ԱՄՆ-ն ցանկանում է ամբողջությամբ գերիշխել իր կանոններով.Օլիմպիական խաղերի ԱՄՆ-ի բոյկոտը հանգեցնում է համաշխարհային սպորտային համակարգի փլուզման
Համաշխարհային սպորտային ասպարեզում գերիշխելու ԱՄՆ-ի փորձերը և Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտը հանգեցնում են կայացած սպորտային համակարգի փլուզմանը։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին «Соловьев Live» YouTube-յան ալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ԱՄՆ-ն ցանկանում է ամբողջությամբ գերիշխել իր կանոններով: Հետևաբար, սա այլևս միայն քաղաքականացում չէ, մենք այս մասին ավելի վաղ խոսել ենք: Այսօր, իմ կարծիքով, հարկավոր է խոսել համաշխարհային սպորտի փլուզման մասին, այդ թվում՝ հանուն Միացյալ Նահանգների շահերի, ինչը նրանք չեն թաքցնում և շուտով այդ մասին կխոսեն բաց տեքստով: Կանոնները վերաշարադրվում են՝ ելնելով նրանց գաղափարական նպատակներից»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի նախաձեռնած Օլիմպիական խաղերի բոյկոտը։
Դեկտեմբերի 6-ին Միացյալ Նահանգները հայտարարեց 2022 թվականին Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին, ինչը ենթադրում է, որ պաշտոնական անձինք Չինաստան չեն մեկնի։ Այնուհետև Օլիմպիական խաղերին դիվանագիտական բոյկոտ են հայտարարել Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և Կանադան: Նոր Զելանդիան ևս պաշտոնյաների չի ուղարկի Օլիմպիական խաղերին, սակայն դա պատճառաբանել է համավարակով։ Չինաստանը խաղերի դիվանագիտական բոյկոտի որոշումը որակել է որպես քաղաքական մանիպուլյացիա՝ խոստանալով հակաքայլեր ձեռնարկել։
Ձմեռային օլիմպիական խաղերը Պեկինում կանցկացվեն 2022 թվականի փետրվարի 4-22-ը, իսկ պարալիմպիկ խաղերը՝ մարտի 4-13-ը։