Հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում մեր շուրջբոլորը, որոնք էապես կարող են փոխել տարածաշրջանային իրավիճակը          Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մարդուն խոզի երկու երիկամ են փոխպատվաստել       Հակաբիոտիկները հարցի լուծում չեն.Բժիշկ Մյասնիկովն ասել է` ինչպես կարելի է տնային պայմաններում բուժել «Օմիկրոնը»    

19 նոյ 2021 13:15

Տավուշից ոչ մի բան չեն կարա տան, մի մարդու պես կանգնած ենք,մենք ոչ մի հրաման չենք կատարելու,մենակ պաշտպանվելու ենք

Տելեգրամյան ալիքները նախօրեին հայտնել էին Տավուշի հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության մասին։ Նշվում էր, որ մի քանի ժամ առաջ տղաներից տեղեկություն է ստացվել այդ ուղղությամբ հակառակորդի կողմից պարբերական կրակոցների մասին։ Նաեւ փոխհրաձգությունը պատկերող տեսագրություն էր հրապարակվել:

ՀՀ ՊՆ-ն այս առիթով երեկ վաղ առավոտյան տեղեկացրեց, որ նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ «Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Նոյեմբերի 18-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»։

Զարմանալի է, սակայն, որ Տավուշի սահմանապահ համայնքների ղեկավարներից եւ պատասխանատուներից ոչ մեկը, որոնց հետ երեկ հաջողվեց կապ հաստատել, չհաստատեց կրակոցների, առավել եւս՝ փոխհրաձգության փաստը։ Վազաշեն, Բերքաբեր, Կիրանց, եւս մի քանի համայնքների ղեկավարները, կտրուկ հերքելով փոխհրաձգության մասին տեղեկատվությունը, չցանկացան շարունակել զրույցը։

«Մեզ մոտ հանգիստ է, խի՞ պիտի կրակեին»,- զարմացավ Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը․ «Ո՛չ գիշերն է եղել, ո՛չ ցերեկը, ո՛չ նախորդ օրը։ Հանգիստ է»։

Բերքաբեր համայնքի ղեկավար Տիգրան Հարությունյանն էլ վստահեցրեց․ «Եթե կրակոցներ լինեին, թեկուզ ոչ մեր համայնքում, այլ տարածքում, հնարավոր չէ, որ չլսեինք այդ մասին։ Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը չեմ տեսել, բայց վստահեցնում եմ՝ մեզ մոտ արտառոց բան չկա։ Նորից եմ ասում՝ Բերքաբեր, Նոյեմբերյանի կողմեր, այս թեժ հատվածներում ոչ մի բան էլ չկա»։  

Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանն էլ ասաց, որ իրավիճակը հանդարտ է, սահմաններում՝ խաղաղ․ «Մեզ մոտ կրակոց չկա, ես սուտի ասեմ, որ կրակո՞ւմ են։ Ես էն դիրքում եմ, որ Բերքաբերը, Բաղանիսը, բանը․․․ եթե կրակոց լինի, կլսեմ։ Մեր դիրքն էնպիսին է, որ ես բոլոր տոչկեքը կարողանում եմ հսկեմ ու հիմա էլ ասում եմ՝ կրակոց չկա ու չի եղել»։ Հարցրինք` բայց ՊՆ-ն ինչո՞ւ պիտի ստի։ «Դե, երեւի սուտ են ասում, ի՞նչ ասեմ, ինձ հարյուր տեղից են զանգել, մեռնեմ ջանիդ, ես իրականությունը կեղծելու խնդիր չունեմ, ինչ կա, էն եմ ասում»,- ասաց Շահինյանը՝ վստահեցնելով, որ վերջին օրերին Տավուշում հանգիստ է եղել․ «Իմ դիրքն էնպիսին է, որ մի սուտի կրակոցն էլ լսվում է»։

Իսկ հնարավո՞ր է, որ միտումնավոր փորձում են լարված իրավիճակի տպավորություն ստեղծել, որպեսզի Տավուշից էլ մի կտոր տան ադրբեջանցիներին, ինչպես Սյունիքում, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանն այսօր (երեկ) կառավարության նիստում հայտարարեց, որ ստորագրելու է դեմարկացիայի ու դելիմիտացիայի փաստաթուղթը։ «Չեն կարա, ըստեղից ոչ մի բան չեն կարա տան, որ ուզենան էլ, չեն կարա։ Մենք չենք թողնի, չեն կարա գան ստեղ, մեր գյուղը մի մարդու պես կանգնած ա, չի թողնի, մենք ոչ մի հրաման չենք կատարելու, մենք մենակ պաշտպանվելու ենք։ Վերջ»։ Առարկեցինք` Սյունիքի համայնքապետերի պես, ձեզ էլ կփակեն բանտերում ու կտան։ «Ավելի լավ ա ստեղ փակեն, քան թե Բաքու փակեն, բա լավ չի՞․․․»։

Նշենք, որ Կիրանց համայնքը վարչատարածքային բաժանման մասին օրենքի վերջին փոփոխություններով միավորվեց Իջեւան խոշորացված համայնքին։ Համայնքապետն ասաց, որ աջակցել է ՔՊ թեկնածու Արթուր Ճաղարյանին․ «Մենք անհատ անձին ենք պաշտպանել, իհարկե»: Իսկ իշխանությա՞նը։ «Դե, մեր կառավարությունն է, էս է եղածը, բայց մենք մեր Ճաղարյանին ենք պաշտպանել»։

«Մեր երկրի տունն էդ է քանդում, որ «իմ ու քո» ենք անում, ՀՀԿ-ից ու կոմունիստից բռնած՝ լրիվ էլ նույն մարդիկն են, նույն իշխանությունը։ Եթե ամեն մեկս մեր գործը մեր տեղում ճիշտ կատարենք, էդ իջեւանցին (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին) անելիք չի ունենա»։

ՀԳ․ Մենք չենք բացառում նաեւ, որ համայնքապետերի լռությունը վերին օղակների կողմից է հրահանգվել․ նրանց գուցե զգուշացվել է՝ ավել-պակաս չխոսել լրատվամիջոցների հետ, հատկապես՝ սահմանային հարցերի շուրջ։ Մինչդեռ անցյալում համայնքապետերը միշտ շփվել են լրագրողների հետ եւ, որպես կանոն, ճշմարտությունը չեն թաքցրել:
hraparak.am

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր