Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

25 նոյ 2021 11:16

Վաղ թե ուշ, ցավոք, կանգնելու ենք կա՛մ թուրքական, կա՛մ ռուսական աշխարհի հետ մաս կազմելու ընտրության առաջ.սահմանների ճանաչումն իր մեջ բավականին վտանգներ է պարունակում

Ադրբեջանի կողմից վերջին գործողությունները սպասելի էին, որովհետև նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է պատերազմը՝ այս անգամ փորձելով վերցնել հայ-ադրբեջանական սահմանի բոլոր կարևորագույն բարձունքները:


«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի նկատմամբ կիրառվող ագրեսիային: «Խոսքն այն տարածքների մասին է, որոնք վիճարկելի են ըստ այն հիմնավորման, թե այդ տարածքների մի մասը ժամանակին Խորհրդային Ադրբեջանի մաս է եղել: Մինչդեռ Հայաստանի ղեկավարությունն ու փորձագիտական շրջանակները մոռանում են, որ Ադրբեջանը ոչ թե Խորհրդային Ադրբեջանի, այլ Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդն է: Վերջին շրջանի գործողությունները սպասելի էին նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մտադրությունների տեսանկյունից: Նրանք հայկական սահմանամերձ բնակավայրերի բնակիչների նկատմամբ բացահայտ բռնություններ, կյանքից ու այլ իրավունքներից զրկելու քաղաքականություն են վարում, նաև ճանապարհներ փակում: Այս ամենն ակնհայտ բացահայտում է թշնամու այն մտադրությունը, ըստ որի, ցանկանում են, որ մեր այդ բնակչությունը վախի, անհուսության և ՀՀ իշխանությունների ապաշնորհ կառավարման հետևանքով լքի բնակավայրերը»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Ադրբեջանի մյուս խնդիրը Թուրքիայի հետ ցամաքային կապ հաստատելն է:


«Իսկ կապող ճանապարհն անցնում է Սյունիքով: Ու որքան էլ «Զանգեզուրի միջանցք» կոչվածն ամրագրված չէ ո՛չ 2020 թ. նոյեմբերի 9-ի, ո՛չ 2021 թ. հունվարի 11-ի հայտնի հայտարարություններում, այնուամենայնիվ, Ադրբեջանի ԶՈւ գործողություններն ուղղակիորեն բացահայտում են այդ ծրագրերն իրականացնելու Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նպատակները: Մասնավորապես, նոյեմբերի 16-ին Իշխանասարի մոտ երկու կարևորագույն բարձունք վերցնելով՝ իրենք վերահսկողության տակ վերցրին ամբողջ Սյունիքը, ներառյալ Երևան-Սիսիան-Գորիս ավտոմայրուղին, որն այժմ խոցելի է: Բացի այդ, Ադրբեջանն ու Թուրքիան Իրանը Հայաստանին կապող ճանապարհահատվածի մի մասից մեզ կտրեցին, թեպետ եթե Գորիս-Կապան ճանապարահահատվածի մի մասը՝ 21 կմ-ն փակ է, փակ է նաև Իրանից Հայաստան ու Հայաստանով Վրաստան, ՌԴ երկկողմանի բեռնափոխադրումների հնարավորությունը: Իսկ շրջանցող ճանապարհը սկզբունքորեն չի կարողանալու բեռնափոխադրումների համար տրանսպորտային այնպիսի ինտենսիվ հոսք ապահովել, որը կար ժամանակին, այսինքն, երբ Գորիս-Կապան ավտոճանապարհն ինքնիշխան Հայաստանի վերահսկողության ներքո էր»,- ասաց նա՝ շեշտելով, որ առաջարկվող ճանապարհը բավականին անբարենպաստ է նաև ոչ բարվոք եղանակային պայմանների դեպքում:


Վերադառնալով Ադրբեջանի նպատակներին՝ նա հավելեց. «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը, ելնելով հաղթողի ուժերի դիրքերից, բանակցությունների սեղանի շուրջ փորձում է Հայաստանին նորանոր զիջումներ պարտադրել: Իսկ ՀՀ քաղաքական իշխանության՝ նշվածին ընդդիմանալու կեցվածքը զրոյական է: Ես տեսականորեն ու գործնականում չեմ բացառում, որ սպասվելիք բանակցությունների ընթացքում ՀՀ ազգային ու պետական շահերը պաշտպանելու է մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ն»: Նա նշեց, որ Ադրբեջանն արդեն սկզբունքորեն իրականացնում է սահմանազատման գործընթացը: «Որքան էլ Նիկոլ Փաշինյանը, իր մունետիկներն ու խոսափողներն ասեն, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները զատված են դեռ այն ժամանակներից, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ԱՊՀ, նաև ՄԱԿ-ի անդամ դարձան, միևնույնն է, երկու պետությունները չեն ճանաչել միմյանց սահմանները: Չկան նաև դիվանագիտական հարաբերություններ, ուստի ցանկացած տարածք վերցնելով՝ Ադրբեջանը կարող է ասել՝ «քանի դեռ սահմանների ճանաչում չկա, այն իմն է»:


Մինչդեռ սահմանների ճանաչումն իր մեջ բավականին վտանգներ է պարունակում, մասնավորապես՝ Հայաստանի հյուսիս-արևել յան կողմում սահմանագծման, սահմանազատման հնարավոր գործընթաց սկսվելու դեպքում: Խոսքը Տավուշի մարզի մասին է, ուր կան տարածքներ, որոնք Ադրբեջանը վիճարկում է ու հայտարարում, թե այդ տարածքներն իրենն են: Նիկոլ Փաշինյանը խորամանկության, ստի, մանիպուլյացիայի վարպետ է, միևնույն ժամանակ կրավորական, պարտվողական, ոչ խորագետ ու վախվորած բնատուր կեցվածք ունի:


Այս տեսանկյունից, եթե Ադրբեջանը ստիպի, չի բացառվում, որ նա համաձայնի նաև Տավուշի մարզի որոշ տարածքներ հանձնել: Սա կնշանակի, որ Հայաստանը հյուսիսից ևս կտրվում է, ու մեր հարևան Վրաստանի հետ ունեցած ավտոմայրուղին այլևս Ադրբեջանի ԶՈւ-երի վերահսկողության ներքո է լինելու: Ընդհանուր առմամբ, եթե Հայաստանը ճանապարհների առումով կտրվում է հարևան Իրանից ու Վրաստանից, ապա Հայաստան պետությունը կդառնա անկլավ թուրքական աշխարհի մեջ: Այդ դեպքում Հայաստանն անկլավային վիճակում է հայտնվելու, որի գործառույթը թուրքական բիզնեսի կապիտալի սպասարկումն է լինելու: Ի դեպ, Հայաստանում կան քաղաքական ուժեր, բիզնեսմեններ ու անհատներ, որոնք արդեն պատրաստակամություն են հայտնել սպասարկել այդ ծրագրերը: Ցավոք, այս ազդեցության գործակալների, մի մասի դեպքում էլ՝ գործակալ-կառավարիչների ձեռքով վերջնականապես փորձ է արվում ոչնչացնել մեր պետականությունն ու ինքնիշխանությունը: Մեր անվտանգությունն օր օրի վտանգվում է: Վաղ թե ուշ, ցավոք, կանգնելու ենք կա՛մ թուրքական, կա՛մ ռուսական աշխարհի հետ մաս կազմելու ընտրության առաջ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր