխանությունները որևէ կերպ ցանկություն չունեն Ադրբեջանի գործողություններին դիմադրող քայլերի անցնել։


Օրինակ՝ օրերս ԱԺ նիստում չընդունվեց հրատապ թեմայով քննարկման արդյունքում առաջարկվող «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որի ընդունումն իշխող խմբակցությունն ուղղակի տապալեց՝ չմասնակցելով քվեարկությանը։ Ընդ որում, ուշագրավ է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հեղինակած հայտարարության նախագիծը ոչ միայն դատապարտում էր Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, այլև արձանագրում արցախահայության՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացման և Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիայի անհրաժեշտությունը։ Եվ պատահական չէ, որ ադրբեջանական մամուլը բավական ոգևորությամբ ընդունեց ՔՊ-ականների այդպիսի դիրքորոշումը՝ նշելով, թե նրանք կանխեցին, որ Հայաստանի խորհրդարանում հակաադրբեջանական հայտարարություն ընդունվի։


Մյուս կողմից՝ տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի և ՀՀ իշխանությունների մոտեցումները համընկնում են բազմաթիվ հարցերում, հատկապես երբ հարցը վերաբերում է Հայաստանի ընդդիմությանը։ Տեսեք՝ Ալիևը Հայաստանի ընդդիմությանն անվանում է ռևանշիստներ՝ պարբերաբար հայտարարելով, թե հանկարծ չփորձեն քայլեր ձեռնարկել առկա իրերի դրությունը փոխելու ուղղությամբ։ Ընդդիմությանը ռևանշիստներ են անվանում նաև ՔՊ-ականները, իսկ Փաշինյանն ընդհանրապես յուրաքանչյուր առիթով հոխորտում է ընդդիմության վրա:


Այնինչ, երբ խնդիրը հասնում է Ալիևին արձագանքելուն, ապա նույն Փաշինյանը դառնում է ձկան պես լուռ ու «լեզուն կուլ է տալիս»։ Վերջին օրերին խորհրդարանում ընթացող քննարկումներն ու ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը ցույց տվեցին, որ իշխանության ներկայացուցիչների սանձարձակությունը այլևս չափ ու սահման չի ճանաչում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տևական ժամանակ բունկերներում ու այլ «ապաստարաններում» թաքնվածները գնալով ավելի ու ավելի ցինիկ են դառնում: Իսկ Փաշինյանն ընդհանրապես անցնում է կոռեկտության բոլոր սահմանները, կոնկրետ չի պատասխանում իրեն ուղղված հարցերին, փորձում է խուսափել հստակ պարզաբանումներից և մանիպուլյացիաներով, վիրավորական արտահայտություններով ու անիմաստ բառախաղերով փորձում է մոլորեցնել հանրությանը։


Ըստ այդմ, իշխանություններին թվում է, որ ինչքան շատ մեղադրանքներ ուղղեն ընդդիմության ու հատկապես «նախկինների» հասցեին, դրանից իրենց արածները, իրենց մեղքով երկրին բերված փորձանքները մոռացվելու են։ Բայց դա ընդամենը ինքնախաբեություն է, քանի որ գործողների ու նախկին իշխանությունների ժամանակ եղած իրավիճակներն ուղղակի անհամեմատելի են։ Օրինակ՝ Փաշինյանն իր ձախողումները քողարկելու համար հայտարարում է, թե նախկին իշխանությունների ժամանակ է Արցախը դուրս մնացել բանակցություններից, հենց նրանք են բանակցել Արցախի 72 տոկոսը հանձնելու շուրջ և այլն։


Բայց, իրենց բոլոր ակնառու թերություններով հանդերձ, նախկին իշխանությունները, ինչ էլ որ բանակցել են, կարողացել են արդյունքում ամրացնել մեր պետականությունը և ապահովել Արցախի ամբողջականությունը, Արցախի ու Հայաստանի լիարժեք անվտանգությունը։ Ավելին, նրանց ժամանակ նույնիսկ որևէ խոսք չի գնացել Շուշիի ու Հադրութի մասին։ Եվ եթե անվտանգության գոտի համարվող տարածքներից էլ որոշ զիջումներ լինեին, ապա դրա փոխարեն պետք է քննարկվեր Արցախի կարգավիճակի հարցը՝ ընդհուպ մինչև ինքնորոշման իրավունքի լիատակար իրականացում։ Դրա հետ մեկտեղ, Փաշինյանը պարբերաբար նշում է, թե նախկիններն ընդամենը ժամանակ են շահել։ Կարողացել են, ժամանակ են շահել, ի վերջո, ընթացել են բանակցություններ, որտեղ միշտ էլ ադրբեջանական կողմը ավելի խեղճ դիրքերում է եղել:


Է, թող Փաշինյանը նույնպես ժամանակ շահեր, այլ ոչ թե ամեն ինչ տաներ բանակցային գործընթացի տապալմանը, որպեսզի Ադրբեջանը լեգիտիմացնի իր կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծումը։ Ու ընդհանրապես, ընդդիմությանը կապիտուլյանտ ու դավաճան անվանելով՝ Փաշինյանը չի կարող որևէ կերպ արդարացնել իր իշխանության տապալումները, քանի որ ոչ թե նախկինների, այլ անձամբ իր ստորագրությունն է դրված կապիտուլյացիոն փաստաթղթի տակ, անձամբ իր մեղքով են եղել հազարավոր զոհերը, անձամբ ինքն է կորցրել հայրենիքի զգալի մասը։ Ու կարծես թե հենց ինքն է պատրաստ առաջիկայում ստորագրություն դնել կապիտուլ յացիոն նոր փաստաթղթերի տակ։ Այնպես որ, գոռգոռալով ու մեղքը այլոց «գրպանը գցելու» փորձերով իրականությունից շատ հեռու չես փախչի...



Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր