Առողջապահության նախարարի գերթանկ մարզային այցելությունները կատարվում են ուղղաթիռով, իսկ շտապօգնության ծառայության վարորդներին վճարելու գումարներ չկան.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարզային իր գործուղումներն իրականացնում է ուղղաթիռով՝ Սանավիացիայով, բնականաբար՝ պետբյուջեի հաշվին: Այս մասին նախարարը խոստովանել է լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու մարզ՝ Սյունիք և Տավուշ նախարարի այցելությունները իրականացվել են Սանավիացիայի ուղղաթիռով, և այցելությունները մեր երկրի բյուջեի վրա արժեցել են տարբեր հաշվարկներով մոտ 2 մլն դրամ: Ուշագրավ է, որ նույն իշխանությունը շարունակ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին էր քննադատում, որ ուղղաթիռով էր աշխատանքի գնում-գալիս, մինչդեռ Վահե Հակոբյանի՝ ուղղաթիռով երթևեկելու ծախսերը հոգում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այլ ոչ թե պետությունը, այնինչ Անահիտ Ավանեսյանի մարզային այցելությունները իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:
Այս իրավիճակը հատկապես խոսուն է այն ֆոնին, երբ երեկ Շտապօգնության ծառայության վարորդները կորոնավարակի այս սուր իրավիճակում մի քանի ժամով գործադուլ էին հայտարարել և պահանջում էին աշխատավարձի բարձրացում, իսկ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, թե աշխատավարձի բարձրացման համար գումարներ չկան: Փաստորեն, Շտապօգնության ծառայության վարորդներին պատշաճ վճարելու գումարներ չկան, իսկ նախարարի «վոյաժների» համար «թռիչքային» գումարներ կան։
Հարկ է նշել, որ նախարարի մարզային այցելությունները բացարձակ հրատապություն չեն ունեցել, որովհետև նախարարը մասնագիտությամբ բժիշկ չէ և, հետևաբար, հրատապ որևէ տեղ հասնելու և կյանքեր փրկելու խնդիր չունի: Իրականում նախարարը չի ցանկացել Տավուշ կամ Սյունիք երկար ճանապարհ կտրել հասնել՝ գերադասելով իր տեղակալների հետ ուղղաթիռով երթևեկել, և ոչինչ, որ դա կլինի գերթանկ»։