Իշխան Զաքարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Իշխանությունները բռնաճնշումներով պարտադրում են «ճամբարափոխ» լինել

Իշխանությունները հատուկ բանագնացի միջոցով հասկացրել են, որ կամ պետք է դուրս գա ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, որի ցուցակով ընտրվել էր պատգամավոր, կամ էլ նրան կնստեցնեն։
Ընդ որում՝ հարցը դրվել է այնպես, որ նա չպետք է մանդատը վայր դնի ու այս ամիսներին պատգամավորական գործունեությամբ աչքի չընկած Իշխան Զաքարյանը պետք է մնա որպես լրացուցիչ «կոճակ սեղմող»՝ իշխանությունների համար քաղաքական նշանակություն ունեցող հարցերի քվեարկության համար։
Քրեական գործի հարուցման վերաբերյալ տեղեկությունը «Փաստինֆո»-ն փորձել է ճշտել նաև պաշտոնական աղբյուրներից, սակայն առաջարկել են դիմել գրավոր հարցմամբ։
Կայքի ոչ պաշտոնական տեղեկություններով՝ գործը հարուցվել է խախտումներով, քանզի այդ ընթացքում Զաքարյանն արդեն ունեցել է անձեռնմխելիության կարգավիճակ, իսկ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է անձեռնմխելիության հաղթահարում, որն այս դեպքում չի ապահովվել։
Գրեթե նույն մեխանիզմն է, ինչը գործեց նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի պարագայում, որին ևս իշխանությունները «վերբովկա» արեցին՝ քննվող քրեական գործերի միջոցով։