Թուրքիան վախեցած է.Եթե Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրին գա իշխանության, երանի ենք տալու Մակրոնին

«Եթե նա գա իշխանության, երանի ենք տալու Մակրոնին․ նման շեշտադրմամբ հրապարակման մեջ թուրքական «Superhaber TV» լրատվամիջոցն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող ծայրահեղ աջակողմյան ուժերի ներկայացուցիչ Էրիկ Զեմուրի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցին։
Հրապարակման մեջ նշվում է, որ Զեմուրն այդպիսով ցանկանում է շահել ֆրանսահայ ընտրողների համակրանքը։ Թուրքական լրատվությունը հեգնանքով է ներկայացրել Զեմուրի խոսքն այն մասին, որ Հայաստանը հնագույն քրիստոնեական հող է և եթե չլիներ քրիստոնեությունը, չէին լինի Եվրոպան և Ֆրանսիան։
«Մակրոնի մրցակիցն էլ «Թուրքիայի» թշնամի դուրս եկավ» վերնագրով մեկ այլ հրապարակման մեջ թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթն անդրադարձել է Մակրոնի ամենաուժեղ մրցակիցներից մեկը համարվող Վալերի Պեկրեսի հայտարարությանը, ըստ որի՝ իրենք ո՛չ ցանկանում են ԱՄՆ-ից կախված մնալ, ո՛չ էլ Թուրքիայի կողմից պատանդառված։
«Մինչ Ֆրանսիայում մոտենում է նախընտրական շրջանը, նախագահի թեկնածուները, որոնք իրենց ընտրողներին խոստանալու ոչինչ չեն գտնում, փորձում են իշխանության գալ Թուրքիայի դեմ թշնամություն դրսևորելու միջոցով»,-նշել է թուրքական թերթը։
Աղբյուր` Superhaber.tv, Yeniakit.com.tr