Տեսանյութ.Բանակցություններում ինձ գժի տեղ չեմ դրել,Արցախյան երրորդ պատերազմի մասին ողջ ճշմարտությունը դեռ դուրս է գալու ջրի երես

«Ամիսներ էլ անցան, տարի էլ, և մատը մատին չտալուց հետո, հիմա էլ ստորաբար հայտարարում են, թե դեռ պետք է պարզենք՝ այդ ի՞նչ հանգամանքներում են գերի ընկել, հնարավոր է՝ նրանք դասալիք են: Իսկ ինչո՞ւ սա չէին ասում մեկ տարի առաջ, ինչո՞ւ են իրենց անճարակությունը բարդում մեր զինվորների վրա: Բանակը քայքայելու, մինչև վերջ վարկաբեկելու սցենարի հերթական արա՞րն է:
Մեկ այլ կարևոր հարց, որ հուզում է հայ հասարակությանը, հետևյալն է` կար արդյոք դավաճանություն:
Այո՛, կար, քանզի դավաճանական աստիճանի տգետ էին, դավաճանական աստիճանի թեթևսոլիկ, դավաճանական աստիճանի կույր և խուլ, դավաճանական աստիճանի անհայրենիք ու ապազգային և միաժամանակ դավաճանական աստիճանի մեծամիտ ու հպարտ: Ես վստահ եմ, որ Արցախյան երրորդ պատերազմի մասին ողջ ճշմարտությունը դեռ դուրս է գալու ջրի երես, և պետական հանցագործները կրելու են իրենց հասանելի ամենաարժանի պատիժը: Միայն այդ դեպքում Եռաբլուրում, Հայաստանի և Արցախի բազմաթիվ բնակավայրերի մյուս գերեզմանատներում ննջող մեր զավակների, եղբայրների ու հայրերի վրեժը մասամբ հատուցված կլինի: Հայրենի հողում նրանց հավերժացնող շիրմաքարերի ծանրությունը մի փոքր կթեթևանա, իսկ նրանց կորուստը սգացողների արցունքներն այսքան դառնահամ չեն լինի», - հայտարարեց Սերժ Սարգսյանը։