Տոնոյանը սպառնում է խոսել. քաղաքագետը` նախկին նախարարի զգուշացնող ուղերձների մասին

«Տեսնելով, որ մինչև գործը դատարան ուղարկելը ներկուլիսային միջոցներով չկարողացավ լուծել այս խնդիրը, փաստորեն սպառնում է, որ եթե իր գործը չփոխվի, ապա ինքը կարող է հրապարակային ինչ-որ հայտարարություններով հանդես գալ, որը կարող է վնաս տալ այսօրվա իշխանությանը»,-ասաց նա։
Տոնոյանը շատ ուղիղ կերպով ակնարկում է, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում և որ բանակին և բանակի ղեկավարությանն ուզում են «քավության նոխազ» դարձնել, բայց դա, քաղաքագետի կարծիքով, չի նշանակում, որ պաշտպանության նախկին նախարարը մեր պարտության համար պատասխանատվություն չի կրում։
«Տոնոյանը` որպես պաշտպանության նախարար, իր բաժին պատասխանատվությունը կրում է, բայց իր ասածի իմաստը կայանում է նրանում, որ իրեն մեղադրանք են ներկայացնում ավելի մեծ մեղքի համար, քան ինքը կատարել է»,-նշեց Բոզոյանը։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով տարբեր լրատվամիջոցների ուղարկած հարցերին, նշել է, որ իր դեմ հարուցված քրեական գործով փորձ է արվում վարկաբեկել իր անձն ու պաշտպանական համակարգը։ Տոնոյանն ընդգծել է, որ իր պաշտոնավարման ընթացքում չի հիշում մի դեպք, որ քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես ՀՀ վարչապետը, երբևէ ակնարկած լինի «անորակ» զենք-զինամթերքի հետ կապված խնդիրների մասին։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։
Նախաքննությունը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Տոնոյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել էր նոյեմբերին։